Թուրքիայում «անիծում են» TikTok-ին և մտադիր են արգելել

Թուրքիայում «անիծում են» TikTok-ին և մտադիր են արգելել

Թուրքիայի խորհրդարանը նիստի հրավեր է ուղարկել TikTok-ի ներկայացուցչին, հնարավոր է, որ սոցցանցի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, այդ թվում՝ լիցենզիայի չեղարկում։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հանձնաժողովի Հուսեյն Յայման։

Սպասվում է, որ դեկտեմբերի 7-ին պատգամավորները հաշվետվություն կլսեն Մերձավոր Արևելքում և Թուրքիայում TikTok-ի ներկայացուցիչ Էմիր Գելենից:
«Մեզ համար անընդունելի է TikTok սոցիալական ցանցի վարքագիծը, որը չի համապատասխանում մեր ավանդույթներին, մշակույթին, սովորույթներին, կրոնին և սոցիալական նորմերին։ Ես դատապարտում և անիծում եմ դա։ 

Կոչ եմ անում դատական ​​իշխանություններին այս հարցում կատարել իրենց պարտականությունները։ Մենք կարծում ենք, որ այս սոցիալական ցանցը դինամիտ է գցում թուրքական ընտանեկան կառույցի հիմքում»,- պատգամավորի խոսքերն է մեջբերում Habertürk հեռուստաընկերությունը։

Յայմանը կարծում է, որ սոցցանցում տարածվում են անպարկեշտ հաղորդագրություններ և տարբեր վնասակար բովանդակություններ։

Sabah թերթին տված մեկնաբանությունում պատգամավորը չի բացառել սոցցանցի լիցենզիայի չեղարկումը։

Մերձավոր Արևելքում և Թուրքիայում TikTok-ի ներկայացուցիչը նշել է, որ սոցիալական ցանցը պատրաստ է բաց և թափանցիկ երկխոսության իշխանությունների հետ։