Ինչ կլինի, եթե Հայաստանի իշխանությունները վերջնականապես ազատվեն Արցախից

Ինչ կլինի, եթե Հայաստանի իշխանությունները վերջնականապես ազատվեն Արցախից

Մինչ Արցախը շարունակում է իր օրհասական գոյապայքարը, Հայաստանում իշխանությունների դիրիժորությամբ իշխանական եւ մերձիշխանական լրատվամիջոցներն ու մեդիա-քարոզչական ռեսուրսներն այնպիսի տպավորություն են ստեղծում, կարծես թե Արցախ չկա։ Ինֆորմացիոն այդ ֆոնին եթե անդրադառնանք, կթվա, թե Հայաստանը սովորական խաղաղ երկիր է, որն ապրում է իր ամենօրյա կյանքով, որտեղ փառատոններ են լինում, պատրաստվում են ինչ-որ համաշխարհային աստղերի բերել համերգների, ճանապարհներն ու մյուս ենթակառուցվածքներն են նորոգվում ու թարմացվում, մի խոսքով՝ կյանքն ընթանում է սովորական հունով, եւ միայն շաբաթական մեկ անգամ՝ կառավարության նիստի ժամանակ, հանրապետության վարչապետը խոսում է ինչ-որ «Լաչինի միջանցքի» մասին, որը փակ է արդեն կես տարուց ավելի։ Խոսում է ընդամենը մարդասիրական մղումներից դրդված, ասենք, ինչպես կարելի է խոսել Գաբոնում կամ Նիգերում տեղի ունեցած հեղաշրջումների մասին։

Եկեք, ուրեմն, մի պահ պատկերացնենք, թե ինչ կլինի, եթե Հայաստանի իշխանությունները վերջնականապես ազատվեն Արցախից։ Դե, 120 հազար հայերին հնարավոր է, որ բնակության տեղափոխեն Ռուսաստան կամ Հայաստան։ Հնարավոր է, որ հատուկ փախստականի կարգավիճակ տան՝ յուրօրինակ «Նանսենյան անձնագրով», որպեսզի արցախցիները, որպես աշխարհաքաղաքական հերթական դավադրության եւ Հայաստանի իշխանությունների անտարբերության զոհեր, ինչ-որ տեղ՝ աշխարհի մի անկյունում, բնակություն հաստատեն եւ նպաստ ստանան։

Այդ ժամանակ հայերի համար այնքան պաշտելի Արարատ սարի լուսանկարին ու անճաշակ գեղանկարներին, հավանաբար, կավելանան նաեւ Շուշիի Ամենափրկչի, Գանձասարի եւ Ամարասի վանքերի լուսանկարները, որոնցով կհամալրվեն հայի հավերժական կարոտի օբյեկտները եւ կացարանների պատերը։ Հայաստանի ղեկավարությունը, բնականաբար, ինչ-որ «մրցանակներ» կստանա։ Գուցե անգամ Նիկոլ Փաշինյանին՝ «խաղաղության դարաշրջանի» հանդեպ աներեր հավատարմության համար, Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհեն։ Հայաստանի համար էլ ինչ-ինչ տնտեսական «ծորակներ» կբացվեն՝ դրամաշնորհներ ու արտոնյալ վարկեր, որ մարդիկ լավ ապրեն եւ մոռանան Արցախն ու իրենց կորուստները։ Սակայն արդյոք այսքանով ամեն բան կսահմանափակվի՞։ Ռուսական զորակազմը թերեւս կշարունակի մնալ Հայաստանում։ Սակայն բոլոր հայերը պետք է հասկանան, որ շատ կարճ ժամանակում Հայաստանը տնտեսապես էքսպանսիայի կենթարկվի թուրք-ադրբեջանական կապիտալի կողմից։ Շարքային հայաստանցին թեեւ լավ կապրի ու դրանով գուցե ինչ-որ ժամանակ երջանիկ լինի, բայց կդառնա, օրինակ, թուրք կամ ադրբեջանցի կապիտալիստի աշխատողը, կախված կլինի թուրքական կապիտալից։ Երկիրն էլ կվերածվի «բանանային ռեսպուբլիկայի» կամ, ինչպես Միքայել Աջապահյանն է ասել՝ «Հայաստանը կդառնա Էրմենիստան»։ Իսկ թե ինչ կլինի մի հարյուր տարի հետո Հայաստանի հետ, անգամ սոսկալի է այդ մասին մտածելը։