Պատերազմ ընդդեմ խորհրդանիշների

Պատերազմ ընդդեմ խորհրդանիշների

Ենթադրենք, թե Նիկոլը տեսականորեն ճիշտ է, և մեր այսօրվա պետականության տարածքն ընկած է Արարատ ու Արագած սարերի միջև: Եվ ինքը, որպես ՀՀ վարչապետ, պարտավոր է առաջին հերթին մտահոգվել այդ տարածքի ու նրանում բնակվող ազգաբնակչության անվտանգության մասին: Այդպես մտածելով, մենք, բնականաբար, պետք է ընդունենք դչանից բխող՝ նիկոլական դիրքորոշումները: Ինչը նշանակում է հրաժարում Արցախից և նրա հետ կապված խնդիրներից: Իսկ դա, իր հերթին, նշանակում է նաև հրաժարում Հայաստանի ազգային և պետական շահերի սպասարկումից: Որովհետև հենց Արցախն էր պահպանում ՀՀ թիկունքը ու դեռևս որոշակիորեն շարունակում է կատարել իր այդ գործառույթը: Խաղաղասիրության անվան ներքո պարտվողական քաղաքականությամբ առաջնորդվելու դեպքում դա անխուսափելի է՝ գիտակցվի այն, թե ոչ: Դրա վկայությունն է թեկուզ այյն հանգամանքը, որ արևմտյան քաղաքական գործիչներն անընդհատ, ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում, նման քաղաքականությունը բնորոշում են որպես անընդունելի: Բայց, նույն այդ գործիչների տեսակետով, Ուկրաինայի համար բացարձակ ոչ ընդունելի երևույթը միակ հնարավոր տարբերակն է Հայաստանի առումով:

Եվ այդ տարընթերցման առանցքային պատճառն այն չէ, որ Ուկրաինան ավելի ժողովրդավարական երկիր է, քան Հայաստանը: Կարծում եմ, որ այդ առումով երկուսն էլ բանի պետք չեն: Սակայն Ուկրաինան պատերազմում է Ռուսաստանի դեմ, որը ձեռնոց է նետել Միացյալ Նահանգների գերակայությանն աշխարհում: Իսկ Ադրբեջանը Եվրոպայի հուսալի գործընկեր լինելուց բացի պատերազմում է ընդդեմ մի երկրի, որը չի ցանկանում դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց: Այդ առումով հիանալի «ցուցադրական նյութ» է դարձել այն, ինչ կատարվում է մեր հարևան Վրաստանի հետ: Վերջինս անընդհատ խնդիրներ է ունենում Եվրոպական Միություն մուտք գործելու առումով, քանի որ չի մասնակցում ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներին: Իսկ Մոսկվայի ու Թբիլիսիի միջև օդային հաղորդակցության վերսկսման վերաբերյալ ռուսական որոշումը կարմիր լաթի դեր է կատարել վրաց-եվրոպական փոխհարաբերություններում: Ի դեպ, չգիտեմ թե որքանով է ճշմարիտ, սակայն ՌԴ Պետդումայի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ ՌԴ նախագահի այդ որոշումը կատարվել է վրացական իշխանության խնդրանքով: Եթե դա, իրոք, այդպես է, ապա Վրաստանի ղեկավարությունն ավելի պետական մտածողություն է ցուցաբերում, քան բազմաթիվ եվրոպական երկրների իշխանությունները:

Վերադառանք մեր տնաբույծ ոչխարներին: Ժամանակին Շուշին «վերածվեց» դժգույն ու ժբախտ քաղաքի՝ երբ այն խիստ անհասկանալի, մեղմ ասած, պայմաններում հանձնվեց թշնամուն: Այն քաղաքը, որ 19-րդ դարավերջում ու 20-րդ դարասկզբում դարձել էր տարածաշրջանային հայկական մշակութային երկրորդ կենտրոնը Թիֆլիսից հետո: Դա հորով-մորով անելուց հետո  Նիկոլի կողմից նախաձեռնվում է հոգևոր առումով Օվերտոնի պատուհանի գործընթաց հայկական երկրորդ ազգային խորհրդանիշ Արարատ լեռան առնչությամբ: Կարծում եմ Արարատը մոռացության մատնելու նիկոլական գաղափարը ծնունդ է առել «Նեմեսիսի» հուշակոթողի դեմ թուրքական արշավանքի ազդեցությամբ: Եթե Թուրքիայի հետ բարիդրացիություն հաստատելու նախնական գինն այդ հուշակոթողի ապամոնտաժումն է, ապա երկրորդը կարող է լինել Արարատ լեռան պատկերի դուրս գցումը ՀՀ գերբից: Իսկ հետագայում գալու է եթե ոչ Ծիծեռնակաբերդի ապամոնտաժման, ապա այն վստահաբար ընդհանրապես ցեղասպանության (հայկական, հրեական, կամբոջական և այլն) զոհերի հիշատակի վայր դարձնելու ժամանակը: Եթե, իհարկե, հայաստանցիները լինեն այնքան անինքնասեր և զուրկ հայրենասիրությունից, որ դեռևս շարունակեն վարչապետի պաշտոնին հանդուրժել Փաշինյան Նիկոլին: Եվ թույլ տան նրան ավարտին հասցնելու իրենց մանկուրտի վերածելու ազգադավ գործը: Ինչով և ավարտին կհասցվի ընդդեմ խորդանիշների «նիկոլիզմի» պատերազմը: Կամ ավելի ճիշտ՝ հաղթարշավը:

Հ. Գ. Ի դեպ, «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանից իսրայելցի երգչուհուն 12 միավոր փոխանցելը ևս նույն երևույթի դրսևորումն է: