Նիկոլ կա եւ այն էլ՝ երկու հատ

Նիկոլ կա եւ այն էլ՝ երկու հատ

Նիկոլ Փաշինյանը հասավ այն գծին, որից անդին նրա քաղաքական ուժի ներկայացուցիչներն ու նրանց կապակցված անձինք զենքով են հարց լուծում՝ լինի դա Երեւանի փողոցներում (Ամիրյան), միջհամայնքային ճանապարհներին (Ապարան-Նիգավան), թե այլուր: Որքան էլ տարակուսելի է, բայց սա բնականոն ընթացք է: Երբ ոստիկաններն ու մյուս ուժայիններն այլեւս ի զորու չեն պահել բռնապետությունը, բռնապետին օգնության են հասնում սեփական թիմի, այսպես կոչված, զինյալները, որոնք չունեն համազգեստ, բայց զենքին տիրապետում են ոչ պակաս, քան որեւէ արհեստավարժ Ռեմբո:

Ի՞նչ է հետեւում այս ամենից: Փաշինյանի պարագայում սա պատերազմ է, որ հայտարարվել է հենց Փաշինյանին: Կարծում եմ՝ հայտարարողն էլ ինքն է: Սա պատերազմ է՝ հայտարարված այն Փաշինյանին, որը մի ժամանակ հայտարարում էր, որ քանի ինքը կլինի ՀՀ վարչապետ, Հայաստանում զենքով հարցեր չեն լուծվելու: Այսօր զենքով հարց լուծելը դարձել է առօրյա զբաղմունք կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ այս պահի Փաշինյանի այս պահի օրակարգի բաղկացուցիչ մաս: Թվում էր՝ Փաշինյանը հունիսի 19-ի ուշ երեկոյան պետք է արդեն հրաժարական տված լիներ: ՔՊ-շնիկ պատգամավորի ու փոխմարզպետի բարեկամները զենքի գործադրմամբ հարց էին լուծել: Բայց՝ ոչ. Փաշինյանը լռեց, ՔՊ-շնիկ պատգամավորը հերքեց ամեն ինչ, իսկ ոստիկանությունը, ինչպեսեւ սպասվում էր, ստանձնեց մարդասպանների փաստաբանությունը:

Շղթան փակվում է այստեղ՝ այս պատերազմն ունի երկու կողմ՝ Փաշինյանը եւ Փաշինյանը: Ընդդիմադիր հայացքներով ապարանցիները, կարելի է ասել, շատ քիչ կապ ունեին ներփաշինյանական հակամարտության հետ: Եվ, առհասարակ, ընդդիմությունը, ներառյալ նաեւ ընդդիմադիր տրամադրություններով համակված ողջ հանրությունը, շատ քիչ կապ ունի Փաշինյանի այս երկվության հետ: Փաշինյանի կռիվն ինքն իր հետ է, իր պաշտոնը պահելու եւ միեւնույն ժամանակ ռեյտինգը չկորցնելու համար է:

Ընդդիմությունը քանիցս հայտարարել է, որ Փաշինյանին հեռացնելու է անարյուն, ստիպելու է, որ Փաշինյանը հեռանա խելամիտ ժամկետում եւ առանց ցնցումների: Փաշինյաններից մեկի համար սա անընդունելի է, իսկ մյուսի համար, գուցե, երկիրը փրկելու միակ ճանապարհ: Եվ ահա, երկու Փաշինյան կռվում են իրար հետ, իսկ մեջտեղում միանգամայն անմեղ մարդիկ են զոհվում: Վստահ եմ, որ հանրահավաքների ժամանակ ընդդիմադիր գործիչներին բազմաթիվ մարդիկ են մոտենում եւ կարծիք հայտնում, որ Փաշինյանի նմանն անարյուն չի գնալու: Ուրիշ բաներ մտածեք՝ խորհուրդ են տալիս նրանք: Հավանաբար, դա է պատճառը, որ հարթակից մի քանի անգամ հայտարարվեց, որ ոչ՝ Փաշինյանին անարյուն ենք հեռացնելու, իսկ եթե հանկարծ արյուն լինի, ապա ողջ պատասխանատվությունը կմնա Փաշինյանի վրա: Հարց է առաջանում՝ ո՞ր Փաշինյանի:

Ա՞յն, որ պատերազմից առաջ էր, թե՞ այն, որ պատերազմից հետո է: Բնականաբար, խոսքը պատերազմից հետոյի մասին է, բայց չէ՞ որ պատերազմից առաջ եղած Փաշինյանն է ծնել պատերազմից հետո հայտնված Փաշինյանին: Մարդիկ հո հենց այնպես չե՞ն ասում, որ Նիկոլը եկավ հատուկ նպատակով, որ Արցախը հանձնի ու քանդի երկիրը: Այսինքն, մինչեւ պատերազմն էլ Փաշինյանը մի բան չի եղել, բայցեւայնպես փաստ է, որ մինչեւ պատերազմն այսպիսի բաներ տեղի չէին ունենում, չէին վանկարկում՝ Նի-կոլ, դավաճան: Փաշինյանը, փաստորեն, տրանսֆորմացիա է ապրել՝ թավիշից մինչեւ դավաճան: Սիրող եւ հանդուրժող ձեւացող Նիկոլը վերածվել է դավաճան Նիկոլի եւ չի հաշտվում այդ մտքի հետ: Հենց սա է նրանց միջեւ սկսված պատերազմի բուն պատճառը:

Գաղտնիք չէ, որ այդ պատերազմում Նիկոլ դավաճանին օգնում են մեր թշնամիները եւ ամեն ինչ անում են, որպեսզի «սերն ու հանդուրժողականությունը» չվերադառնան Հայաստան: Օգնում են ամեն ինչով՝ դուխ են տալիս Նիկոլ դավաճանին, խոստումներ՝ որ նրան կպահեն իշխանության, էս փողը վերցրու, եւ քո մարդիկ թող նույնիսկ կրակեն՝ մենք տեր ենք, էս փողն էլ «վեկալ», ոստիկանությանը պարգեւավճարների մեջ լողացրու, ձեւը դա է, դու պիտի մաքուր դուրս գաս այս ամենի միջից: Պատերազմից առաջվա Նիկոլը տեսնում է դա, զգում է, որ վատ բան է տեղի ունենում, ուզում է արգելել, բայց… Պատերազմից հետոյի Նիկոլն այլեւս անցել է ռուբիկոնը, ոտքի է հանել իր զինված բանդաներին, ոստիկանությանը տվել համապատասխան հրահանգներ, ԱԱԾ-ին ու մյուս ուժայիններին՝ նույնպես: Պետք լինի՝ պատերազմից առաջ եղած Նիկոլին այնպես կոչնչացնի, որ նրանից մի փոքրիկ եւ խոնավ հետք կմնա ասֆալտին: Բայց մեր խնդիրը, որքանով ես եմ հասկանում, երկու Նիկոլների պատերազմին հետեւելը չէ, այլ Նիկոլ երեւույթից ընդհանրապես ձերբազատվելը: Մենք պետք է հասկանանք, թե ինչ կմնա Հայաստանից՝ Նիկոլների միջեւ վճռական ճակատամարտից հետո: Ընդդիմությունը հայտարարում է՝ Նիկոլ չկա: Դա այդպես է ընդդիմության եւ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հանրության համար, բայց իրականում Նիկոլ կա եւ այն էլ՝ երկու հատ, եւ նրանցից մեկը բոլորովին էլ տրամադրված չէ խաղաղ հեռանալու: Եթե նա արդեն կենցաղային հողի վրա է կրակում, պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր կանի քաղաքական հողի վրա: Ես չգիտեմ, թե ընդդիմությունը երբ կհամոզվի դրանում, բայց ցանկալի է, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ, իսկ Նիկոլների վերջաբանը՝ հնարավորինս առանց թամաշայի: