Հասցեագրենք գործող իշխանության հարցը

Հասցեագրենք գործող իշխանության հարցը

Ժամանակին ՌԴ ղեկավարությունն առաջարկում էր սահմանագծման եւ սահմանազատման նպատակով օգտագործել իրենց ԶՈՒ ԳՇ-ի տնօրինած՝ նախորդ դարի 70-ականների քարտեզները: Դրան համաձայն էր հայկական կողմը, իսկ Իլհամը պահանջում էր հենվել 100-ամյա հնության ադրբեջանական ծավալապաշտական ամբիցիաների ոգով գծված քարտեզների վրա: Բայց դրանք ընդունելի չեն եղել ոչ միայն հայկական կողմի, այլեւ այն ժամանակվա Ազգերի լիգայի համար: Սահմանների հստակեցված չլինելու պատճառով էլ ո՛չ մեզ եւ ո՛չ էլ կովկասյան թաթարներին (այդպես էին կոչվում ադրբեջանցիները 100 տարի առաջ) այն ժամանակ չընդունեցին լիգայի կազմում: Չնայած ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը դիմել էին այդ հարցով:

Փոխանակ ռուսական կողմի առաջարկը զենք սարքելով պայքարեր ալիեւյան հրաժարումի դեմ, թումանյանական հակահերոսի («Անխելք մարդը») նման ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը որոշեց բախտ փնտրել Արեւմուտքում: Արդյունքում թշնամացավ Պուտինի հետ, Ռուսաստանին էլ թշնամացրեց Հայաստանի հետ: Իսկ Իլհամը, որսալով հարմար պահը, ուղղակի քցեց Արեւմուտքին ու շրջվեց Ռուսաստանի կողմը, ինչի արդյունքում այսօր կարող է հանգիստ հայտարարել, որ ռուսական քարտեզներն իր համար ընդունելի չեն: Ռուսներն էլ դժվար թե ստիպեն նրան հրաժարվել այդ պնդումից: Իսկ եթե չկան երկկողմանի ընդունելի քարտեզներ, ապա նշանակում է, որ սահմանները դեռ երկար ժամանակ գծված չեն լինի: Ինչը, իր հերթին, նշանակում է, որ վաղը կամ մյուս օրն ադրբեջանական զինուժը կարող է կրկին թափանցել ՀՀ տարածք ու ամրանալ այնտեղ: Հատկապես որ, ըստ «Հրապարակ»-ի, դեպի դիրքապահ զինվորներ տանող մեր ճանապարհները ձյան պատճառով փակվել են: Թշնամու համար էլ դժվարություն չի ներկայացնելու գերեվարել այնտեղ գտնվողներին: Եթե, իհարկե, հարմար միջազգային պայմաններ ստեղծվեն ագրեսիայի համար:    

Բայց սահմանի չհստակեցված լինելը չի խանգարել, որ ադրբեջանցիները ձերբակալեն, օրինակ, Չեխիայի քաղաքացուն, որը, իրենց ասելով, անօրինականորեն հատել էր ադրբեջանական սահմանը: Ենթադրում եմ, որ չեխը կարող էր լինել եվրոպական դիտորդական խմբի կազմից, որ ինչ-որ պատճառով առանձնացել էր յուրայիններից: Իսկ եվրոպացիներն էլ, ինչպես երեւում է, հանուն ինչ-որ չեխի չեն ցանկանում փչացնել իրենց հարաբերությունները հուսալի գործընկերոջ հետ: Ի դեպ, նույն տրամաբանությամբ, սահմանների չհստակեցված լինելը ժամանակին չէր խանգարել, որպեսզի Իլհամը Նիկոլից պահանջեր ու ստանար միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածը:
Մի երկու խոսք էլ Իլհամի վերընտրության մասին: 2018 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին վերջինս փոխել էր իր երկրի Սահմանադրությունը՝ նախագահի կառավարման շրջանը 5-ից դարձնելով 7 տարի: Հերթական շրջանն ավարտվելու էր 2025 թվականի ապրիլին, սակայն որոշեց դրանից 2 տարի առաջ կազմակերպել արտահերթ ընտրություններ: Ասվեց, թե 44-օրյա պատերազմի հաղթանակից հետո ցանկանում էր նոր դարաշրջան բացել Ադրբեջանի պատմության մեջ ու չկարողացավ սպասել ժամկետի լրանալուն:  

Ռուս փորձագետներից մեկն օրերս այլ կարծիք հնչեցրեց, ինչը բավական համոզիչ է թվում: Քանի որ Իլհամն ամեն Աստծո օր քնում եւ արթնանում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը վերցնելու մտքով, ապա արտահերթ ընտրության անցկացումը նպատակամղված էր դրան: Հերթական նախագահական ընտրության մնացած ժամկետում ինքը չէր համարձակվում հարձակվել Սյունիքի վրա: Որովհետեւ այդ պատերազմը, ի տարբերություն նախորդի, կարող էր ձգձգվել ու տեւել շատ ավելի երկար: Այդ պատճառով ու նաեւ անհաջողության դեպքում ինքը չէր կարողանալու հեշտությամբ վերընտրվել նախագահի պաշտոնում: Իսկ այս ընտրության կանխատեսելի հաղթանակը նրան տվեց յոթնամյա կառավարման շրջան: Ինչը նշանակում է, որ ինքը կունենա բավարար ժամանակ՝ ռազմական ճանապարհով լուծելու միջանցքի հարցը, եթե գնա դրան:

Այսինքն, բավական համոզիչ ենթադրություն է՝ հաշվի առնելով Իլհամի ցանկությունը, Նիկոլի վարքագիծը, մեր դիրքերի ու դիրքապահ զինվորների վիճակն ու մեր ժողովրդի այսօրվա պարտվողական հոգեբանությունը: Մնում է, որ այլմոլորակայինները խառնվեն գործընթացին ու չթույլատրեն թշնամուն՝ իրագործելու իր պլանները: Կամ էլ մենք, ի վերջո, հասցեագրենք ՀՀ գործող իշխանության հարցը կամ, ավելի պարզ՝ պաշտոնից հեռացնենք դրան կառչած անձին: Իսկ դրանից հետո պատրաստվենք այդ սպառնալիքը չեզոքացնելուն՝ հույսը մեզ վրա եւ ոչ թե Արեւմուտքի կամ այլմոլորակայինների վրա դնելով: