Կդրվի Արցախի գոյության վերջին քարը

Կդրվի Արցախի գոյության վերջին քարը

Ո՞րն է լինելու Նիկոլ Փաշինյանի հաջորդ քայլը։ Հայաստանի պետական կառույցները կազմալուծելու մեծ փորձ ունեցող ղեկավարից պահանջվում է ընդամենը մի քանի տրյուկով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից ազատվել։ Առաջին հայացքից ընդունելի տարբերակ է․ Արայիկ Հարությունյանը առ այսօր պարել է նրա դուդուկի տակ և պատասխանատու է Արցախի հանձնման գործում։ Առանց փակագծերը բացելու ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ լավ գիտի, որ Արայիկից ազատվելը այնքան էլ բարդ խնդիր չէ, որովհետև Արայիկ Հարությունյանին և իրեն նույնացնում ու նույն հարթակի վրա են դնում մարդիկ։ Նրանից ազատվելն առանձնակի մեծ դիմադրության չի հանդիպի։ Ու նա սկսել է այդ գործընթացը։ Տեսանելի մասն այն է, որ Արցախի ինքնաբուխ հանրահավաքները սակավանարդ են լինում։ Նիկոլն արդեն ականներ է տեղադրել այդտեղ, որոնք լուրջ աշխատանքներ են տանում։  Արայիկը այն ղեկավարը չէ, որ արցախցին բռունցք դառնա և նրան պաշտպանի։ Փաշինյանը սա շատ լավ է հասկանում ու արագացված տեմպերով Արցախի նախագահից ազատվել է ուզում։ Բայց այստեղ մեծ վտանգ կա։

Նիկոլ Փաշինյանը ոչ թե Արայիկ Հարությունյանից է ուզում ազատվել, այլ Արցախի պետականության լուրջ կառույցից։ Որ Արցախի ժողովուրդն առանց նախագահ թափառախումբ դառնա ու ոչ մի միջազգային կառույցի պետական մակարդակով մի գրություն անգամ չկարողանա ուղարկել։ Նիկոլ Փաշինյանը Արցախի  նախագահական ինստիտուտի դեմ է պայքարում, որը, ցավոք, ներկայացնում է իր իսկ նշանակած ու իր կողմից արատավորված Արայիկ Հարությունյանը։ 

Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Արցախը կանգնեցրել է անդնդի եզրին։ Այդքանով հանդերձ, Արցախի ժողովուրդը պետք է կարողանա պահել նախագահական ինստիտուտը՝ հանձինս Արցախի նախագահի, այլապես Արցախը որպես միավոր կվերանա։ Մնում է հուսալ, որ Արայիկ Հարությունյանը՝ Նիկոլի ճնշումներին ենթարկվելով , հրաժարական չի տա՝ գիտակցելով, որ դրանով կդրվի Արցախի գոյության  վերջին քարը