ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ․ կոշտ մեղադրանքներ՝ ՌԴ-ի հասցեին

ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ․ կոշտ մեղադրանքներ՝ ՌԴ-ի հասցեին

Երեկ՝ հուլիսի 21-ին, Նյու Յորքում կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որտեղ քննարկվել են Սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունից Ռուսաստանի դուրս գալու գլոբալ հետեւանքները։

Ինչպես գրում է «Ամերիկայի Ձայն»-ը, միջազգային հանրությունը չափազանց բացասական է գնահատում Ռուսաստանի այս որոշումը։

«Սննդամթերքի գները աճում են ամբողջ աշխարհում՝ սրելով արդեն գոյություն ունեցող գյուղատնտեսական, պարենային և էներգետիկ ճգնաժամերը, որոնք առաջին հերթին ազդում են բնակչության առավել խոցելի խմբերի վրա», - իր ելույթում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Ռոզմարի Դիկարլոն:

Նրա խոսքով, հիշյալ որոշման ընդունումից հետո Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել ուկրաինական հացահատիկի պաշարները․

«Մենք ականատես եղանք ևս մեկ հարվածի համաշխարհային պարենային անվտանգությանը. չորս օր անընդմեջ Ռուսաստանը հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվում է Օդեսայի, Նիկոլաևի և Չեռնոմորսկի նավահանգիստների վրա՝ ոչնչացնելով նավահանգստի կարևոր ենթակառուցվածքները և հացահատիկի պաշարները։ Այդ հարձակումների հետևանքով նաև խաղաղ բնակիչներ են զոհվել»։

«Ամերիկայի Ձայն»-ի լրագրողը գրում է, որ ՌԴ-ն Անվտանգության խորհրդի նիստին հրավիրել է փորձագետ Միխայիլ Խազինին։ Իր ելույթում նա ասել է, որ Ռուսաստանին թյուրիմացաբար և անհիմն կերպով մեղադրում են անմարդկայնության մեջ, ինչպես նաև այն հարցում, թե Մոսկվայի որոշումը կարող է զարգացող երկրներում սովի հանգեցնել։ Ըստ փորձագետի, հացահատիկի Սևծովյան նախաձեռնությունը չի ազդել համաշխարհային շուկաներում պարենային ապրանքների գների վրա, քանի որ այն ոչ թե մարդասիրական, այլ կոմերցիոն գործարք էր։ Խազինի բնորոշմամբ, ուկրաինական հացահատիկի մեծ մասը չի հասել զարգացող երկրներ: պարենային իրավիճակի վրա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը մեջբերել է փաստեր, որոնք հակասում են Խազինի հայտարարություններին․

«Հացահատիկի համաշխարհային գներն աճել են՝ սպառնալով կասեցնել անցյալ տարվա ընթացքում այս ոլորտում ձեռք բերված առաջընթացը, երբ շուկաները կայունացել էին։ Այժմ, ցորենի և եգիպտացորենի ֆյուչերսներն աճել են համապատասխանաբար գրեթե 9%-ով և 8%-ով։ Չորեքշաբթի՝ հուլիսի 19-ին, գրանցվել է ցորենի գների ամենազգալի աճը՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։ Աշխարհի բնակչության մեծ մասը կախված է նրանից, որ սննդի հիմնական այս ապրանքները հասանելի լինեն, մինչդեռ այժմ դա վտանգի տակ է»:

Ֆրանսիայի և Ալբանիայի ներկայացուցիչներն իրենց ելույթներում ենթադրել են, որ Ռուսաստանը դուրս է եկել գործարքից ոչ թե այն պատճառով, որ դժգոհ է դրա իրականացման ձևից, այլ սեփական հարստացման համար։ Նրանց կարծիքով, փաստն այն է, որ Ուկրաինան Ռուսաստանին մրցակից էր հացահատիկի արտահանման ոլորտում։ 

Կանխելով ուկրաինական սննդամթերքի արտահանումը Սև ծովով, Ռուսաստանը կգերիշխի շուկայում, պարենային ապրանքների գները կբարձրանան, Ռուսաստանը կկարողանա թելադրել չափազանց բարենպաստ պայմաններ հացահատիկի և պարարտանյութերի վաճառքի համար և շանտաժի ենթարկել համաշխարհային հանրությանը, ըստ ալբանացի ներկայացուցչի, «ինչպես դա արեց իր նավթի և գազի դեպքում»:

Բանախոսները նշել են, որ հացահատիկի գործարքի շրջանակներում անցյալ տարի Սև ծովով արտահանվել է 33 միլիոն տոննա հացահատիկ, կեսից ավելին՝ ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներ: Այդ համատեքստում, նրանք նշել են, որ դեպի Լիբանան հացահատիկի արտահանման ընդհանուր ծավալում ուկրաինացիների մասնաբաժինը կազմել է 75%, Պակիստանում՝ 55%, Եթովպիայում և Լիբիայում՝ 49%։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ընդգծել է, որ «ԱՄՆ-ն տեղեկություններ ունի, որ ռուսական զինված ուժերը կարող են ընդլայնել իրենց հարվածները Սև ծովում ուկրաինական հացահատիկի պահեստների և քաղաքացիական բեռնատար նավերի վրա»։ 

«Մենք նաև տեղեկություններ ունենք, որ Ռուսաստանը լրացուցիչ ռազմածովային ականներ է տեղադրել ուկրաինական նավահանգիստների ճանապարհին։ Մենք կարծում ենք, որ դրանք համակարգված փորձեր են՝ արդարացնելու հարձակումները Սև ծովում ցանկացած քաղաքացիական նավի վրա և մեղադրելու Ուկրաինային»,-նշել է ամերիկացի դիվանագետը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի բանախոսներից ոմանք նշել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «պատրաստ է սովի մատնել աշխարհին»՝ հանուն իր շահերի ու հավակնությունների։