SOS համաշխարհային կապի ազդանշան տվեք կամ հրաժարական

SOS համաշխարհային կապի ազդանշան տվեք կամ հրաժարական

Նիկոլ Փաշինյանի ֆլեշմոբի կազմակերպման իմաստը մեկն է՝ մեղավորը ժողովուրդն է, նայեք, իմացեք, թե ինչ անպատասխանատու են։  Նայում ու տեսնում ենք, որ շատերը խախտում են, չեն ենթարկվում հրամաններին՝ լավ չէ, հակահիգիենիկ է, սխալ է, ընդունում եմ։ Բայց մեղադրվող մարդուն խոսք ասելու, պաշտպանվելու իրավունք է տրվում։ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում  տեսանյութ կամ լուսանկար տեղադրելու կոճակը հանված է։ Քաղաքացին չի կարող ինքն էլ տեսանյութ կամ նկար  տեղադրել ու ասել՝ պարոն Փաշինյան, ահա սրանք էլ ձեր ու ձեր ընտանիքի նկարները, որտեղ դուք համավարակի մոլեգնող պայմաններում հանրային հավաքներ էիք անցկացնում, շրջաններ էիք գնում, հանրաքվե էիք կազմակերպում․․․ ո՞ր մեկն ասեմ։ Երեկ հարյուրավոր նման տիպի լուսանկարներ էի առանձնացրել՝ ձեր էջում տեղադրելու համար, բայց դուք ՀՀ քաղաքացուն զրկել եք նաև ձեզ պատասխանելու իրավունքից։ Սա ինչու՞ եմ ասում։ Ձեր ու ժողովրդի պատասխանատվությունը նույնը չէ, դուք վարչապետ եք, մենք շարքային քաղաքացի։ Դուք հրամանատար եք , մենք զինվոր։ Պատերազմի սկզբում, երբ դեռ թշնամին մեր սահմանների շուրջն էր պտտվում, դուք չէիք ամրացնում սահմանները, ընդհակառակը՝ ասում էիք՝ կորոնավիրուսը ու՞մ շունն է․․․ Պատերազմ էր, բայց դուք սահմանների ամրապնդմամբ զբաղվելու փոխարեն սեփական դիրքերի ամրապնդմամբ էիք զբաղված։ Մեծ հանրահավաքներ էիք անում ու անտեսում, որ թշնամին արդեն մեր հողում է։

Դուք հրամանատար էիք, պատերազմի սկզբում հրաման պիտի տայիք՝ բոլորս ի զեն․․․ Չարեցիք դա, զորքը ցրվեց։ Հիմա այդ ցրված զորքի, զինվորների նկարներն եք հրապարակում։ Որ ի՞նչ․․․ Զորքը երբ ձեր շուրջն էր, դուք հրաման չտվիք, ուշացած հրամանը բազում  կյանքեր արժեցան ու դեռ ինչքա՜ն կարժենան, Աստված գիտի։  Թշնամին վայրագաբար խուժել է մեր տարածք ու կյանքեր է խլում, դուք ժողովրդին, ժողովուրդը ձեզ մեղադրելով, ոչինչ չի փոխվի՜․․․Կատարվել է անշրջելին, անուղղելին։ Դուք պետք է ընդունեք, որ տանուլ եք տվել պատերազմը և հարկավոր է շրջադարձ։ Ժողովրդին անվնաս կամ գոնե քիչ վնասներով դուրս բերել փրկության միջանցք։ Դուք դա անել չեք կարող, ձեր գործելակերպն եմ հիմք ընդունում։ Համազգային SOS  հայտարարեք ու հնարավորություն տվեք , որ բոլոր կարող ուժերը համախմբվեն ու երկիրը դուրս բերեն այս ճգնաժամից։ Ասվում է, որ առաջին անգամ SOS ազդանշանը արձակվել է Տիտանիկի խորտակման ժամանակ, 1912 թվականի ապրիլի 15-ին, ժամը՝ 00։45։ SOS ռուսերեն տարբերակը նշանակում է՝ փրկեք մահից։ SOS համազգային ու  համաշխարհային կապի ազդանշան տվեք կամ հրաժարական տվեք։ Աղետի մեջ է Հայաստանը։ Ձեր թիմը ի վիճակի չէ շտկելու այս իրավիճակը։ Դուք հերթով շարքով կհայտարարեք , որ վարակվել եք կորոնավիրուսով ու դուրս կգաք արյունոտ պատերազմի դաշտից։  SOS ազդանշանը օգտագործվել է «Կենտուկի» շոգենավի խորտակման ժամանակ, երբ շոգենավի վրա մեծ ալիք է բարձրացել, շոգենավի անձնակազմը SOS ազդանշան է արձակել և բարեբախտաբար փրկվել։