Այսօր Ծաղկազարդ է

Այսօր Ծաղկազարդ է

Ծաղկազարդ, գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է, որին հաջորդում է Ավագ շաբաթվա: Տոնը նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»: 
Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության լինելության։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Թեմայի շուրջ զրուցել ենք Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Մատաթիա քահանա Գասպարյանի հետ:

«Հայաստանյաց Առաքելական Մայր և Սուրբ եկեղեցին այս տարի ապրիլի 10-ին տոնախմբում են մեր տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը երկրային Երուսաղեմ:Տոնը նաև անվանվում է Ծաղկազարդ: Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ Վեհափառ հայրապետի հայրական օրհնությամբ և բարձր տնօրինությամբ այդ օրը հոչակվել է նաև մանուկների օրհնության կարգ: Մեր հորդորն է, որպեսզի հայոց ընտանիքները իրենց զավակների հետ միասին առավոտյան մասնակցեն Սուրբ և անմահ պատարագին: Պատարագի վերջում տեղի կունենա մանուկների օրհնության կարգը՝ օրհնելով մեր հայոց փոքրիկներին, զավակներին: Մեր Տեր Հիսուս Քրիստոսը հետևյալն է ասում՝ թույլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ: Երեխաներին հանձնել Աստծո օրհնության և պահպանության տակ՝ մեր քրիստոնյա ծնողների պարտականություն է»,-ասաց հոգևոր սպասավորը: 

Տեր Մատաթիան, խոսելով Ծաղկազարդի մասին, նշեց, որ տոնին հաջորդում է Ավագ շաբաթ, որը կոչվում է նաև «Չարչարանաց շաբաթ»:

«Ավագ հինգշաբթի՝ առավոտյան, եկեղեցիներում կատարվում է կարգ արձագման ապաշխարողած: Այսինքն, ովքերՙ որ մտել էին ապաշխարհության կարգի մեջ, տրվում է արձակումը: Այնուհետև մատուցվելու է Սուրբ և Անմահ պատարագ: Խորհրդավոր ընթրիքն իր խորհրդով Քրիստոսը այդ օրը հաստատում է հաղորդության խորհուրդը՝ իր առաքյալների հետ նստելով սեղան: Վերցնելով անթթխմոր հացը՝ օրհնելով և ասելով առեք, կերեք՝ այս է իմ մարմինը, վերցնելով գավաթով գինին՝ օրհնելով ասում է՝ խմեք բոլորդ սրանից՝ սա իմ արյուն է, որ թափվում է բոլորիդ մեղքերի թողության համար:Այնուհետև Ավագ հինգշաբթի երեկոյան՝ ժամը 16:00--ին կատարվում է ոտնլվայի կարգը և կարագ օրհնությունը, երեկոյան ժամը 17:00-ին մեր եկեղեցում՝ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, կատարվում է խավարման կարգը:

Հաջորդ օրը՝ Ավագ ուրբաթ, առավոտյան ժամը 12:00-ին կատարվում է խաչելության կարգը, իսկ երեկոյան ժամը 17:00-ին՝ Քրիստոսի մեր Տիրոջ թաղման կարգը: Անմահը մահացավ, որպեսզի մենք մահականացուներս անմահանանք: Հաջորդ օրը՝ Ավագ շաբաթ օրը, երեկոյան մատուցվում է ճրագալույցի սուրբ և անմահ պատարագը, և Սուրբ խորանից մեզ փոխանցվելով հնչում է հրաշափառ ավետիսը՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց: Քրիստոս իր մահվամբ և հարությամբ հաղթեց մահվանը: Հաջորդ օրը՝ կիրակի, կատարվում է հարության տոնի սուրբ և անմահ պատարագը: Իսկ ամսի 18-ին՝ երկուշաբթի օրը, մեռելոց է: Եվ ճիշտ է, որպեսզի այդ օրը այցելեն գերեզմանատուն՝ ավետիսը տալ հարության Քրիստոսի ննջեցյալներին:Երկուշաբթի օրը մատուցվելու է սուրբ և անմահ պատարագ՝ մեռելոցի հիշտակին, որի վերջում կատարվելու է ընդհանուր հոգեհանգստյան կարգ:

Մեր հորդորն է, որպեսզի այդ օրը նույնպես մասնակցենք պատարագի՝ ննջեցյալների հիշատակության համար, և վերջում աղոթք բարձրացնենք մեր հանգուցյալ ննջեցյալների համար, մանավանդ մեր օրերում, որ հայոց ազգի մեջ կան, ցավոք ի սիրտ, բազում նահատակ հայորդիներ, որոնց կյանքի շնորհիվ մենք ամենքս՝ ողջերս, ապրում ենք»,- ասաց հոգևոր սպասավոր Տեր Մատաթիա քահանա Գասպարյանը: