Այդ փոփոխության իմաստն ընկալելի չէ

Այդ փոփոխության իմաստն ընկալելի չէ

Կառավարությունը մարտի 7-ի նիստին որոշեց փոխել Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը: Դա այսուհետ կնշվի յուրաքանչյուր տարի՝ հունվարի 8-ին։ Առաջ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշվում էր դեկտեմբերի 20-ին: Մասնագիտական տոնի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում հրավիրվում էր հանդիսավոր նիստ, որի սկզբում հնչում էր ՀՀ պետական օրհներգը և հանդիսավորությամբ դահլիճ էր բերվում ԱԱԾ դրոշը: Ելույթներ էին ունենում, ԱԱԾ աշխատակիցներին էին պարգեւատրում եւ Նիկոլ Փաշինյանը, որպես կանոն, խոսում էր այն մասին, թե ինչ կարեւոր կառույց է ԱԱԾ-ն եւ ինչքան է ինքը սիրում ԱԱԾ-ականներին, որոնք պաշտպանում են իրեն եւ իր իշխանությանը: 

Թե ինչու են որոշել փոխել ԱԱԾ աշխատողի օրը եւ դա ինչով էր այս պահին կարեւոր, որ նման որոշում է կայացվում, հարցրեցինք ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին:

Ի՞նչ կարծիք ունեք նոր որոշման մասին, ի՞նչ գնահատական կտաք դրան. 

«Մասնագիտական օրը բոլոր գործող և նախկին աշխատակիցների համար եղել է շատ ջերմ ու կարևոր օր, շատ ափսոսում եմ այդ փոփոխության համար, հատկապես որ դրա իմաստը պարզապես ընկալելի չէ», - նշում է նա:

Այն տեսակետներին, թե դա ԽՍՀՄ-ից մնացած տոն էր եւ փոխել են, որ ՍՍՀՄ կագեբեի հետ չասոցացվի ՀՀ ԱԱԾ-ն, այդ պատճառով էլ փոփոխվել է օրը, Միքայել Համբարձումյանն ասաց.

«Դրանք քողարկված պատճառներ են, որոնց մեկնաբանություն տալ չեմ կարող: Կարծում եմ` այդ հարցը պետք է ուղղել փոփոխությունը նախաձեռնողներին»: