Սեռական կապերից մինչև խարդախություն․ ԱՄՆ նախագահներ, որոնք կանգնել են դատարանի առջև

Սեռական կապերից մինչև խարդախություն․ ԱՄՆ նախագահներ, որոնք կանգնել են դատարանի առջև

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի երդվյալ ատենակալների կողմից: Քաղաքական գործչին մեղադրում են պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան կաշառելու մեջ: Վերջինս պնդում է, որ 2006 թվականին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, և որ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենն իրեն 130 000 դոլար է վճարել, որպեսզի ինքը դրա մասին չբարձրաձայնի: Թրամփը հերքել է սա՝ մեղադրանքի առաջադրումը որակելով որպես քաղաքական հետապնդում:

Ապրիլի 14-ին, Թրամփը մոտ ութ ժամ անցկացրել է Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի գրասենյակում՝ ցուցմունք տալու համար։ Դատախազը 250 միլիոն դոլարի հայց է ներկայացրել Դոնալդ Թրամփի, նրա երեխաների և նրանց հետ փոխկապակցված ընկերությունների դեմ՝ խարդախության և կեղծ տեղեկություններ տրամադրելու կասկածանքով։ Ընդհանուր առմամբ, Սպիտակ տան նախկին ղեկավարի դեմ քրեական գործ է հարուցվել շուրջ 30 կետով։

Ի դեպ, 2019 և 2021 թվականներին Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը երկու անգամ ենթարկվել է իմպիչմենտի գործընթացի։ Առաջին անգամ նրան մեղադրել են անձնական և քաղաքական շահերի համար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու մեջ, իսկ երկրորդ անգամ նրան մեղադրել են ապստամբություն հրահրելու մեջ, որը հանգեցրել է նախագահական ընտրություններից հետո Կապիտոլիումի գրոհին։ Պաշտոնավարման տարիներին պետության ղեկավարին հեռացնելու երկու փորձերն էլ հաջողությամբ չեն պսակվել։

Ժողովրդավարության բնօրրան համարվող Միացյալ նահանգներում նման երևույթը, իհարկե, զարմանալի և առավելևս՝ բացառիկ չէ։ Վերհիշենք, թե ԱՄՆ նախկին նախագահներից ովքե՞ր են կանգնել արդարադատության առջև և ո՞ր գործի շրջանակներում։

 

Էնդրյու Ջոնսոն․ ԱՄՆ 17-րդ նախագահ

1868 թվականին Միացյալ Նահանգների 17-րդ նախագահ Էնդրյու Ջոնսոնը պաշտոնանկ արեց ռազմական նախարար Էդվին Սթենթոնին։ Կոնգրեսը որոշումն անօրինական համարեց և ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ սկսեց նախագահի իմպիչմենտը և քրեական հետապնդումը, սակայն Սենատում բավարար ձայներ չհավաքվեցին մեղադրանք առաջադրելու համար։

 

Ուլիսս Գրանտ․ ԱՄՆ 18-րդ նախագահ

1872 թվականին ԱՄՆ-ի 18-րդ նախագահ Ուլիսս Գրանտը ձերբակալվել է Վաշինգտոնում՝ ձիակառքի վրա արագությունը գերազանցելու համար։ Նրան տարել են ոստիկանական բաժանմունք, որտեղ վճարել է 20 դոլար տուգանք։ Այս դեպքը համարվում է միակը Միացյալ Նահանգների պատմության մեջ, երբ գործող նախագահին բերման են ենթարկել ոստիկանություն ու տուգանել։

(Թրամփը, եթե մեղադրանքն առաջադրվի, կարող է կրկնել տխուր հակառեկորդը):

 

Ուորեն Հարդինգ․ ԱՄՆ 29-րդ նախագահ

1923 թվականին՝ ԱՄՆ 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգի մահից հետո, նրա կառավարությունը կոռումպացված էր ճանաչվել, և որոշ պաշտոնյաներ ձերբակալվեցին և բանտարկվեցին։ Այնուհետև հայտնաբերվել են նամակներ, որոնցում նախագահ Հարդինգը մեղադրվում էր արտաամուսնական կապերի, ինչպես նաև անօրինական երեխաներ ունենալու մեջ։

 

Ռիչարդ Նիքսոն․ ԱՄՆ 37-րդ նախագահ

1974 թվականին Ներկայացուցիչների պալատը որոշում կայացրեց իմփիչմենթի գործընթաց սկսել Միացյալ Նահանգների 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի դեմ։ Նա մեղադրվում էր նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Դեմոկրատական ​​կուսակցության կենտրոնակայանի Ուոթերգեյթ համալիրում գաղտնալսման մեջ ներգրավված լինելու մեջ։ Նիքսոնը հրաժարական տվեց նախքան ընթացակարգի մեկնարկը՝ դառնալով ԱՄՆ միակ նախագահը, ով վաղաժամ և կամավոր թոշակի անցավ: Նոր նախագահ Ջերալդ Ֆորդը ներում շնորհեց Նիքսոնին այն բոլոր հանցագործությունների համար, որոնք նա, ենթադրաբար, կարող էր կատարել:

 

Բիլ Քլինթոն․ ԱՄՆ 42-րդ նախագահ

1998 թվականին Սպիտակ տան աշխատակցուհի Մոնիկա Լևինսկու հետ մտերիմ հարաբերությունների պատճառով սկանդալ ծագեց Միացյալ Նահանգների 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի շուրջ։ Նրան մեղադրեցին սուտ մատնության մեջ, իմփիչմենթի գործընթաց սկսվեց, բայց ի վերջո նախագահը արդարացվեց։

 

Ջորջ Բուշ կրտսեր․ ԱՄՆ 43-րդ նախագահ

2011 թվականին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին ամերիկյան բանտերում խոշտանգումների կիրառումը թույլ տալու մեջ և պահանջել հետաքննություն։ 2015 թվականին Մալայզիայի իշխանությունները Ջորջ Բուշին մեղավոր են ճանաչել Իրաքի պատերազմի ժամանակ բանտարկյալներին խոշտանգելու հետ կապված հանցագործությունների մեջ։

 

Ջո Բայդեն․ ԱՄՆ 46-րդ նախագահ

2022 թվականի մայիսին Միսսուրիի և Լուիզիանա նահանգի փաստաբանները հայց են ներկայացրել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Նրանք մեղադրվում էին խոշոր սոցիալական ցանցերի հետ համաձայնության մեջ՝ «գրաքննելու և ճնշելու ազատ խոսքը»։ Ըստ հայցվորների՝ նախագահը և այլ պաշտոնյաներ «ապատեղեկատվության դեմ պայքարի պատրվակով» աշխատել են Twitter-ի, YouTube-ի և Meta-ի հետ (ՌԴ-ում ճանաչված է՝ որպես ծայրահեղական կազմակերպություն), որպեսզի գրաքննություն կատարեն այնպիսի թեմանրի համար, ինչպիսիք են Բայդենի որդու գործը, կորոնավիրուսը և փոստով քվեարկությունը։

 

Նյութը պատրաստեց՝ Արա Ալոյանը