Ավագանին թափառում է համայնքից համայնք

Ավագանին թափառում է համայնքից համայնք

Դեկտեմբերի 5-ին Մեծամոր խոշորացված համայնքի ընտրություններից անցել է արդեն չորս ամիս, սակայն համայնքապետարանում ավագանու նիստերն անցկացնելու համար չունեն բավարար շենքային պայմաններ: Մեծամորի ավագանու նիստերը անցկացվում են տարբեր համայնքներում, անգամ չունեն նիստերն ուղիղ հեռարձակելու հնարավորություն: Մեծամորի համայնքապետ Վահրամ Խաչատրյանը, ով նախկինում զբաղեցրել է Նորապատ համայնքի ղեկավարի պաշտոնը, ապա եղել է մարզպետի տեղակալ, կարծես մտահոգված չէ։ Նա համայնքների խնդիրների լուծումը տեսնում է համայնքի բյուջեով եւ կառավարության հատկացրած գումարներով.

«Մենք կկարողանաք խնդիրները լուծել: Անպայման կլուծենք համայնքի միջոցներով՝ մեր բյուջեն կազմում է 2 մլրդ. 600 մլն. դրամ եւ կառավարության կողմից 1մլրդ. 200 մլն. սուբվենցիոն հաստատված ծրագիր ունենք»: Հետաքրքրվեցինք՝ ամիսներ են անցել, սակայն դեռ աշխատասենյակների հարցը չեք կարողացել լուծել, ավագանու նիստերը կայանում են տարբեր համայնքներում, այնինչ այս խնդիրը մինչեւ ընտրությունները պետք է լուծված լիներ: «Աշխատակազմը նստած է, ազատ սենյակներ ունենք, շենքը վերանորոգվում է, ահագին բան արված, ինչու մինչեւ այդ չի արվել, ես էդ հարցերին չեմ կարող պատասխանել»,- ասաց համայնքապետը:

Նշենք, որ Մեծամորը խոշորացվել է՝ իր մեջ ներառելով 30 գյուղական համայնքներ: (Ալաշկերտ, Ակնալիճ, Ամասիա, Այգեշատ, Արազափ, Արգավանդ, Արևիկ, Արմավիր, Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Հայկավան, Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ, Տարոնիկ, Փշատավան): Ընտրողների ընդհանուր թիվը՝ 53 733 է, ընտրությանը մասնակցել է՝ 18 343-ը: Ստացվում է, որ բնակչության շատ քիչ տոկոսն է մասնակցել ընտրություններին, իսկ չմասնակցելու հիմնական պատճառն այն է, որ բնակչությունը դեմ է եղել խոշորացմանը։

Ավագանու ՀՅԴ-ական անդամ, Ջանֆիդա համայնքից Վահրամ Միքայելյանն էլ ասաց․ «Անձամբ դեմ եմ եղել այս տիպի խոշորացմանը: Խոշորացում կարելի է անել՝ մի քանի համայնքներ խոշորացնելով: Մեծամոր համայնքում 30 բնակավայր է խոշորացվել: Ունենք համայնքներ մոտ 30 կմ հեռավորության վրա են: Օրենքը թույլ է տալիս, որ կենտրոնը պետք է լինի առավելագույնը 20 կմ հեռավորության վրա: Խոշորացում պետք է լիներ հետեւյալ կերպ՝ մի ճանապարհի վրա մի քանի համայնք խոշորանար, ոչ թե խոշորացված կենտրոնը լիներ 25 կմ հեռավորության վրա: Համայնքապետարանի շենքը վերանորոգման մեջ է, ավագանու նիստերը անում են մեկ այլ վայրում, մինչեւ ընտրությունները դա արված պետք է լիներ: Մինչեւ հիմա համայնքի ղեկավարի կողմից ավագանու նիստերում առաջարկությունները համահունչ է, դա շատ լավ ա»։

Անահիտ Հարությունյանը Մրգաշատ համայնքի համայնքապետարանում սոցաշխատող է, եւ Մեծամոր խոշորացված համայնքի ավագանու անդամ: Նա եւս պնդում է, որ խոշորացումից առաջ ոչ ոք բնակչության կարծիքը չի հարցրել. «Բնակչության մեծ մասը կողմ չէր խշորացմանը, մենք եւս դեմ ենք եղել, բայց մեզ ո՞վ հարցրեց: Կարծում եմ, որ շատ բարդ է լինելու այս գործընթացը, շատ կարգավորումներ կան, որ դժվարությամբ են ընթանում: Հիմա չեմ կարող ասել խոշորացումն արդյունք կտա՞, թե՞ ոչ»: «Մի կողմից լավ ա, մի կողմից՝ վատ, դժվար է աշխատելը: Լավ է այն առումով, որ տեղեկացված կլինենք ամեն ինչից, եթե մի աշխատանք արվի տարբեր համայնքներում էլ կարվի, էնպես չի լինի, որ Մեծամորում աշխատանք կատարեն, մյուս համայնքները անտեսվի»-ասաց ՔՊ-ական ավագանու անդամ՝ Մարգարիտա Մակյանը:

ՔՊ-ական ավագանու անդամ Արմեն Սաֆարյանն էլ հավելեց. «Ոնց նայում եմ, սրտացավ աշխատում ա Խաչատրյան Վահրամը, պետք ա համայնքներին շատ օգուտ տա, ամեն բան անում ա, ոնց իրա ընտանիքի համար է անում՝ էնպես էլ բոլոր 30 համայնքների համար: Լավ էլ ֆինանսավորում են, մենք էլ աշխատանքները անում ենք»։

Հավելենք, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագծով նախատեսվել է համայնքների խոշորացումը, եւ այն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2021թ. սեպտեմբերի 24-ին:Փփաստացի, մինչ օրս համայնքների զգալի մասը չունեն բավարար աշխատանքային պայմաններ: Բնակավայրերը միմյանց հետ կապող հասարակական տրանսպորտ չունեն և այլն: Ստացվում է, կառավարությունն առանց նախապատրաստական աշխատանքներ կատարելու, հապճեպ խոշորացում է իրականացրել, անտեսելով նաեւ բնակչության կարծիքը: