«Հրապարակ». Ժողովուրդը սպասում է այն առաջնորդին, որը վարկաբեկված չի լինի

«Հրապարակ». Ժողովուրդը սպասում է այն առաջնորդին, որը վարկաբեկված չի լինի

Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ձեւավորած Ազգային կոմիտեն, որի կազմում են Իշխան Սաղաթելյանը, Վազգեն Մանուկյանը, Ավետիք Չալաբյանը, Հայկ Մամիջանյանը եւ Անդրանիկ Թեւանյանը, մեր տեղեկություններով, լուծարվում է՝ կոմիտեի անդամների տարաձայնությունների պատճառով։ Վազգեն Մանուկյանը պատրաստվում է նոր կոմիտե ձեւավորել` ապակուսակցական կազմով: Հավանական անդամներից մեկը գրականագետ Սերժ Սրապիոնյանն է, ում մի քանի հարց ուղղեցինք։ 

- Ինչո՞ւ ընդդիմադիրների սկսած պայքարը հաջողություն չունեցավ, գոնե՝ առայժմ։

- Ես կարծում եմ, որ կոմիտեն շատ հապճեպ ձեւավորվեց՝ ժողովրդական ցասումի ալիքի վրա․ նրանք չունեին այդ շարժումն առաջնորդելու հստակ ծրագիր։ Երբ բարձրացան հարթակ եւ խոսեցին, արդեն պարզ էր, որ 5 հոգանոց կոմիտեի ուժը չէր պատելու՝ տարերային շարժում ղեկավարելու համար։ Անհրաժեշտ էր կոմիտեի կազմում ընդգրկել տարբեր մարդկանց, տարբեր մտածողների, հասարակության մեջ հայտնի մարդկանց։ Հստակ գործողությունների ծրագիր պետք է լիներ։ Փողոցներում մարդկանց արթնացնելու շարժումը ճիշտ քայլ էր, բայց տեւեց մի քանի օր։ Այս պահին էլ կոմիտեում ընդգրկված մարդիկ չգիտեն, թե կտրուկ գործողություն ասելով՝ ժողովուրդն ինչ նկատի ուներ․ պարալիզացնե՞լ կառավարության աշխատանքը, գրո՞հը, անհնազանդությո՞ւնը։ Նրանք չկարողացան կազմակերպել համազգային անհնազանդություն, մարզերը չարթնացրին։ Մարդն իր աթոռին հանգիստ նստած՝ սպասում է, թե երբ է մարելու շարժումը։ Նույնիսկ Արցախի դե ֆակտո ցեղասպանությունը, բռնազավթումը, բռնագաղթը չարթնացրին ժողովրդին։ 

- Հայրենիքի փրկության, Դիմադրության շարժումը, Ազգային կոմիտեն ղեկավարել են նույն մարդիկ, որոնց հետեւից քաղաքացիները չեն գնում։ Դերակատարների փոփոխության անհրաժեշտություն չե՞ք տեսնում, թե՞ դերակատարները կապ չունեն, մարդիկ անտարբեր են սեփական հայրենիքի ու ճակատագրի նկատմամբ։

- Դերակատարներն իրենք էլ են ուզում, որ դերակատարները փոխվեն։ Լավ օրից չէ, որ նույն մարդիկ են հայտնվում բեմում։ Վազգեն Մանուկյանը մեծ ճանապարհ անցած մարդ է։

- Ասում են՝ Վազգեն Մանուկյանի հետեւից չեն գնում, երիտասարդությանը նա խորթ է։

- Եթե նրա հետեւից ժողովուրդը չի գնում, նշանակում է՝ Վազգեն Մանուկյանի նշանակությունն ու արժեքը ճիշտ չեն ներկայացվել։ Իմ անձնական համոզմամբ՝ մութ ուժեր կան, որոնք աշխատում են ջլատել, մասնատել, մարել շարժումը։ Դրանք հիմնականում հանդես են գալիս ընդդիմադիրների քողի տակ թաքնված։ 

- Կոնկրետ անուններ կարո՞ղ եք տալ։

- Անուններ այս պահին չեմ կարող տալ, բայց որ կազմակերպություններ են աշխատում այդ շարժման դեմ, ինձ համար պարզ էր արդեն երրորդ օրը։ Ես արմատական փոփոխությունների կողմնակից էի, մեկ-երկու անգամ խոսել եմ հանրահավաքների ժամանակ եւ ընդդիմությանը կոչ եմ արել՝ մանրամասն ծրագրեր մշակել։ Ինձ համար շատ հասկանալի էր, որ սահմանադրական եղանակով այս երկրում իշխանափոխություն հնարավոր չէ անել, իսկ իշխանավորներն այս երկրի թիվ մեկ թշնամիներն են։ Եթե նորից է հայտնվում Վազգեն Մանուկյանի նման գործիչը, ապա չպետք է խանգարեն, պետք է թույլ տան, որ նա իր իմաստնությամբ շարժումը ղեկավարի։ 

- Ինչպե՞ս ձեւավորվեց Ազգային կոմիտեն, ովքե՞ր են որոշել կազմը։

- Սովորական ընդդիմադիրներս չգիտենք, թե ովքեր ինչ որոշումներ են կայացրել, որն է լինելու հանրահավաքի օրակարգը։ Երբ հայտարարվում է կոմիտեի կողմից, որ կազմը կընդլայնվի եւ կթարմացվի, հաջորդ հանրահավաքին անուններ կհնչեցվեն, ու չեն հնչեցվում այդ անունները, երբ ժողովուրդը պահանջում է լիդերի անուն, ասենք՝ Նիկոլը գնաց, ո՞վ է գալու, իսկ նրանք «ով»-ին դեռ չեն գտնում, այդ շարժումը դատապարտված է տապալման։ 

- Դուք պատրա՞ստ եք Վազգեն Մանուկյանի հետ նոր շարժման սկիզբ դնել, առաջարկ եղե՞լ է՝ ներգրավվելու։

- Ես իմ անձի կարողությունները շատ լավ պատկերացնում եմ, առաջարկ եղել է, ես տվել եմ իմ համաձայնությունը։ Մեզ ամենասկզբում ներկայացրել էին 11 անձի անուն, որոնց մեջ ընդգրկված եմ եղել նաեւ ես։ Հանկարծ հայտարարվեց, որ 5 մարդուց բաղկացած Ազգային կոմիտե կա։ Ես անկեղծորեն եմ ասում՝ առանձնապես մեծ հաճույքով չէ, որ համաձայնել էի լինել նախնական կազմում։ Բայց անհրաժեշտություն էի տեսնում այդ վիթխարի շարժումը համակարգելու համար իմ դերակատարությունը։ Ինձ ճիշտ հասկացեք՝ նեղված չեմ, եթե կուզեք՝ ասեմ, որ հանգստություն եմ զգում։ 

- Տեղեկություն կա, որ Ազգային կոմիտեի այս կազմը տարաձայնություններ ունի, ինչի՞ շուրջ են դրանք։

- Նրանք նույնիսկ չէին համագործակցում, տեղեկացնում կամ կարեւորում այն մարդկանց կարծիքը, որոնք ի սրտե ցանկանում էին հաջողության հասնել եւ որոնք շատ լավ գիտակցում էին, որ շարժման հաջողությունից է կախված այս երկրի բախտը։ Ես նույնպես լսել եմ, որ տարաձայնություններ են եղել Ավետիք Չալաբյանի, Իշխան Սաղաթելյանի, Հայկ Մամիջանյանի միջեւ։ Եթե չլինեին այդ տարաձայնությունները, շարժումը մարման չէր գնա։ Կամ՝ պիտի նորացվի` շարժումը չպետք է դադարեցվի։ Ժողովուրդը սպասում է այն առաջնորդին, որը վարկաբեկված չի լինի։ 

- Իսկ ո՞ւմ եք պատկերացնում այդ նոր կազմում։

- Զինվորականներ, տնտեսագետներ, իրավաբաններ, գոնե 11 հոգի, որոնք շատ լավ տիրապետում են այսօրվա բուն իրավիճակին՝ իրավական, տնտեսական, քաղաքական, ռազմական։ Ժողովուրդը ոտքի կկանգնի, որ տեսնի՝ իր հետ անկեղծ են։ 

- Մինչեւ սեպտեմբերի 19-ը ընդդիմադիրներն անորոշ բղավում էին՝ «Արցախ, Արցախ», հիմա, կարելի է ասել Արցախը չկա։ Ո՞րն է լինելու պայքարի նոր կարգախոսը, ինչպե՞ս պետք է համոզեն հանրությանը՝ միանալ իրենց։ 

- Արցախի հարցը վերջնականապես լուծված է, իսկ երբ այդ մասին իմ հարցազրույցներից մեկում ասացի, հայտնվեցին մարդիկ, նորաթուխ ուսուցիչներ, թե հուսահատություն եք սերմանում, բայղուշություն եք անում։ Ես այդ «բայղուշությունն» արել եմ 4-5 տարի շարունակ, ինչը տեղի ունեցավ։ Այն արտիստները, դերասանները, որ ասում են՝ գնալու ենք, Արցախը վերադարձնելու ենք, Արցախը Հայաստան է լինելու, շեղում ու մանիպուլացնում են մարդկանց։ Այդ արտահայտությունները շատ ավելի վնասակար են, քան այս իշխանավորների գոյությունը, որովհետեւ դրանով նրանք թմրեցնում են ժողովրդի զգոնությունը։ Չկա մարդ, չկա այլեւս երկիր, Արցախն այլեւս մեր երկիրը չէ։ Պոպուլիստական արտահայություններ են այն ամենը, ինչ այսուհետ կասվի Արցախի մասին։ Նախիջեւանի ճակատագիրն իրենց աչքի առաջ էր, ու բոլորն էլ գիտեին, որ Արցախն էլ է այդպես լինելու։ Մարդկանց ուղեղին, մտքին, սրտին պետք է հասցվի, որ այս երկիրն է արդեն կործանվում։ Ոչ թե վտանգի տակ է պետականությունը, որը դե ֆակտո չկա, այլ վտանգի տակ է մեր իսկ գոյությունը։ Հայ ժողովուրդը պատմության թատերաբեմից անհետանում է... Կա՛մ կդիմադրենք ու կփրկվենք, կա՛մ չենք դիմադրի ու կոչնչանանք։ Մենք նաեւ պետք է կարգավորենք մեր հարեւանների՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները, նաեւ՝ այն հեռավոր երկրների հետ, որոնց համար այս կամ այն չափով դեռ մնում ենք հանդուրժելի՝ Չինաստան, Հնդկաստան եւ այլն։ Եթե կլինեն մարդիկ, որ կկարողանան այս ամենն անել՝ կփրկվենք, եթե ոչ՝ մեր գոյության խնդիրը կլուծվի մոտակա տարիներին։