Կա՞ որեւէ մեկը

Կա՞ որեւէ մեկը

Ինչքա՜ն շատ բան ունենք սովորելու այս ՔՊ-ական իշխանությունից: Օրինակ, սեփական սխալները երբեք չընդունելու եւ անմեղ մարդկանց վրա դրանք բարդելու անսահման դեմագոգիա: Սեփական հանցանքները որպես անմեղ վրիպումներ, իրերի բերումով տեղի ունեցած իրադարձություններ ներկայացնելու անամոթություն: Կամ` խղճի խայթի իսպառ բացակայություն, դիմացինի ցավն ու վիշտն արհամարհելու լկտիություն: Թերեւս մեր զայրույթը Նիկոլ Փաշինյանի եւ նրա ուսապարկերի հանդեպ այդքան մեծ չլիներ, եթե մի քանի գրամ զղջումի ու ափսոսանքի դրսեւորում նկատեինք նրանց պահվածքում: Գուցե այդքան տենդագին չերազեինք սրանց հեռացումը, եթե զգայինք, որ Արցախի կորուստն ու արցախահայերի ողբերգությունը նրանք գոնե մի քիչ իրենցն են համարում եւ մարդկայնորեն ափսոսում են կատարվածի համար:

Գուցե նաեւ այսօրվա ընդդիմության հանդեպ մի քիչ ավելի հանդուրժող ու ներողամիտ լինեինք, եթե նրանց չմեղադրեինք սրանց վռնդելու անկարողության մեջ: Էլ չեմ խոսում այն մասին, որ այս իրավիճակի խորացմանը զուգահեռ, անչափելի են դառնում մեղադրանքները` ուղղված Սերժ Սարգսյանին, որ չեղավ այնպիսի ղեկավար, որ նրան մարդիկ չուզենան մերժել, եւ չկարողացավ մի փոքր կամք ու համառություն դրսեւորել եւ իշխանությունը չհանձնել այս քայլող փորձանքներին: Կա՞ որեւէ նորմալ բանական մարդ, որ երեկ դիտել-լսել է խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանը եւ կարողացել է իրեն զսպել ու յոթհարկանի հիշոցներով չնախշել գլխավոր «պատասխանողին»: Կա՞ մեկը` հեռավոր մի գյուղում նստած, որ լսել է նրա պատասխանները եւ դրանք համարել է երկրի ղեկավարին արժանի, հասկանալի եւ ընդունելի պատասխաններ: Կա՞ մեկը, որը սիրում է իր հայրենիքը եւ կարծում է, որ մենք 2018 թվականին դժոխքի դռները չենք բացել: