Այսօր էլ կարելի է խաղաղապահների մանդատը վերահաստատել հայկական կողմից

Այսօր էլ կարելի է խաղաղապահների մանդատը վերահաստատել հայկական կողմից

ԱԳ նախարարության բազմամյա աշխատակից, արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին հարցրինք, թե ինչ խորհուրդ կտար ՀՀ իշխանություններին՝ Լաչինի միջանցքն ադրբեջանցիների կողմից փակելուց հետո, ինչ գործողություններ կարելի էր ձեռնարկել:

«Երեկ ընդդիմության կողմից ներկայացվեց առաջարկություն, որն իրենց կողմից բացարձակ անտեսվել է: Նմանատիպ պահվածքի դեպքում կառավարությանն ու իշխանություններին խորհուրդ տալն ուղղակի անպտուղ զբաղմունք է, որովհետեւ այն, ինչն իրոք պիտի գործուն մեխանիզմ լիներ, հետեւողականորեն ուղղակի ջնջվում են, անուշադրության են մատնվում, եւ հակառակ գործընթացն են իրականացնում, որը հնարավորություն է տալիս թուրք-ադրբեջանական խմբերին իրենց ծրագրերը սահուն կերպով առաջ տանել: Այս առումով իրենց խորհուրդ տալն անպտուղ զբաղմունք է: Եթե իրոք ցանկություն կար՝ որեւէ քայլ անել, որեւէ կերպ իրավիճակը փոխել, ուրեմն պետք է ականջալուր լինեին սանկցիաներ պահանջելու, հստակ պահանջներ դնելու, կոնկրետ սահմաններում իրավիճակը եւ դիրքերն ամրապնդելու, զորքերն ամրապնդելու, դաշնակիցների հետ համահունչ գործելու եւ ոչ թե առիթն օգտագործելու՝ թիկունքից հարվածելու ռուս խաղաղապահներին` իրենց գործողություններով եւ հայտարարություններով, որն այլ ենթադրությունների տեղիք է տալիս»,- շեշտեց նա:

Եվ այն, որ տեղեկատվություն շրջանառվեց, թե մոտ քսան օր առաջ նմանատիպ քննարկումներ են իրականացրել, այդ քննարկումներին պետք է հստակ գործողություններ հետեւեին՝ Արցախը համապատասխան կարողություններով օժտելով, էլեկտրական լարերը եւ գազը տեղափոխելով նոր ճանապարհ, ճանապարհը կառուցելով եւ ընդհանրապես ի սկզբանե թույլ չտալով ճանապարհի տեղափոխում` նախքան բոլոր ենթակառուցվածքների հաստատումը եւ հստակ թղթային ձեւով ամրագրումը` այն պայմանների, որով այդ ճանապարհը պետք է շահագործվեր: Եվ ամենակարեւորը`խաղաղապահների մանդատին որեւէ հարված չի կարելի հասցնել: 
«Այսօր էլ կարելի է խաղաղապահների մանդատը վերահաստատել, ավելացնել հայկական կողմից եւ դրանով իսկ հակազդել ադրբեջանական քայլերին: Ես նման գործողություններ ինչ-որ չեմ տեսնում»,- ասաց արտակարգ եւ լիազոր դեսպանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից հնչեցված հայտարարություններին՝ Աղաջանյանը նշեց, որ նման երկրները փոխանակ իրենց ՆԱՏՕ-ական գործընկերոջը զսպելու, այդ հայտարարություններով ընդամենը թղթի շերեփի դեր են կատարում, որով փորձում են մեր հանրության ականջը, այսպես ասած, «շոյել» իրենց հայտարարություններով: Եթե ցանկություն ունեն ինչ-որ գործողություններ անելու, իրենք դրա ձեւը շատ լավ գիտեն եւ շատ արագ կարողանում են իրականացնել: Օրինակ՝ սանկցիաների եւ այլ պայմանագրային երկկողմանի հարաբերությունները սառեցնելու սպառնալիք ներկայացնելով, որի մասին տիկին Աղաջանյանը ոչինչ չի լսել եւ նման մոտեցումների չի հանդիպել: Աղաջանյանը շեշտում է․ ընդհակառակը՝ նրանց կողմից ակտիվ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում, նաեւ միանշանակ աջակցություն կա Ադրբեջանին, եթե իրանական կողմից ինչ-որ բան լինի, դա հստակ կանաչ լույս է ցանկացած ուժի գործադրման համար: «Չզարմանանք, թե ինչպիսի հմտությամբ է կարողանում ադրբեջանական կողմը բնապահպանների քողի ներքո հատուկ պատրաստված մարդկանց բերել եւ փորձել ռուս խաղաղապահներին հանել հավասարակշռությունից ՝ դրդելով նրանց որեւէ գործողության գնալ, որը կարող են օգտագործել որպես պատրվակ՝ կասկածի տակ դնելով ռուսական խաղաղապահների անաչառությունը եւ նրանց՝ այդտեղ գտնվելու իրավունքը»,- շեշտեց Աղաջանյանը:

Մեր հարցին, թե Արցախում գտնվող մարդկանց ինչ խորհուրդ կարելի է տալ, արդյոք նրանք կարո՞ղ են իրավիճակը փոխել, Ձյունիկ Աղաջանյանն ասաց, որ հասարակ արցախցին շատ ավելի լավ գիտի, թե տեղում ինչ կարելի է անել, քան ինքը կարող է խորհուրդ տալ:

«Միակ բանը, որով կարող եմ իրենց աջակցել, դա համբերություն, համբերություն, էլի համբերություն եւ սեփական իշխանության կոչերին ականջալուր լինելն է, որպեսզի ոչ մի պանիկայի տրամադրություններ չլինեն, այսինքն՝ հավասարակշիռ կերպով եւ հանդարտ կերպով փորձենք այս մարտահրավերը հաղթահարել: Առաջինը չէ, ցավոք՝ վերջինը չէ․ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ հաշվի առնելով այն իշխանությունները, որ ունենք Հայաստանում, եւ այս պարագայում երեւի թե այդ խիզախությունն իրենցից ենք քաղում եւ իրենց միայն կարող ենք աջակցել՝ այստեղ փորձելով իրավիճակի փոփոխության հասնել»,- ասաց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է տարատեսակ հասարակական կազմակերպություններին ու այս իրավիճակում նրանց դերին, բազմաթիվ իրավապաշտպանների՝ նախկինում ակտիվ գործունեությանը, դիվանագետը նշեց, որ, իր կարծիքով, այդ մարդիկ իրենց գործողություններով բացահայտեցին իրենց իրական դեմքը:

 «Իրենք ընդամենը քաղաքական գործիք էին՝ ուղղված Հայաստան պետության դեմ: Նրանցից ոմանք գուցե ինչ-որ բարի ցանկություններով կամ մղումներով, բայց գործողությունները ցույց տվեցին, որ, բացի գումարային առումով ձեւավորված արժեքային եւ սկզբունքային համակարգերից, նրանք ուրիշ որեւէ իրական համակարգերի չեն տիրապետում: Նրանցից ակնկալիք ունենալ այս պահին անօգուտ է»,- ասաց Ձյունիկ Աղաջանյանը: