Նոր համահայկական կառույց է ստեղծվել, որի հետ ՀՀ իշխանությունը կապ չունի

Նոր համահայկական կառույց է ստեղծվել, որի հետ ՀՀ իշխանությունը կապ չունի

2023 թվականի հոկտեմբերի 1-ին Բրյուսելում՝ Ռոբերտ Շումանի անվան հրապարակում տեղի ունեցավ համաեվրոպական մեծ հանրահավաք՝ 10 հազարին հասնող ցուցարարների մասնակցությամբ։ Համաեվրոպական հանրահավաքի կազմակերպիչը եվրոպական ավելի քան 500 կազմակերպություն միավորող Europeans for Artsakh («Եվրոպացիները՝ հանուն Արցախի») համաեվրոպական համախմբումն էր։ Եվրոպական տարբեր երկրներից ու քաղաքներից Բրյուսել ժամանած ցուցարարները կոչ էին անում դատապարտել Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, Շառլ Միշելի եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մեղսակից քաղաքականությունը։ 

Մենք հետաքրքրվեցինք, թե նախաձեռնությունը շարունակելո՞ւ է արդյոք ակցիաները։ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նախաձեռնությունը ստեղծվել է դեռեւս անցած տարվա գարնանը։ Այս հարթակը ստեղծվեց ու միավորեց Եվրոպայի տարբեր երկրների հայկական կառույցները, կազմակերպությունները, համայնքները։ «Կազմակերպությունը տարբեր քաղաքական խողովակներով տարբեր աշխատանքներ է տանում եվրոպական պետությունների հետ․ Շառլ Միշելի գրասենյակի հետ բազմաթիվ հանդիպումներ են եղել, նամակագրություն։ Հոկտեմբերի 1-ի ցույցի ժամանակ Բրյուսելում եղավ հիմնական ցույցը, որին հիմնականում մասնակցեցին Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից եւ Հոլանդիայից, բայց Արցախի համար ցույցեր եղան նաեւ Լեհաստանում, Շվեդիայում, Հունաստանում։ Այս ամբողջը շարունակական է եւ Արցախի խնդիրը բարձր պահելու համար է, արցախյան ղեկավարության, որ ձերբակալվել են, իրենց ազատության համար պայքար է տարվում։ Դրա համար էլ Եվրոպայի մոտ 50 քաղաքներում տարբեր ակցիաներ պիտի տեղի ունենան»,- ասաց Լուլուկյանը։

Հարցին, թե ովքեր են կանգնած այս կազմակերպության ստեղծման հիմքում, ՀՀ իշխանությունները որեւէ կապ ունե՞ն կազմակերպության հետ, ասաց, որ Հայաստանի կառավարությունն այս կառույցի հետ բացարձակապես կապ չունի, նախաձեռնողը սփյուռքյան ավանդական կառույցներն են, այդ թվում` Հայ Դատի գրասենյակը։ «Հիմնական կարեւորագույն կառույցները սփյուռքում, որոնք քաղաքական կազմակերպություններ են եւ ներկայացնում են երկիրը քաղաքական առումով, միավորվել են այս հարթակի մեջ՝ արցախյան հարցի վերաբերյալ։ Ամեն ինչ սկսվեց դեռ այն ժամանակ, երբ Բերձորի միջանցքի հարցն էր, եւ պայքարում էինք դա բացելու համար։ Սա սփյուռքյան կառույցների միավորված հարթակ է։ Մենք արցախյան հարցով միավորվեցինք, բայց հիմա կան քննարկումներ, թե մեր ապագա գործունեության համագործակցությունն ինչ ֆորմատով, ինչ ձեւաչափով պիտի ավելի ընդարձակվի»,- ասաց Լուլուկյանը։

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամը տեղեկացրեց նաեւ, որ շատ շուտով հնարավոր է կոնֆերանս լինի Բրյուսելում՝ գարնանը, որի ժամանակ քննարկելու են իրենց մարտավարությունը եւ թե ուր են գնում, ինչ մարտահրավերներ ունեն եւ ինչ ուղեգիծ են որդեգրելու։ «Սա ծառայելու է համահայկական, սփյուռքյան, հայաստանյան եւ Արցախի հարցի լուծմանը, Արցախի հարցը մեզ համար դեռ փակված չէ, Հայաստանի անվտանգության, պետականության պահպանման հարցում պետք է կառույցը փորձի հարցեր լուծել։ Դիլեման այստեղ է, որ մենք Հայաստանի կառավարության հետ կապ չունենք։ Այսինքն, մենք պետք է գործենք սփյուռքում, տեսնենք՝ ինչ միջոցներով հնարավորություն ունենք ազդելու այս բոլոր գործընթացների վրա՝ համահայկական արժեքների եւ հատկապես Արցախի հարցի լուծման համար։ Եվ, իհարկե, սփյուռքի հայապահպանության, նոր ժամանակներում տեղի ունեցած մեծ փոփոխությունների, գլոբալիզացիայի հետ կապված մեր դիրքորոշումը, ինչպես պետք է այստեղ վերաձեւավորվենք եւ համագործակցության նոր կոնցեպտ մշակենք։ Այսինքն, տարբեր եվրոպական երկրների հայկական կառույցների փոխհամաձայնությունն ինչ մեխանիզմով պետք է գործի։ Սա դեռ այս փուլում է գտնվում»,- ասաց Լուլուկյանը։

Նա նշեց, որ սա դեռեւս հարթակ է, սակայն համաժողովից հետո պարզ կդառնա, թե ինչ ձեւաչափով հանդես կգա կառույցը։