Տրանսպորտի համար պետք է վճարեն 900 դրամ

Տրանսպորտի համար պետք է վճարեն 900 դրամ

2013-ին տրանսպորտի թանկացման դեմ պայքարող, այժմ՝ թանկացումների ջատագով ՔՊ-ական իշխանությունն ամեն գնով փորձում է թանկացնել հանրային տրանսպորտի արժեքը: Երևանի քաղաքապետարանը հերթական թանկացման նախագիծն է ներկայացրել: Այսպիսով՝ «Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում, նախատեսվում է ՝

30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր»։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ առաջին հայացքից շահավետ թվացող նախագիծն իրականում թանկացում է: Աբգարյանի կարծիքով՝ թանկացման նախորդ նախագծի համեմատ այս մեկն ավելի շահավետ է, սակայն կրկին անընդունելի. «Նրանց համար, ովքեր հանրային տրանսպորտից օգտվում են չորս և ավելի անգամ, գուցե սա շահավետ տարբերակ է, բայց խնդիրն այն է, որ քաղաքացիները հիմնականում օգտվում են երկու անգամ՝ աշխատողները գնում են աշխատանքի ու վերադառնում են տուն, նույնը կարող ենք ասել ուսանողների, դպրոցականների մասին: Օրինակ՝ իմ դուստրը մետրոյով աշխատանքի է գնում և վերադառնում է տուն: Այսինքն՝ եթե հիմա ամսվա կտրվածքով ծախսում է 4400 դրամ, այս նախագծով պետք է ծախսի ուղիղ կրկնակին: Այո, սա ևս ահռելի թանկացում է մարդկանց համար, ովքեր տրանսպորտից օգտվում են երկու անգամ, կամ առհասարակ հազվադեպ են օգտվում: Մեկ օրվա համար նախատեսված փաթեթ էլ կա մոտավորապես՝ 900 դրամ: Այսինքն՝ եթե մարդը այլ քաղաքից գալիս է Երևան և չունի փաթեթ, տրանսպորտի համար պետք է վճարի 900 դրամ: Նոր նախագիծ ներկայացնելը փաստում է, որ ՔՊ-ի նախորդ հիմնավորումները փուչ էին, դրանց տակ չկային հստակ հաշվարկներ ու մարդիկ օդից թվեր են գրում: Տրանսպորտի հարցը լայն խմբերին է վերաբերում, չպետք է գործեն խուլիգանական մեթոդներով և աշխատեն տեր վռազի նման: Տրանսպորտը չպետք է թանկանա բնակչի գրպանի հաշվին, ծախսերը պետք է սուբսիդավորվեն», - նշում է ավագանու անդամը: