Արժե՞ր «ծակ շալվարավորներին» բերել իշխանության

Արժե՞ր «ծակ շալվարավորներին» բերել իշխանության

Բազմիցս ենք համոզվել, որ փաշինյանական իշխանությունը քննադատություններից ո՛չ ազդվում է, ո՛չ էլ դասեր քաղում: Անում են այն, ինչ ուզում են: Օրերս Փաշինյանը դարձյալ հաստատեց, որ կառավարության անդամը պետք է բարձր աշխատավարձ ստանա: Վարչապետ Փաշինյանը հերթական անգամ հակասում է ընդդիմադիր Նիկոլին, ով անողոք պայքար էր մղում նախկին իշխանավորների բարեկեցիկ կյանքի դեմ` պաշտպանելով խանութներում «նիսյա» ապրանք վերցնող տատիկների ու աղքատների շահերը: Բայց այսօր այլ իրավիճակ է. պաշտոնյան պետք է լավ ապրի` անկախ նրանից, որ երկրում պատերազմական իրավիճակ է: Դեռ մի բան էլ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այդ մասին իրեն հարց տվողներին է ամոթանք տալիս, թե՝ «Թարգե՛ք այս թեման, ամո՛թ է: Ամո՛թ է՝ որպես լրատվամիջոց: Չի՛ կարելի»:

Ապա արդարացնում է շռայլ պարգեւավճարները՝ մարդիկ ցածր աշխատավարձով չեն ուզում աշխատել: Սիմոնյանը չի նշում, թե կոնկրետ ովքեր են չցանկացողները, որոնց զոռով բերել աշխատեցնում են, օրինակ` պատգամավոր: Պետք չէ մարդկանց «զոռով» աշխատեցնել, կան պրոֆեսիոնալ ու նվիրյալ մարդիկ, ովքեր 600 հազար դրամով մեծ սիրով կաշխատեն: Հետաքրքիր է իմանալ, թե այդ «զոռով» աշխատողները մինչ այս` երկնքից իջած պաշտոնները ստանալը որտե՞ղ են աշխատել եւ ի՞նչ աշխատավարձով: 
Հենց իշխանական պատգամավորների մեջ կան մարդիկ, որոնք եղել են գործազուրկ, աշխատանքային գրքույկի առաջին գրառումը եղել է՝ «ԱԺ պատգամավոր»: Ոմանք էլ օտարերկրյա դրամաշնորհներից են օգտվել եւ եկամտի այլ աղբյուր չունենալով՝ օտար կառույցների հետ են ֆինանսական փոխհարաբերությունների մեջ մտել: Հիմա չեն ուզում «ցածր» աշխատավարձով աշխատել: Սիմոնյանն ասում է, թե բա` պրոֆեսիոնալները ցածր աշխատավարձով ո՞նց աշխատեն: Որքան էլ փորձում ենք իշխանական թիմում պրոֆեսիոնալ գտնել, չի ստացվում: Մի հարցում, սակայն, Ալեն Սիմոնյանն անկեղծ է, երբ ասում է. «Էլի աշխատելու ենք, բայց իմ օրը զբաղված է լինելու, թե ես էն բանը ո՛նց տանեմ փակեմ (նկատի ունի վարկերը), սրանից (ցույց է տալիս վերնաշապիկը) ո՛նց գնեմ, որ ռուսների կամ ամերիկացիների հետ հանդիպմանը ծակ շորով չլինեմ»: Մարդը խոստովանեց, որ իրենց թիմն իշխանության է եկել «ծակ շորերով»: Ու 2 տարի 460 հազար դրամ մաքուր աշխատավարձն ու պարգեւավճարները դեռ չեն բավականացրել, որ իշխանության եկածները թարմացնեն կամ ունենան պատշաճ զգեստապահարան: Եթե 2 տարի միայն զգեստապահարանի հարցերը չեն լուծվել, ապա քանի՞ տարի է պետք, որ, ասենք, նորմալ բնակարան ունենան, ավտոմեքենա, արձակուրդների ժամանակ հանգիստն անցկացնեն կարգին տեղերում, որ  կարողանան երկրի հոգսերը քաշել եւ այլն: Իսկ Հայաստանի հպարտ քաղաքացին թող սպասի, մինչեւ «ծակ շալվարով» իշխանության եկածներն իրենց անձնական կարիքները հոգան, ապահովվեն, հետո նոր, եթե միջոցներ ու ժամանակ մնան, սկսեն մտածել «հպարտների» մասին: Իշխանափոխությունից հետո հաճախ ենք համացանցում տեսնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան հին լուսանկարը, որի տակ գրառումներ են արվում, թե Քոչարյանը «ծակ շալվարով» եկավ իշխանության, միլիարդատեր դարձած՝ գնաց: Թե ինչպես Քոչարյանը հեռացավ իշխանությունից, դեռ ապացուցված չէ, բայց մի բան փաստ է, որ մինչ ՀՀ գալը նա անգործ չէր ու փողոցից չեկավ իշխանության. մինչ Հայաստան գալը նա եղել է Արցախի նախագահ, զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Նրա կինն Արցախում բժիշկ է աշխատել: Հետեւաբար, գոնե զգեստապահարանի հարցը լուծված էր, ու «ծակ շալվարի» խնդիր չկար: 

Անցյալից մենք դասեր ենք քաղել եւ քայլիստներին իշխանությունից ճանապարհելիս ուշադիր կլինենք, թե ինչ «ավարով» են նրանք հեռանալու իշխանությունից…
Մի առիթով երբեմնի վարչապետ Արմեն Դարբինյանը հայտարարություն արեց, թե իշխանության եկած մարդը պետք է մանուկ հասակից խավիար կերած լինի: Այս խոսքը շատ քննադատությունների առիթ տվեց: Բայց դրա մեջ կա ճշմարտություն․ եթե մարդը գալիս է իշխանության ու նոր է սկսում «իկրա» ուտել, ապա նրա երեխան սկսում է առանց խավիարի սեղան չնստել… 

ՀԳ․ Գլոբալ առումով, կապ չունի՝ մարդը «ծակ» հագուստո՞վ է եկել իշխանության, թե՞ բրենդային, մանուկ հասակում ինչ է կերել, ինչ չի կերել: Ավելի լավ է մարդու հագուստը «ծակ» լինի, քան` աչքը: Եթե մարդն իր բնույթով աչքածակ է, նրա աչքը երբեք չի լիանա: Իսկ եթե աչքը կուշտ է, սոված ժամանակ էլ չտեսություն չի անի: Տեսած կլինեք, թե ինչպես է խիստ վատ պայմաններում ապրող երեխան հպարտորեն հրաժարվում իրեն հյուրասիրած կոնֆետից՝ ասելով, թե նոր է կերել: Այնինչ իրականում գուցե վաղուց կոնֆետի համ չի տեսել: Մինչդեռ կան ապահովված ընտանիքների երեխաներ, որոնք ագահորեն հարձակվում են հյուրասիրած «կոնֆետի» վրա…