«Հրապարակ». Ինչի՞ մի բերան չեք ասել վերահաս արհավիրքի մասին

«Հրապարակ». Ինչի՞ մի բերան չեք ասել վերահաս արհավիրքի մասին

Խորհրդարանում կառավարության անդամների եւ պատգամավորների միջեւ հարցուպատասխանի ժամանակ իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, հիշեցնելով «Հրապարակ»-ի՝ Սերժ Սարգսյանին դատարանի մոտ տված հարցը, ասաց․ «Օրերս դիզվառելիքի գործով անցնող Սերժ Սարգսյանը լրագրողներին տված ճեպազրույցի ժամանակ որոշակի ձեւակերպումներ է արել, որ կուզեմ լսել Ձեր կարծիքը։ Լրագրողի հարցին, որ վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու պատճառով է, որ բողոքի ալիք առաջացավ Հայաստանում, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Դրանից չի առաջացել, ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն, եւ իմ այդ որոշումը ոչ թե հօգուտ իմ անձի է եղել, այլ դրանով փորձել եմ այդ արհավիրքը վերացնել Հայաստանից, հայ ժողովրդից, բոլոր այն մարդիկ, որոնք պահանջել են իմ հրաժարականը, թող ասեն՝ ինչի են հասել»»։ 

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը, ասաց՝ եթե վարչապետի թեկնածու առաջադրվելու պահին Սերժ Սարգսյանը գիտեր մոտեցող արհավիրքի մասին, դա զրոյացնում է այն հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակ ունեին մինչեւ 2018 թիվը։ «Սերժ Սարգսյանի խոսքերի կոնտեքստից զգացվում է, որ խոսքը ԼՂ խնդրի շուրջ առաջացող բարդությունների մասին է, եւ շատ կարեւոր է, որ հիմա Սերժ Սարգսյանը հետահայաց նման բան է հայտարարում։ Այն ժամանակ, երբ նա կայացրել է որոշում՝ վերստին առաջադրվել վարչապետի թեկնածու, այդ պահին, ըստ նրա, ինքն իմացել է վերահաս արհավիրքի մասին։ Հետեւաբար, սա մի հայտարարություն է, որ ոչ միայն վերահաստատում է 2018թ. դրությամբ ԼՂ հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ մեր գնահատականները, այլեւ նոր նյուանս է ավելացնում, վերահաստատում, ուժեղացնում գնահատականները։ Բա էդ արհավիրքը, որ 2018թ․ հունվարի դրությամբ արդեն վերահաս էր, էդ ո՞ւմ գործողությունների եւ ո՞ւմ վարած բանակցությունների արդյունքում էր այդ արհավիրքը կանգնել Հայաստանի դռան դեմը։ Այդ դեպքում ինչո՞ւ այդ արհավիրքի մասին չի ասվել ՀՀ ժողովրդին։ Համարենք, որ նա՝ Սերժ Սարգսյանը, պաշտոնով կաշկանդված է եղել, հեղափոխությունը եղել է 2018-ի մայիսին, որոշ ժամանակ անց եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչո՞ւ հանրությունը կամ կառավարությունը չի իմացել այդ արհավիրքի մասին»,- խոսքը Սերժ Սարգսյանին ուղղեց Փաշինյանը: 

Ապա կրկին անդրադարձավ նրան. «2018թ․ մայիսի 9-ից սկսած՝ մարդիկ ասել են՝ տալիս են, տարան, էս արին, էն արին, բա այդ մասին հրապարակային չէի՞ն կարա գրեին, տեղեկատվություն տային կառավարությանը, ոչ թե փորձեին մոլորության մեջ դնել։ Ես մի անգամ փորձ արել եմ նախկին իշխանության ներկայացուցիչների հետ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, բայց էդ մարդիկ պատասխանում են այն նույն ձեւով, ինչ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին էին պատասխանում։ Էդ մարդիկ փորձում են վիրտուալ իրականություն ստեղծել։ Էդ ո՞նց ա՝ Սերժ Սարգսյանը կարար պաշտոնանկությունից հետո իր թիմի հետ մեզ կենցաղային հարցերով նամակ նամակի հետեւից գրեր, բայց չէր կարա ասեր՝ կառավարություն, վերահաս արհավիրքի առաջ եք»։ 

Բայց առնվազն մի քանի հարց է ծագում այս ելույթը լսողների մոտ. նախ, եթե «արհավիրք» էր, եւ իրավիճակը նախկիններն արդեն հիմնովին փչացրել էին, ինչո՞ւ 2018-ին իշխանության եկած Փաշինյանն ինքը չէր տեղեկացնում այդ մասին հանրությանը, հակառակը` ասում էր. սկսում եմ իմ զրոյական կետից, ինչ ուզում` բանակցում եմ, ասում էր` Արցախը Հայաստան է: Ինչո՞ւ էր մերժում տարբեր մասնագետների առաջարկները` օգնելու իրեն, մինչ օրս էլ մերժում է երկարամյա ԱԳ նախարար, բանակցություններից լավատեղյակ Վարդան Օսկանյանի առաջարկը: Իսկ 2018-ին հանդիպելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ՝ մեծամտորեն հայտարարեց, որ «ոչ մի նոր բան չիմացա» Արցախի հարցի մասին: Եթե արհավիրքին մոտ էինք, ինչո՞ւ էր իր հայտարարություններով հրահրում Ադրբեջանին, փչացնում Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչո՞ւ 3 տարի զենք չէր գնում եւ այլն, եւ այլն: