Ընտրական թեժ աշուն Գյումրիում․ քաղաքապետի թեկնածուների ցանկը ընդլայնվում է

Ընտրական  թեժ աշուն Գյումրիում․ քաղաքապետի թեկնածուների ցանկը ընդլայնվում է

Աշնանը Հանրապետության երկրորդ քաղաքում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, որոնք արդեն երկրորդ անգամ կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Ընտրությունները հոկտեմբերին են, սակայն առաջադրումները կսկսվեն ավելի վաղ։

Գյումրիում նախատեսվում է թեժ նախընտրական շրջան, մի շարք անուններ են շրջանառվում ՝ գործող քաղաքապետից մինչև սպորտսմեն եւ ԱԱԾ նախկին աշխատակից։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն թեև անհայտ է, բայց խոսակցությունների համաձայն ՔՊ առաջնորդը քաղաքապետի պաշտոնը խոստացել է նախկին իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանին, որը ընտրություններին ՔՊ-ի համամասնական ցուցակի 91-րդ տեղում էր։

Իշխող կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրի պնդմամբ՝ Սարուխանյանին քաղաքապետ կարգելը կուսակցության ներսում միանշանակ չի ընդունվել, կան որոշակի տարաձայնություններ, որի համար էլ հարցը դեռևս քննարկման փուլում է։

Շրջանառվող մյուս լուրը՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է կամ նրա հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը։ Չեմպիոնի հայրը վերջերս լրագրողներից մեկի ճշգրտող հարցին պատասխանել  էր․ «Մենք հիմա գնում ենք օլիմպիական խաղերի, եկեք այդ թեման հիմա չխոսենք, գնանք-գանք ու հետո այդ հարցերին կպատասխանեմ»,- ըստ էության, ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով լուրը:

 Ինչ վերաբերվում է Գյումրու գործող քաղաքապետին, ապա Սամվել Բալասանյանը մերձավորների շրջանում չի թաքցրել կրկին ինքնաառաջադրվելու մտադրությունը։ Քաղաքում կատակում են, թե Բալասանյանն իր «զապաս» կուսակցության վրա է հույսը դրել՝ ակնարկելով նրա կողմից ձևավորված «Բալասանյան դաշինք» քաղաքական թիմը, որը ստեղծվեց նախորդ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Ի դեպ, մեր տեղեկություններով, գործող քաղաքապետին այս ընտրություններում ներքին կարգով պատրաստվում է սատարել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի նաև քաղաքի խոշոր ընկերություններից մեկի հիմնադիր, գործարար Վարդևան Հակոբյանը՝ Գյումրիում առավել հայտնի ԿԳԲ-ի Վարդանը։ Ի դեպ, նրան է պատկանում «Գրոմ Սիքյուրիթի» պահնորդական ընկերությունը, որը մեծ թվով աշխատողներ ունի, եւ ինչպես մեր աղբյուրը նշեց, Հակոբյանի ազդեցությունների շրջանակը բավականին մեծ է։ ԱԱԾ նախկին աշխատակցի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու լուրը փորձեցինք ճշտել անձամբ նրանից։

Մեր հարցին ի պատասխան՝ ընկերության տնօրենն ասաց․ «Ես այս պահին ոչինչ չեմ բացառում։ Ես  թե նախկին և թե ներկայիս գործունեությամբ լավ գիտեմ քաղաքը։ Բայց մի բան հաստատ կարող եմ ասել, որ այս խորհրդարան անցած դաշինքների և կուսակցությունների հետ միանշանակ չեմ մասնակցի: Սա հստակ Գյումրի քաղաքի քաղաքապետի ընտրություն է, և պետք է ընտրված քաղաքապետը համագործակցի բոլոր ուժերի հետ»: