Բլինքենը ֆոն դեր Լյայենի հետ քննարկել է Ուկրաինային հետագա աջակցությունը եւ Ռուսաստանի դեմ միջոցառումները

Բլինքենը ֆոն դեր Լյայենի հետ քննարկել է Ուկրաինային հետագա աջակցությունը եւ Ռուսաստանի դեմ միջոցառումները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինային հետագա աջակցությունը եւ Ռուսաստանի դեմ միջոցները, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը զրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինային հետագա աջակցության հարցերը, եվրոպական էներգետիկ անվտանգությանն ԱՄՆ-ի հավատարմության հաստատումը եւ Ուկրաինայի դեմ պատերազմի համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ջանքերի հետագա համակարգումը: Պետքարտուղար Բլինքենը եւ նախագահ ֆոն դեր Լյայենը քննարկել են նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայում կայունության եւ անվտանգության ապահովման կարեւորությունը։ Քարտուղարն ընդգծել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի համալրման Յոթերորդ համաժողովի հաջողության կարեւորությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Եվրամիությունը հավանություն էր տվել Ուկրաինային 9 միլիարդ եվրոյի օգնության փաթեթին, սակայն մինչ օրս երկիրը 1 միլիարդ եվրոյի օգնություն է ստացել:

Հաղորդվել է, որ օգնության նոր ծրագրի համաձայն՝ նախատեսվում է մինչեւ 5 մլրդ եվրո երաշխավորված վարկեր տրամադրել, եւս 4 մլրդ եվրո կուղարկվի դրամաշնորհների տեսքով։ ԵՄ անդամ երկրների ֆինանսների նախարարները նախօրեին հաստատել են այս ծրագիրը։

Օգոստոսին Պենտագոնը հայտարարել էր, որ անցյալ տարվա հունվարից ԱՄՆ-ն ավելի քան 13,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային։ Ավելի ուշ ընդունվել էր նոր փաթեթ՝ հաշվի առնելով, որ այդ գումարը գերազանցել է 14 միլիարդ դոլարը։