Շանս տանք բոլորին

Շանս տանք բոլորին

Հետաքրքիր ժողովուրդ ենք` ամեն Աստծո օր կարող ենք բողոքել, որ քաղաքական ուժերն ակտիվ չեն, փողոց դուրս չեն գալիս, բայց երբ նրանք դուրս գան, ոչ միայն նրանց կոչով  պատրաստ չենք փողոց դուրս գալու, այլեւ սկսվում է այդ պայքարը տապալելու եւ մերժելու հուժկու շարժում: Կարող ենք ամեն օր բողոքել, որ լիդեր չկա, ընդդիմությունն առաջնորդներ չունի, այլընտրանք չեն առաջարկում, դրա համար էլ հունիսի 20-ին ՔՊ ու Նիկոլ ընտրեցինք, իսկ երբ ասպարեզում հայտնվում է որեւէ նոր անուն, ազգովի հարձակվում ենք այդ մարդու վրա` փնովում ու վարկաբեկում, սեւացնում եւ ասպարեզից հեռացնում: Մի կողմից բողոքում ենք, որ 30 տարի շարունակ մեր ընտրությունը պտտվում է Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան անունների տիրույթում, իսկ երբ հանկարծ նոր մարդ է հայտ ներկայացնում, մերժում ենք ու դեռ չկայացած` «փչացնում»:

 

Մինչդեռ ցանկացած գիտակից մարդ պետք է հասկանար, որ հրեշտակներ կամ իդեալական թեկնածուներ չեն հայտնվելու, եւ նոր առաջնորդներ ու նոր քաղաքական ուժ փնտրող հասարակությունը ժամանակ եւ շանս է տալիս բոլորին: Ոչ ոք չի կարող կայանալ ու առաջ գնալ, եթե այդ շանսը չտրվի, քանզի ճակատագիրը ոչ մեկի հանդեպ այնպես բարյացակամ չի լինում, ինչպես եղավ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ` մի քանի ամսվա կամ թեկուզ մի քանի տարվա ակտիվությունից հետո իշխանության բերելով:

 

Թվում է` ի՞նչ վատ թեկնածու է օմբուդսմեն Արման Թաթոյանը, ցանկացած ժողովուրդ ուրախ կլիներ նման կադր ունենալու համար, բայց անգամ Թաթոյանին են ոմանք մերժում: Ինչո՞վ հարմար թեկնածու չէր, ասենք, Արթուր Վանեցյանը, որին հնարավորություն չտվեցին կայանալ: Ի՞նչն է խանգարում, որ շանս տանք, ասենք, Ռուբեն Վարդանյանին, Իշխան Սաղաթելյանին, Արփինե Հովհաննիսյանին եւ շատ ուրիշների: