Հույժ կարեւոր լուծման սպասելիս

Հույժ կարեւոր լուծման սպասելիս

Օրերս Գյումրիում կայացած բիզնես-ֆորումի ժամանակ, ի պատասխան բարձրացված խնդրի, թե գյուղերում ագրոնոմի, անասնաբույծի, անասնաբույժի մեծ պահանջարկ կա, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հավաստիացրեց, որ կառավարությունում շատ կարեւոր փոփոխություն են նախապատրաստում: Ըստ այդմ, երիտասարդների համար պակաս գրավիչ, սակայն երկրի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների մասնագետների պատրաստման, սահուն սերնդափոխության գործը կայուն հիմքերի վրա դնելու նպատակով հավանաբար կրթաթոշակներ կսահմանվեն: 

Ասել, թե Ագրարային համալսարանի համար սա շատ կարեւոր քայլ կլինի, նման է ոչինչ չասելու: Սա փրկօղակ կլինի ե՜ւ ապագա ուսանողների ընտանիքների ընկերային վիճակի, եւ մասնագետների պատրաստման տեսանկյունից: Եւ բուհն էլ ավելի ամուր, ցնցումներից պաշտպանված կդառնա:

Հակառակ դեպքում, որքան էլ դպրոցականներին բերենք շրջայցերի, որքան էլ տեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառենք հանրային իրազեկման աստիճանի բարձրացման նպատակով, արդյունքը գոհացնող չի կարող լինել: Պատճառը պարզ է՝ ժամանակակից հարթակներում (ինստագրամ, տիկտոկ) գրանցված երիտասարդներին ոչ թե տեղեկատվությունն է հետաքրքրում, այլ պարզ զվարճանքը, թեթեւ, լիցքաթափող ժամանցը: Էլ չենք խոսում հեռուստատեսության մասին, որը երիտասարդների աչքին իր դերն ու նշանակությունը վաղուց է կորցրել ու դրա առջեւ՝ բազկաթոռի մեջ, տարիքային ավագ խմբի թոշակառուներն են միայն մնացել: Այնպես որ, խորհրդային հայտնի ֆիլմի հերոսի պնդումը, թե ապագայում կենսունակ է լինելու միայն հեռուստատեսությունը՝ «սպլաշնոյ», մեղմ ասած սխալ դուրս եկավ: Բայց սա այլ թեմա է:

Մեկ էական հանգամանք եւս՝ դիմորդն ու նրա ընտանիքը պետք է համոզված լինեն, որ փոքր ներդրումներով (ուսման՝ համեմատաբար փոքր վարձավճարով) մեծ արդյունքի կարելի է հասնել եւ աշխատանքային հեռանկարն էլ կանչող ու պատվաբեր կլինի: Նախատեսվող փոփոխությունները, կարծում ենք, հենց այդ մասին են: 

Կառավարությունը ռազմավարական նշանակության քայլ է նախապատրաստում, որը դրական կազդի մեր երկրի յուրաքանչյուր անհատի-քաղաքացու (խոսքն անշուշտ բնակության վայրի մասին չէ) անվտանգ սննդով ապահովելու, պարենային ինքնաբավության մակարդակը բարձրացնելու տեսակետից: Սա պետք է բոլորին: Բոլորիս:

Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ

մշակութաբան