Արցախի Անկախության տոնին ո՞ւր էր անհետացել Գարեգին Բ-ն

Արցախի Անկախության տոնին ո՞ւր էր անհետացել Գարեգին Բ-ն

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության տոնն էր։ 
Իհարկե, ոչ ամենեւին լիարժեք ուրախությամբ, բայց, ամեն դեպքում, որպես զորակցություն Արցախում բնակվող մեր հայրենակիցներին, տոնական այդ օրը փոքրիշատե հանդիսավոր կերպով նշվեց Ստեփանակերտում, Հայաստանում էլ պաշտոնական ուղերձներ հնչեցին, տարբեր քաղաքական ուժերի կողմից հայտարարություններ արվեցին, ընդդիմությունն էլ հանրահավաք արեց այդ խորհրդանշական օրը, ելույթներ ունեցան։ 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված ուղերձով հանդես եկավ նաեւ Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Մինչդեռ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձն այդպես էլ չկարողացանք գտնել ո՛չ Մայր Աթոռի պաշտոնական՝ armenianchurch.org կայքում, ո՛չ Մայր Աթոռի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Վերջինը եղել է սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա ուղերձը: Սեպտեմբերի 2-ին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն է ուղերձ հղել Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ: Սեպտեմբերի 3-ին Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի խոսքը գտանք` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ գագաթնաժողովին, սակայն Արցախի Անկախության տոնի առիթով շնորհավորական ոչ մի խոսք կամ ուղերձ չի հնչել Ամենայն հայոց կաթողիկոսից։ Գարեգին Բ-ն լուռ էր, Արցախի Անկախության տոնին անհաղորդ։ 

Սա, ինչ խոսք, տարօրինակ է, որովհետեւ նախորդ տարիներին նա, որպես կանոն, շնորհավորական ուղերձներ հղել է։ Նաեւ տարակուսելի է, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե այդ լռությունը կա՛մ որոշակի «հանձնարարության կատարում է», կա՛մ Գարեգին Բ-ի համար այլեւս Արցախը՝ որպես միավոր, որպես պետականություն, գոյություն չունի, դրա համար էլ ոչ մի խոսք, անգամ շնորհավորական ուղերձ չի հղվել։ 

Թե ինչու Գարեգին Բ-ն շնորհավորական խոսք չի հղել սեպտեմբերի 2-ին, թերեւս իր բացատրությունները կունենա: Թեեւ քիչ է հավանական, որ այդ մասին բարձրաձայնի։ Սակայն ընկալումները տհաճ են։ Ու եթե անկեղծ լինենք՝ Արցախում բնակվող մեր հայրենակիցների համար դա նաեւ վիրավորական է։ Հոտի առաջնորդի` Վեհափառի կողմից մի տեսակ լքվածության զգացողություն կարող է առաջանալ, որովհետեւ Արցախն այսօր լավագույն օրեր չի ապրում, արցախցիները, անգամ ռուսական խաղաղապահների ներկայության պայմաններում, իրենց անպաշտպան ու լքված են զգում, նրանց մոտ դեպրեսիվ տրամադրություններ են ու սթրեսային իրավիճակ, իսկ գլխներին մշտապես կախված է հայրենազրկման, տնանկության վտանգը։ 
Եվ թվում էր, թե այս ոչ բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտում արցախցի մեր հայրենակիցը, անկախ պետական այրերից, առաջնահերթորեն Հայոց եկեղեցու եւ Վեհափառի զորակցությունն էր իր թիկունքին զգալու՝ թե՛ նյութական, թե՛ բարոյական եւ թե՛ նույնիսկ նման արարողակարգային-դեկլարատիվ մակարդակում։ 

Իհարկե, Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանին պետք է արժանի երախտագիտությունը հայտնել՝ ԵՀԽ 11-րդ գագաթնաժողովին ասած խոսքի համար։ Սակայն որեւէ մեկը չի կարող ենթադրել, որ նա Գարեգին Բ-ի թույլտվությամբ է իր խոսքն ասել։ Նման բան ասողը կարող է ընկնել ծիծաղելի, հիմար դրության մեջ։ Վիգեն Այքազյանն այն կալիբրի եկեղեցականը չէ, ում Գարեգին Բ-ն որեւէ բան ասի, որովհետեւ Սպիտակ տան գործող վարչակազմի՝ ընդհուպ մինչեւ նախագահ Ջո Բայդեն, ու նաեւ նախորդ վարչակազմերից Բարաք Օբամայի վարչակազմի հետ նա բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել եւ ունի: Այքազյանը հարկ եղած դեպքում նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պրոադրբեջանական «քարոզչական շնիկներից» մեկին սանձահարելու փորձ ունի: Նաեւ ունակ է, անկախ եկեղեցական-ներկայացուցչական պրոտոկոլային վերաբերմունքից, իր դեմքն ի տես հասարակության ցուցադրել ու ինքնուրույն լինել։