Մենք նախ պետք է ախտորոշենք՝ ինչ խնդիրներ ունենք․ Սիլիկոնյան հովիտ

Մենք նախ պետք է ախտորոշենք՝ ինչ խնդիրներ ունենք․ Սիլիկոնյան հովիտ

ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանը եւ պատվիրակությունը Լոս Անջելեսից ժամանեցին Սան Խոսե՝ Սիլիկոնային հովիտ՝ հանդիպելու Հայաստանից այնտեղ հաստատված տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների։ Նրանցից մեկը Փաշինյանի հետ  հանդիպմանը, ի դեպ, չշրջանցեց Ամուլսարի հարցը, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Միշտ զարմանում եմ մեր ժողովրդի էդ հատկության վրա, որ կարելի ա գալ Սիլիկոնային հովտում եզրակացնել, որ մեզ հանք պետք չի՝ մի երկրում, որն ամբողջ քաղաքակրթությունը կառուցել ա առաջին հերթին հանքի վրա, հասկանո՞ւմ եք: Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմությունը հանքերի պատմություն ա, որովհետեւ մարդիկ էստեղ էկել են «ոսկու տենդի» հետեւից, հետո էկել են պղնձի հետեւից, հետո էկել են ածուխի հետեւից, հետո էկել են նավթի հետեւից, հետո էկել են գազի հետեւից, եւ ձեր եզրակացությունը Միացյալ Նահանգներում էն ա, պնդումը, որ հանք պետք չի: Դուք ասում եք, որ Հայաստանը պետք ա լինի ագրարային երկիր, որտեղ միշտ պետք ա դաշտերում մայեն ոչխարները, մենք էլ փափախով ծառի տակ պետք ա նստած լինենք: Էս՝ ընդհանուր գաղափարի մասին»։

Ինչեւէ, Փաշինյանն այս առնչությամբ կրկնեց այն, ինչ վերջին շրջանում միշտ է ասում՝ եթե էդ հանքը հնարավոր է շահագործել 100 տոկոսանոց էկոլոգիապես անվտանգ, կշահագործվի, չէ՝ չի շահագործվի: Սիլիկոնյան հովիտ այցը նշանավորվեց նաեւ վենչուրային կապիտալիստների հետ հանդիպումով եւ Դրափերի համալսարանի հիմնադիրներ Թիմ եւ Բիլ Դրափերների հետ ճաշով։ Ավարտին ստորագրվել են  տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ծավալման ու զարգացման հեռանկարները։ Ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր․ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել, համատեղ կրթական ծրագրեր իրականացնել տեխնոլոգիաների ոլորտում որակյալ մասնագետներ պատրաստելու եւ վերապատրաստելու հարցում։ Որքան հայտնի է՝  «Սինոփսիս Արմենիայից» Հայաստանից մեկնած պատվիրակության կազմում մարդ չկար։ Ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը չհերքեց՝ ասելով, որ գնալու դեպքում ինքը պետք է գնար, բայց դրա կարիքը չկար, որովհետեւ Սան Խոսեում է գտնվել ընկերության ներկայացուցիչ Երվանդ Զորյանը, ով  Սան Խոսեում դիմավորել է Հայաստանի պատվիրակությանը։

«Առանձնազրույց է եղել, մեր ծրագրերի մասին ենք պատմել՝ ինչ ծրագրեր եւ այլն, Գյումրու հետ կապված, Պոլիտեխնիկի եւ այլն։ Կառավարությունն էլ՝ իր ծրագրերի մասին»,- ասաց Հովիկ Մուսայելյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանի հանդիպումը մնացած 15 այլ ընկերությունների հետ նույնպես կարեւոր է, քանի որ դրանք, նրա խոսքով, առանցքային ընկերություններ են, որոնք, սակայն, Հայաստանում որեւիցե գործունեություն չեն ծավալել։ Ուստի ընտրվել են այն ընկերությունները, որոնց Հայաստան գալը պետք է խրախուսվի։ Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ այս ոլորտը համարվում է Հայաստանի գերակա ճյուղերից մեկը, եւ դրան առանձնահատուկ ուշադրություն է դարձվում, սրանք այցի շրջանակներում հանդիպումների՞ համար են, թե՞ գործնականում կարող են ինչ-որ նոր բան ավելացնել։ Պարոն Մուսայելյանն ասում է՝ այո, բայցեւ նշում, որ հարցին համափարփակ պատասխան տալու համար պետք է նախ ախտորոշել, թե ինչ խնդիրներ ունենք։

«IT ոլորտում մեր հիմնական խնդիրը որակյալ կադրերի պատրաստման խնդիրն է, չունենք ստրուկտուրաներ, որոնք այդպիսիք պատրաստում են, համալսարաններն ի զորու չեն միանգամից պատրաստել կադրեր, որոնց շրջանավարտներն անմիջապես ավարտելուց հետո պահանջարկված կլինեն մասնավոր հատվածի կողմից։ Դրա համար գտնել գործընկերներ կամ համագործակցել ամերիկյան համալսարանների հետ, ինչպես տվյալ դեպքում, շատ կարեւոր է»,- հավելեց Հովիկ Մուսայելյանը։ Նրա խոսքով՝ եթե չկան որակյալ կադրեր, որքան էլ կանչես միջազգային կազմակերպությունների՝ գալ Հայաստան, չի լինելու։

Հարցին, թե ինչ պատահեց կադրերի հետ, արդյո՞ք արտագաղթեցին այս տարիներին, «Սինոփսիս Արմենիայի» տնօրենը պատասխանեց, որ խնդիրը նոր չէ, միշտ եղել է, ու ավելացրեց․ «Սինոփսիսի ֆենոմենը, որ այսքան աճ եղավ, մինչեւ 1000 հոգի մարդ դարձանք,  այն էր, որ միակն ենք, որ տարբեր ամբիոններում ամբիոններ բացեցինք եւ մեր համար սկսեցինք կադրեր պատրաստել, որոնց ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի հրավիրեցինք։

Պատահական չէ, որ այդ 1000-ից կեսից ավելին մեր նախկին ուսանողներն են»։ Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ կան ընկերություններ, որոնք կրթության մեջ կադր պատրաստելու համար ներդրումներ չեն անում, մի քանի կոպեկ ավել գումար են տալիս՝ աշխատավարձի տեսքով, եւ «Սինոփսիս Արմենիայի» աշխատակիցներին տանում են իրենց մոտ։ Այսինքն՝ իրենք տարիներով երկարաժամկետ ինվեստիցիաներ են անում՝ կադր պատրաստելու համար, ուրիշները տանում են։ Այս իրավիճակում Մուսայելյանը չի կարող մեղադրել իրենց լքողներին էլ։ Ասաց՝ մարդիկ են, մեծ հիփոթեքային վարկեր ունեն, պետք է փակել, բայց մյուս կողմից էլ՝ ընկերությունը չի կարող անընդհատ աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել։