Պարտք կուտակվում է, չէ՞․ «Գազպրոմ Արմենիա»-ն կասի բանակցություններից հետո

Պարտք կուտակվում է,  չէ՞․ «Գազպրոմ Արմենիա»-ն կասի բանակցություններից հետո

«Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ՝ կոմերցիայի եւ արտաքին կապերի գծով տնօրեն Վախթանգ Միրումյանը սահմանին 1000 խորանարդ մետրի դիմաց 15 դոլար կամ 10 տոկոս թանկացման վերաբերյալ ոչինչ ավելի չասաց, քան երեկ ընկերության հանձնաժողովի տեղեկատվությունն էր, որից, թերևս, գլուխ կհանեն միայն ոլորտի մասնագետները։

«Դրանից զատ տեղեկատվություն այս պահին առկա չէ, հենց լինի, կտեղեկանաք» ,-ասաց Վախթանգ Միրումյանը՝ ՀԾԿՀ հանձնաժողովի նիստից հետո։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե պարտք կուտակվո՞ւմ է, նա ասաց․ «Կուտակվում է, չի կուտակվում, ինչպե՞ս պետք է իրականացվի ֆինանսատնտեսական գործունությունը, այդ բոլոր հարցերը հիմա քննարկվում են»։

Hraparak.am-ի հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է, որ լինի 2013-ի իրավիճակը, երբ սահմանին գազը թանկացել էր, հանրապետությունում նույն սակագին էր, հետո պարզվեց, որ կուտակվել է 300 միլիոն, որի դիմաց վաճառվեց ՀՀ 20 տոկոս բաժնեմասը։ Չնայած, տնտեսագետները համառորեն զգուշացնում էին, իշխանությունն ու ՀԾԿՀ-ն պահպանում՝ լռություն, Վախթանգ Միրումյանն ասաց․ «Բոլոր ուղղություններով քննարկումները շարունակվում են, որպեսզի մի կողմից չվնասի ընկերության գործունեությանը, մյուս կողմից չբերի համապատասխան ոչ ցանկալի արդյունքների»։

Վախթանգ Միրումյանը չբացառեց, որ բանակցությունները ընթանում են ինչպես «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար Հայաստանի կողմից սահմնաված շահութաբերության 9 տոկոսանոց շեմը իջեցնելու՝ մարժինալության, այնպես էլ ներդրումային ծրագիրը սահմանափակելու։

Հավելեց՝ բոլոր ուղղություններով, այս թվում նաև՝ կապիտալ նորոգումների ու կորուստների նվազեցման։ Բանակցությունները կշարունակվեն ևս երկու ամիս, թեպետ, Միրումյանը չբացառեց, որ կարող են ավելի երկար տևել։