5 տոկոսից չնչին պակասեց, որ նրանք մտնեին խորհրդարան

5 տոկոսից չնչին պակասեց, որ նրանք մտնեին խորհրդարան

Հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, եթե դրանք կայանան եւ կազմակերպվեն նոր Ընտրական օրենսգրքով, ըստ ամենայնի, առաջադրվողների թվով ամենաբազմամարդը կլինեն։

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է ավելի ցածր անցողիկ շեմ սահմանել՝ կուսակցությունների դեպքում 5-ի փոխարեն բավարար կլինի հավաքել ընտրողների ձայների 4 տոկոսը: Բացի այդ, կվերացվի ռեյտինգային ընտրակարգը, որը չկայացած, նոր կուսակցությունների համար անհաղթահարելի արգելք է՝ մարզերում մոտ 1000-ի հասնող թեկնածուներ ունենալը բարդ խնդիր է անգամ կայացածների համար։ Այս ամենը խոսում է այն մասին, որ գրանցված 90-ի չափ կուսակցությունների մի մեծ հատված կմասնակցի այս ընտրություններին՝ բախտը կփորձի։ 

Նախորդ բոլոր ընտրություններում եղել են կուսակցություններ, որոնց շատ քիչ ձայն է պակասել խորհրդարան անցնելու համար։ Սակայն դրանց մեծ մասն այդ ձախողումից հետո այլեւս ոտքի չի կանգնել եւ հաջորդ ընտրություններին չի մասնակցել։ Հիշենք, թե Հայաստանում անցկացված 7 խորհրդարանական ընտրություններում որ կուսակցություններն են շատ մոտ եղել անցողիկ 5 տոկոսին։

2018թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններ

Մասնակցած 11 եւ խորհրդարան չանցած 8 ուժերից՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Քրիստոնեաժողովրդական», «Ազգային առաջընթաց», «Քաղաքացու որոշում», «Սասնա ծռեր», «Օրինաց երկիր» կուսակցություններից եւ «Մենք» դաշինքից, ամենամոտը 5 տոկոսին ՀՀԿ-ն էր՝ 4․70 տոկոսով։ 2018-ի դեկտեմբերին թեպետ ՀՀԿ-ն ընտրության արդյունքները չբողոքարկեց, բայց հետո արդեն սկսեց խոսել ընտրակեղծիքների մասին։ ՀՅԴ-ն ստացավ ընտրողների 3․88 տոկոսի ձայները։ Մյուս կուսակցությունների ստացած ձայները 0․68, 0,51-ից մինչեւ 1․82 տոկոսի սահմաններում էին։

2017թ․ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրություններ 

2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցեցին 9 կուսակցություն եւ դաշինք։ Խորհրդարան չանցած 5 կուսակցություններից ու դաշինքներից՝ «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի կոմկուս, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան՝ ՕՐՕ, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքներ 5 տոկոսի արգելանքը հաղթահարելուն ամենամոտն էր «Հայկական վերածնունդը»՝ նախկին ՕԵԿ-ն իր 3․72 տոկոսով, ՕՐՕ դաշինքը ստացավ ընտրողների 2․07 տոկոսի ձայները։

2012թ․ ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ընտրություններ

2012 թ․ մայիսի 6-ի ընտրություններին ԱԺ մտան աննախադեպ քանակի քաղաքական ուժեր՝ բացի իշխող ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից, անցան նաեւ ՀԱԿ-ը, «Օրինաց երկիր»-ը, «Ժառանգությունը»։ Իսկ չանցածներից անցողիկ շեմը հաղթահարելուն ամենամոտը կոմունիստներն էին՝ 1․45 տոկոս ձայներով։ «Միավորված հայեր», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները ստացել էին 0․20 եւ 0․37 տոկոս։

2007 թ․ ԱԺ 4-րդ գումարման ընտրություններ

ԱԺ 4-րդ գումարման ընտրություններին, որոնք տեղի ունեցան 2007թ․ մայիսի 12-ին (131 պատգամավոր, որից 41-ը՝ մեծամասնական եւ 90-ը՝ համամասնական ընտրակարգով), մասնակցում էր 23 կուսակցություն։ Դրանցից շատերն արդեն մոռացված անուններ են կամ արխիվացված կուսակցություններ․ «Իմփիչմենթ» դաշինք, «Նոր ժամանակներ», ԱԺՄ, «Ազգային համաձայնություն», «Ազգային միաբանություն», Սամվել Բաբայանի «Դաշինք», «Ժառանգություն», Տիգրան Կարապետյանի Ժողովրդական, Մանուկ Գասպարյանի «Ժողովրդավարական ուղի», ՀՅԴ, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի երիտասարդական, Հայաստանի ժողովրդական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի մարքսիստական, Հայաստանի հանրապետական, «Հանրապետություն», Միավորված աշխատանքային, Միացյալ ազատական ազգային, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցություններ։ 2004 թ․ հիմնադրված ԲՀԿ-ն, որն առաջին անգամ էր մասնակցում եւ ստացավ ընտրողների ձայների 15-ից ավելի տոկոսը։ 2007 թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դեռ քիչ հայտնի «Ժառանգությանը» հաջողվեց ձեռք բերել 7 պատգամավորական մանդատ։ 5 տոկոսի արգելանքը չհաղթահարած քաղաքական ուժերից անցնելուն մոտ էին Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ը՝ 4․39 տոկոս ձայներով, «Ազգային միաբանություն»-ը՝ 3․58, «Նոր ժամանակներ»-ը՝ 3․48 տոկոս ձայներով։ 
     
2003թ․ երրորդ գումարման ԱԺ ընտրություններ

ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի են ունեցել 2003թ. մայիսի 25-ին: Մասնակցել է 21 կուսակցություն, 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարել են 6 կուսակցություն եւ դաշինք․ Հանրապետական կուսակցությունը, «Արդարություն» դաշինքը` 13,71 տոկոսով կամ 14 պատգամավորով, «Օրինաց երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Ազգային միաբանությունը», Միավորված աշխատանքային կուսակցությունը։ ՄԱԿ-ը դարձավ այդ ընտրությունների «քինդեր սյուրպրիզը»։ 131 պատգամավորից 56-ն ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով, 75-ը՝ կուսակցական ցուցակներով։ 5 տոկոսի արգելանքը հաղթահարելուն մոտ էին «Հզոր հայրենիքը»՝ 3․34 տոկոս, եւ ՀԺԱՄ-ը՝ 4․68 տոկոս ձայներով։ Ընտրություններին մասնակցած ՀՀՇ-ն այդ ընտրություններին ստացել է 0․65 տոկոս։ Ընտրություններին մասնակցել էին «Հայ արիների բռունցք», «Աշխատանք, օրենք, միասնություն», Տիգրան Կարապետյանի ժողովրդական եւ մի քանի այլ մոռացված կուսակցություններ։

1999թ․ մայիսի 30-ի ընտրություններ

Ընտրություններին մասնակցում էր 21 կուսակցություն, որոնց հիմնական մասն արդեն մոռացված անուններ են․ «Շամիրամ», «Արժանապատիվ ապագա», ԱԺՄ, «Ազգային պետություն» միավորում։ Նաեւ՝ ԱԻՄ, «Միասնություն» դաշինք, ՀՀՇ,  «Ազատություն» կուսակցություն, «Հզոր հայրենիք» եւ այլն։ 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարել էր 6 կուսակցություն․ «Միասնություն» դաշինքը, ՀԿԿ-ն, «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը, ՀՅԴ-ն, «Օրինաց երկիրը», ԱԺՄ-ն` 5,17 տոկոս։ 5 տոկոսի արգելանքը հաղթահարելուն ամենամոտը «Արժանապատիվ ապագա»-ն էր։

1995թ․ հուլիսի 5-ի ընտրություններ

ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները (190 պատգամավոր` 150 մեծամասնական եւ 40 համամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 1995թ. հուլիսի 5-ին: Մեծամասնական կարգով ընտրությունների 2-րդ փուլը տեղի է ունեցել 1995 թվականի հուլիսի 29-ին։ ՀՀԿ-ն այս ընտրություններին չի մասնակցել որպես կուսակցություն, բայց ապագա ՀՀԿ խմբակցության բազմաթիվ պատգամավորներ մեծամասնական ընտրակարգով կամ այլ քաղաքական միավորների կազմում մասնակցել եւ ընտրվել էին։ Օրենքով սահմանված 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարել էր 5 կուսակցություն․ «Հանրապետություն» միավորում, «Շամիրամ», Հայաստանի կոմունիստական կուսակցություն, ԱԺՄ, ԱԻՄ։

Ազգային ժողովում ստեղծվեց նաեւ «Բարեփոխումներ» պատգամավորական խումբը, իսկ 21 պատգամավոր ընդգրկված չէր որեւէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում: Հետագայում ձեւավորվեց «Երկրապահ» պատգամավորական խումբը։ Այս ընտրություններին մասնակցել եւ ԱԺ չեն անցել «Կամք եւ Դաշնակցություն», Հայաստանի ագրարային դեմոկրատական, Հայաստանի դեմոկրատական, «Առաջադրանք», Հայաստանի ազգային կուսակցություն, «Ազգային պետություն» անուններով քաղաքական ուժերը։ Այն ժամանակ արգելված ՀՅԴ-ն մեծամասնական ընտրակարգով ներկայացված էր 1 պատգամավորով։ Իսկ անցողիկ 5 տոկոսը հաղթահարելուն ամենամոտը եղել են Հայաստանի լիբերալ դեմոկրատական եւ «Կամք եւ Դաշնակցություն» քաղաքական միավորները՝ 2.6 եւ 2․1 տոկոս ձայներով։