Մեր երկրում սրբության սրբոց հանդիսացող ԱԱԾ-ն դարձել է երկրի վարչապետի պահապան շունիկը․ Արա Սաղաթելյան

Մեր երկրում սրբության սրբոց հանդիսացող ԱԱԾ-ն դարձել է երկրի վարչապետի պահապան շունիկը․ Արա Սաղաթելյան

Վերաքննիչ դատարանն օրերս բավարարեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ բողոքը, եւ նա ազատ արձակվեց: Սաղաթելյանը փետրվարի 21-ին դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էր։ Նա մեղադրվում է հայտնի «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով, նրան ԱԱԾ-ն մեղադրում է, որ ստեղծել ու կառավարել է այդ ֆեյքը, որը խախտել է ռազմական դրության իրավիճակի սահմանափակումները։ Մեզ հետ զրույցում Սաղաթելյանը պատմեց, թե ինչպես են խուզարկել իր տունն ու աշխատավայրը․

«Խուզարկության փաստաթուղթը, որը դատարանի սանկցիա չէր, այլ վարույթն իրականացնող մարմնի որոշում էր, ինչը, իմ կարծիքով, օրենքի խախտում է, տրված էր հասարակական կազմակերության համար, որը զբաղեցնում է մեր կողմից ընդհանուր զբաղեցվող տարածքների 3-րդ սենյակը, սակայն խուզարկությունն իրականացվեց նաև ՍՊԸ-ի տարածքում, որտեղ ես աշխատում եմ։ Այդ ընթացքում ինչ կարող էին առգրավել՝ առգրավեցին, բոլոր աշխատողների բոլոր հնարավոր տեխնիկան, այդ թվում` անձնական, ինչը շատ էական է։ Առաջին րոպեից արգելեցին փաստաբան կանչել, փաստաբանը եկել է խուզարկության սկզբից շատ ուշ և շատ հանկարծակի․ երբ աղմուկը տարածվեց, եկավ։ Ինձ արգելեցին զանգահարել, ես հեռախոսս դրեցի սեղանին և անջատեցի, որի վերաբերյալ, ի դեպ, քննիչներից մեկը առաջին ատյանի դատարանում ակնհայտ լկտիաբար ստեց՝ ասելով, թե իբր խուզարկության անցկացման ընթացքում ես դեռ երկար ժամանակ օգտվում էի հեռախոսից և կարող էի կառավարել այդ ֆեյքը կամ հրահանգավորումներ անել։

Տարել են բաներ, որոնք ընդհանրապես խուզարկության առարկա չէին հանդիսանում, այսինքն՝ խուզարկության որոշման մեջ գրված էր՝ առգրավել կրիչներ, այլ տեխնիկական միջոցներ և նոթատետրեր, ըստ երևույթին՝ ինչ-որ լինգվիստական անալիզ էին ուզում անել, մինչդեռ առգրավել են մեր՝ համացանց ապահովող սարքերը, առգրավել են փաստաթղթեր իմ սեղանից և թղթապանակներից, առգրավել են «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ աշխատողների անձնական փաստաթղթերը և այլ թղթեր։ Ինչ վերաբերում է տանը․ անգամ առգրավել են իմ բնակարանի անվտանգության տեսախցիկների «DVR»-ը, որն ինֆորմացիայի կրիչ չէ, երևի որոշել են տեսնել, թե ով է մեր տուն գալիս-գնում։ Վերցրել են երեխայի հեռախոսն ու այփադը, այփադով երեխան դաս էր սովորում, վերցրել են իմ և կնոջս համակարգիչները․․․ լավ, գուցե տրամաբանական է, բայց երեխայի հեռախոսը «Սամսունգ» է, և եթե նպատակը չլիներ վնաս հասցնելը, ապա իրենք պետք է առգրավեին այն սարքերը, որոնք միացել են «Protocon VPN»-ին, իսկ այդ սարքերը տեխնիկապես իրենց հայտնի են, այսինքն՝ իրենց համար պիտի ակնհայտ լիներ, որ երեխայի «Սամսունգը» կամ իմ տան տեսախցիկների DVR-ը որևէ կապ չունեն այդ ամենի հետ։ Ասեմ նաև, որ խուզարկության փաստաթղթերը սարքված էին այնքան փնթի և հապճեպ, որ այնտեղ գրված էր, թե ես «Արմենպրեսի« տնօրենն եմ, այդ փաստաթղթերը փաստաբանների մոտ կան, և ես անհրաժեշտության դեպքում կարող եմ Ձեզ ներկայացնել։ Խուզարկության մտան 15։40-ին, և այդ ամենը տևեց մոտավորապես մինչև երեկոյան 21։00-ն՝ իմ տպավորությամբ։

Դա` միայն գրասենյակում, միաժամանակ խուզարկություն էր իրականացվում տանը և մեր աշխատակից, իմ մտերիմ, տարիներ շարունակ ինձ հետ աշխատող Մհեր Ավագյանի տանը և մեքենայում, որի ընթացքում տարել են բաներ, որոնք իրենց պետք չեն, բայց վնաս հասցնելու համար  իսկական են։ Օրինակ՝ մեքենաների պահեստային վահանակները, որոնք իրենց հնարավորություն են տալիս ապագայում ապօրինի կերպով իմ մեքենան բացել, և ես չեմ կարծում, որ իրենք կխուսափեն, որովհետև մի շարք ապօրինությունների ֆոնի վրա իրենք կարող են անել ամեն բան, որպեսզի կատարեն քաղաքական պատվերը, իսկ որ դա քաղաքական պատվեր է, ես դրա վերաբերյալ ունեմ մի շարք ապացույցներ՝ Ներառյալ երկրորդական ապացույց՝ ԱԱԾ տնօրեն Միքայել Համբարձումյանի հայտարարությունը, որտեղ ինքը հայտնում է, որ դեռ հոկտեմբերի 27-ին՝ պատերազմի ժամանակ, երկրի վարչապետը ստիպում է, որ ԱԱԾ-ն քաղաքական հետապնդումներ իրականացնի։ Դրա մասին է խոսում Միքայել Համբարձումյանը, ասում է, որ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ թույլ կամ անբավարար ապացույցներով քրեական հետապնդումները քաղաքական նպատակով անհեռանկար են և անարդյունավետ։ Միքայել Համբարձումյանը հայտարարությունն արել է նոյեմբերի 11-ին, մինչ օրս նման գործելաոճը շարունակվում է։ Այսինքն, պարտվելով պատերազմը՝ իր ապաշնորհության, փնթիության և միգուցե այլ նպատակների հետևանքով, տվյալ անձը, որ այսօր կառչել է վարչապետի աթոռից՝ իր փնթի թիմով, արդեն իսկ պլանավորել են հետպատերազմյան քաղաքական հետապնդումները։

- Այսինքն՝ այդ ֆեյքի քրգործը դեռ պատերազմի օրերի՞ն են պլանավորել։

- Ըստ իրենց փաստաթղթերի՝ այդ գործը հարուցված է հոկտեմբերի 10-ին, բայց կարող եմ Ձեզ հստակ ասել, որ, ըստ իմ տվյալների, Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հունվարին «Հայկական Ժամանակում» հրապարակեց իր մառազմը, հիվանդ ուղեղում ծագած գաղափարը, որ մի խումբ մարդիկ իրեն վարկաբեկում են` պաշտոնանկ անելու նպատակով, այդ հրապարակումը դեռ 2020 թվականի հունվար ամսին ուղարկվել է ԱԱԾ՝ գլխավոր դատախազի ստորագրությամբ, և այդ պահից իրենք սկսել են զբաղվել այդ ֆեյքերով։

- Գույքային վնաս Ձեզ պատճառե՞լ են, ինչ-որ բաներ ջարդե՞լ են։

- Չէ, պետք է լինենք ազնիվ, իրենց պահում էին կիրթ, պարզապես օգտագործում էին մեր կողմից իրավունքներին չտիրապետելը, ինչն արտահայտվում էր նրանով, որ տանը թույլ չէին տալիս, որ փաստաբանիս առջև դուռը բացեն, իսկ խուզարկության ժամանակ պնդում էին, որ ես փաստաբանի իրավունք չունեմ մինչև այն պահը, երբ ինձ կհրավիրեն ԱԱԾ, ինչն իմ իրավունքների ակնհայտ խախտում էր։

- Առգրավված տեխնիկայից ինչ-որ բան վերադարձրե՞լ են։

- Ոչ մի բան չեն վերադարձրել, չնայած մեր բազմաթիվ խնդրանքներին։ Եթե ես հնարավորություն ունեմ դուրս գալ և հեռախոս գնել, ապա կան շատ մարդիկ, որոնք այդ հնարավորությունը չունեն։ Հետո՝ իրենք առգրավել են և՛ ՀԿ-ի, և´ այս հիմնարկի տեխնիկան, ինչը խոչընդոտում է մեր բնականոն աշխատանքը և վնասներ է հասցնում։ Վերադարձնելու ժամկետ չկա, և քանի որ ես համարում եմ, որ դա արվում է զուտ ճնշում գործադրելու համար, ապա իրենք կարող են ցանկացած կերպով փորձել այդ տեխնիկան պահել իրենց մոտ։ Իմ հեռախոսի մեջ, որն իրենց մոտ է, կան ինձ համար շատ էական նյութեր, բացի այդ, կան երկրորդական ապացույցներ, որոնց մասին ես հիմա չեմ բարձրաձայնի, բայց հենց դրանք հայտնվեն ինձ մոտ, կհրապարակեմ, իսկ ավելի ճիշտ՝ կփոխանցեմ միջազգային կառույցներին, որպեսզի դադարի այն մոլորությունը, թե Հայաստանում կա ժողովրդավարություն կամ օրենքի գերիշխանություն։ Ես չեմ բացառում, որ զննելու ընթացքում, լավ հասկանալով ռիսկերը, որ իրենց ռեժիմի համար առաջացնում են այդ նյութերը և լուսանկարները, իրենք կփորձեն դրանք ոչնչացնել։

- Դուք ԵՊՀ-ում դասավանդում եք․․․

- Ես ԵՊՀ-ում դասավանդում եմ, գիտությունների թեկնածու եմ և դոցենտ, ընդհանրապես մանկավարժությամբ զբաղվում եմ դեռ 1997 թվականից և ես պնդում եմ, որ այս ամենը, ինչ կատարվեց, այսինքն՝ ինձ կապեցին շատ վատ լեքսիկոն ունեցող մի ֆեյքի հետ, դա շատ բացասական անդրադարձավ իմ ուսանողների առջև իմ հեղինակության վրա՝ որպես դասախոսի։ Ես դասավանդում եմ մանկավարժություն, իսկ մանկավարժությունը, որպես առարկա, ենթադրում է շատ լուրջ փոխգործակցություն դասավանդողի և ուսուցվողի միջև, որը հիմնված է անձի հեղինակության վրա, պայմանականորեն՝ ես մարդկանց սովորեցնում եմ ապրել, կրթել և դաստիարակել, իսկ եթե ես այդ կեղտոտբերան ֆեյքն եմ, ապա դուք ինքներդ կարող եք պատկերացնել, թե ինչ տպավորություն և ազդեցություն դա կարող է թողնել 18-20 տարեկան աղջիկների վրա, որոնք կազմում են իմ լսարանի հիմնական մասը։ Այդ պատճառով ես որոշում եմ ընդունել և բացի հանրայնորեն դա հրապարակելուց նաև հայտնել եմ ամբիոն, որ ես վաղը մոտենալու եմ և դիմում ներկայացնեմ՝ իմ մանկավարժական գործունեությունը կասեցնելու համար՝ մինչև այս աննորմալության ավարտը, երբ կապացուցվի, որ դա ես չեմ։ Դատարանը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով ինձ բաց թողեց, բայց դա դեռ բավարար չէ, և ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր մասնակցել են այս քաղաքական պատվերի կատարմանը, ինչն ուղղված էր իմ վրա ճնշում գործադրելուն, իմ անձնական նյութերին հասանելիություն ստանալուն և երկրորդական ձեռք բերված ինչ-որ բաներով փորձելու ինձ ստիպել ակտիվությունս դադարեցնել, ես այդ մարդկանց իրավաբանորեն հետապնդելու եմ, այսինքն՝ իմ փաստաբանական խումբը ձեռնարկելու է միջոցներ` պատասխանատվության ենթարկելու, դա կարող է տևի տարիներ, բայց դա արվելու է։ Բացի այդ, ես արդեն կատարել եմ խոստումս և տեղեկացրել եմ միջազգային այն կառույցներին, որոնց հետ տարբեր իրավիճակներում ունեցել եմ շփումներ, տեղեկացրել եմ նրա մասին, որ մեր երկրում սրբության սրբոց հանդիսացող ԱԱԾ-ն դարձել է երկրի վարչապետի պահապան շունիկը, և ինքը դրանով լուծում է անձնական հարցեր։

- Դուք ասել եք, որ մուտք եք գործում քաղաքականություն, արդեն որոշե՞լ եք, թե ինչ ձևաչափով, որ կուսակցության կազմում, գուցե Դո՞ւք եք կուսակցություն հիմնում։

- Իրականում ես հիմա գտնվում եմ քննարկումների փուլում, Դուք հասկանում եք, որ դրանք շատ ակտիվ չեն, որովհետև ես երեկ և այսօր փորձում եմ, օրինակ, իմ ինտերնետն ապահովել, որովհետև ես և կինս դասավանդում ենք, և դա անհրաժեշտ է, փորձում եմ այս ջադուխուրդ արած համակարգերը վերակառուցել։ Թե ինչ ֆորմատով՝ ես կարծում եմ՝ հայտնի կլինի 1 շաբաթվա ընթացքում, որովհետև ես պետք է կողմնորոշվեմ և քննարկեմ իմ ընկերների և հարազատների հետ, ես պատրաստ եմ մտնել ցանկացած ֆորմատով, որովհետև ես ասում էի և ասում եմ՝ էս ապաշնորհ և փնթի իշխանություններից պետք է օր շուտ ազատվել, որովհետև սրանց ամենօրյա գործելաոճը բերում է անուղղելի և անդառնալի հետևանքների մեր երկրի և մեր ազգի համար։ Ես այս պահին որոշում չունեմ, թե ինչ ֆորմատով եմ մտնելու քաղաքականություն, ես չեմ բացառում առանձին կուսակցության ստեղծումը, չեմ բացառում ինչ-որ կուսակցության միանալը, չեմ բացառում նաև սեփական նախաձեռնությամբ շարժում սկսելը։