Ինչը կհաղթի քաջ Թաթուլին, թե չլինեն կինն ու գինին

Ինչը կհաղթի քաջ Թաթուլին, թե չլինեն կինն ու գինին

Խոսքս ուղղում եմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պարոնայք, երկու գլխավոր պատասխանատու պաշտոնյաներ, ինչո՞վ բացատրել ձեր կողմից տարվող հակահայկական, հակաժողովրդական քաղաքականությունը: Պրն Արմեն Սարգսյան, երբ Ձեզ ներկայացրին հանրապետության նախագահի պաշտոնին, մեր ժողովուրդն անկեղծ ուրախություն ապրեց։ Իսկ երբ Գյումրի քաղաքին նվիրաբերեցիք 300 հազար դոլար, սույն շարադրանքի հեղինակը մի խումբ համակիր անձանց անունից գրավոր շնորհակալություն հայտնեց Ձեզ: Այո, մեր ժողովուրդն ինչքան արարող եւ խելացի է, նույնքան էլ միամիտ է: 

Հանրապետության բնակչության համար նշանակություն չունի, թե Դուք ինչպես դարձաք երկրի նախագահ, իրականում քաղաքացիություն ունեի՞ք, թե՞ ոչ, միայն թե գործեիք ի նպաստ մեր երկրի ու նրա բազմաչարչար ժողովրդի բարօրության: Մեր հասարակության մեջ գոյություն ուներ այն կարծիքը, որ Դուք շատ խելացի եւ գիտուն անձնավորություն եք եւ դրանով իսկ Ձեր անձնական նպաստը կբերեք հանրապետության ներքին ու արտաքին կարեւորագույն հարցերի լուծմանը: Բայց այդպես չեղավ:

30 տարում մենք շատ դժվարություններ ենք տեսել՝ 1988թ. ազգային ազատագրական շարժում, ավերիչ երկրաշարժ, պատերազմ, Դուք այդ ընթացքում անձնական հարստացման ճանապարհով գնացիք եւ թուրքերի հետ բարիդրացիական հարաբերությունների (1922թ.) ուղիներ էիք մշակում: Անցյալի Ձեր արարքները գուցե ներելի լինեին, սակայն հիմա ինչո՞վ եք զբաղված: Մի նեղացեք, կրակն առանց ծուխ չի լինում: Ըստ չար լեզուների, Դուք ոչինչ չանելով՝ դարձել եք մի խեղկատակի կատարածուն: Երբ պետք է, իրար հետ ժպիտներ փոխանակելով՝ հարցեր եք լուծում: Ինչ առաջարկ Ձեզ ուղարկում է, անմիջապես ընդունում եք: Լավ, մի՞թե սահմանադրական կարգի տապալումը, Ամուլսարի հանքի շահագործումը ոչինչ են Ձեր անձնական շահերի կողքին։ Եթե Դուք քաղաքականապես լինեիք անգրագետ…, բայց գիտենք, որ այդպես չէ, ուստի Դուք եւս ներկա վիճակի մեջ ունեք Ձեր մեղսակցությունը: Անհիմն բարձր աշխատավարձը, հավելավճարները, բազմաթիվ օգնականներ, խորհրդականներ․․․ինչո՞վ են արդարացված ժողովրդական միջոցների անխնա ծախսերը:

Պրն Սարգսյան, մեր ժողովուրդը տեղյակ է, որ թե՛ Դուք, թե՛ Նիկոլը խորամանկ Անգլիայի ու անբարոյական Թուրքիայի գաղտնի ծառայությունների հետ փոխադարձ համաձայնությամբ եք տիրացել Հայաստանի պետական բարձր պաշտոններին: Այդ պետությունները մեր ժողովրդի թշնամիներն են, իսկ դուք՝ նրանց հլու ծառաները: Եթե ոչ այսօր, ապա վաղը՝ ըստ փաստական ապացույցների, կանգնելու եք դատարանի առաջ: Նշված պետությունների բարձր ամբիոններից հնչող մարդասիրական ելույթները լոկ շղարշ են՝ ճշմարտությունն այստեղ է, ոչ թե Լոնդոնում կամ Անկարայում:

Թուրքերին հաջողվել է Վրաստանը դարձնել իրենց վասալը, նույն ճանապարհով փորձում են Հայաստանին ստրկացնել՝ չի հաջողվի: Մենք Նիկոլի անմիջական քայլերի պատճառով եւ Ձեր լռակյաց օժանդակությամբ հասել ենք այս վիճակին՝ թուրքը պատերազմով անդառնալի կորուստներ պատճառեց մեր երկրին, ո՞ւր է Ձեր՝ նախագահի խոսքը միջազգային ատյաններում, ո՞վ պետք է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, Եվրոպայի խորհրդից պահանջի արդարություն, նրանց պարսավանքի ենթարկի: Մի՞թե Դուք նախագահ եք միայն թուղթ ստորագրելու համար, այն էլ այնպիսի անձից, որին այսօր հայ ազգը մերժում է։ 

Նիկոլ Փաշինյան, թեթեւակի անդրադառնամ քո վերջին շրջանի գործունեությանը: Դու շատ ես ցանկանում, որ մեր երկրում մեծից փոքր ենթարկվեն քեզ՝ անկախ նրանից, թե դու ուր ես տանում երկիրը: Հիշիր քո խոսքերը մինչ վարչապետ դառնալը, ով ես եղել դու եւ ով ես այսօր, իսկ ավելի ճիշտ՝ ինչի ես արժանի: Ողջ քո շրջապատը կա՛մ անգրագետ է, կա՛մ կեղծավորներ, որ թաքցնում են իրականությունը քեզնից: Դու քո ուսապարկերի հետ օր-օրի հեղինակազրկվում ես:

Իրականությունը սա է՝ ուրիշի ձին նստողը թամբից շուտ է իջնում, այո, դու այնքան անհեռատես ես, որ քեզ թվում էր՝ արդեն սարի գագաթին ես, բայց պարզ է, որ շուտով գլորվելու ես այդ գագաթից։
Այսուհետ դու չես կարող ներողություն խնդրելով իշխանության մնալ: Այդ ամենի մասին վաղուց պիտի մտածեիր, ոչ թե երկիրը ծախեիր թուրքին: Դու հիմա լավ ես հասկանում, որ միայն Էրդողանը եւ Իլհամն են քո բարեկամը: Ոչ միայն երկիրը, այլեւ ինքդ քեզ դավաճանեցիր եւ հիմա սեփական գերեզմանն ես փորում: Եթե լավ աշխատեիր, ստիպված չէիր լինի 100 մետր ճանապարհի վրա 4 հազար ոստիկան շարել, տանիքներին ու պատուհաններին դիպուկահարներ կանգնեցնել: 
Ժողովրդի սերը հիմա փոխարինվել է ատելության, ատում են քեզ, քո կնքահորը, քո կնոջը:

Քեզ թվաց, թե պետական ծառայողների աշխատավարձը կրկնակի դարձնելով եւ ամեն ամիս հավելավճարներ տալով կկարողանաս պահպանել այդ սերը, կարծեցիր, թե նպաստառու, թոշակառու մարդկանց 10 հազար դրամ ավելացնելով բարի ծառայություն ես մատուցել: Քո ելույթներն այսօր բնակչությունը զզվանքով է ընդունում, եւ այն բոլոր կեղծ տեսարանները, թե իբր դու լավն ես, անփոխարինելի ես, ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ դրանք վարձով հավաքագրված ծափ տվողներ են: Դու պիտի մինչեւ հիմա հեծանիվով գնայիր աշխատանքի, այլ ոչ թե մեր աղքատ երկրի 1000 ու մի կարիքները թողած՝ պետական բյուջեն թալանեիք, կամ  պարգեւավճարներ բաժանեիր, զրահապատ մեքենա առնեիր: Ո՞ւմ են պետք այդքան խորհրդականները, օգնականները, եթե քո յուրաքանչյուր ելույթում անթույլատրելի սխալներ ես անում: Խելքի արի, լսիր ժողովրդի ձայնը՝ հեռացիր։ Իրականում երկիրը քանդողը դու եղար, ուրեմն մեղավորը դու ես, այլ ոչ թե հպարտ քաղաքացին: Ինչքան էլ փորձենք քեզ արդարացնել, չի ստացվում, քանզի ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ եւ ընդունելի:

Յուրի ՍՏԵՓԱՆՅԱՆ