Կարո՞ղ է Թումանյանի տատմերն ես եղել և պորտը դու ես  կտրել

Կարո՞ղ է Թումանյանի տատմերն ես եղել և պորտը դու ես  կտրել

Դասագիրքը քաղաքական զենք է։ ԿԳՄՍ նախարարը անմիջական պատասխանատուն է, բայց նա երևացող կողմն է։ Նա ցողունն է, իսկ արմատը խորքում է։ 2018-ից հետո հետևեք , թե քանի նախարար փոխվեց կամ քանի թունավոր ցողուն կտրվեց, բայց ոչ մի բան կրթության կամ մյուս բնագավառների  պետական քաղաքականության մեջ չփոխվեց։ Երբ ցողունն արդեն մի քիչ բարձրանում ու նկատելի է դառնում  հանրության կողմից, իշխանության մկրատով անմիջապես կտրում են։ Թունավոր արտանետումների մասին չխոսելու համար կտրեցին  Արայիկ Հարությունյանի, Վահրամ Դումանյանի ցողունները և ժողովրդական լեզվով արած «ջալաղ արեցին» կամ պատվաստեցին մի այլ բնագավառի, որպեսզի այդ բնագավառում էլ կարողանան տարածել արտանետումը։ Հետո նոր ցողուն աճեցվեց արմատի վրա՝ Ժաննա Անդրեասյանը։ Տիկինը լավ տիրապետում է, թե իրենից առաջ եղած ցողունները ինչ մասշտաբի գործ են կատարել և ինքը գործի շարունակությունը որտեղ պիտի հասցնի։

Քանի որ ինքը «նուրբ սեռի արարած է» կարող է ավելին անել, որովհետև հանրությունն ավելի շատ հանդուրժում է, իրենց պաշտոնյաներից մեկի  խոսքով՝ «էգերին, քան արուներին» ։  Այդ իսկ պատճառով տիկինը  խորացել է մինչև Թումանյան, Հայ ժողովրդի պատմություն, մանուկներին պահպանակներով զրահապատելու սեռական դաստիարակություն։ Մի աղմկոտ գործը հորով- մորով  չարած, անցնում է հաջորդին, շտապում է։ Նրան շտապեցնում են։ Հազիվ թե նրա նման մեկ ուրիշը գտնեն, որ կարողանա լեզվի ֆիզկուլտուրայով ու հեզ թվացող պահվածքով մոլորոցնել դպրոցին, ուսուցիչներին․․․ Շտապեցնողը արմատն է։ Ուսուցիչները նրա ցողունային հրաժարականն են պահանջում, չիմանալով, որ արմատի վրա կարող է աճել հազար ցողուն, արմատը դրա համար անհրաժեշտ սնունդ է ստանում հողից։ Հայ ժողովրդի պատմությունը խեղաթյուրելուց, Հայոց պատմությունը  Հայաստանի պատմություն «շինելու քայլերից հետո» , որոշել է անցնել կոնկրետ հեղինակաների։ Օրակարգում Հովհաննես Թումանյանն է։ Մի կողմ թողնելով, որ երկրորդ դասարանի մայրենիի դասագիրքը ադրբեջանական դրոշն է անմիջապես հիշեցնում՝ գունային սիմվոլիկայով, Ադրբեջանի  դրոշի գույներն են, հիմա էլ անցել է Թումանյանին։

Բա թե՝ Թումանյանը ծնվել է Համամլուում։ Լոռին պիտի գա ու նախարարից հաշիվ պահանջի, թե ինչ հիմքով է ինքը որոշել Թումանյանի ծննդյան վայրը։ Թումանյանի տատմե՞րն է եղել, թե՞  պորտը ի՞նքն է կտրել․․․ Վաղն էլ կարող է ասել Թումանյանը ադրբեջանական գրող է․․․ Գոնե գիտի՞, որ դրանով ադրբեջանցիներին չի լավություն անում։ Հայաստանի Լոռու մարզի  Սպիտակ քաղաքը մինչև 1949 թվականը կոչվել է «Համամլու» կամ «Համամլի», որն  առաջացել է պարսկերեն «համամ» (բաղնիք) բառից։ Համամլուի նոր՝ Սպիտակ անվանումը կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարի հանքերի հետ։ Այսինքն եթե նա ուզում է պետական քաղաքականությամբ այդտեղ ինչ որ տարածքներ՝ տեղանունների օգտագործմամբ Ադրբեջանի տարածք համարել, թող իմանա, որ համամը պարսերեն բառ է և նշանակում է բաղնիք։ Թումանյանը, երբ գրել է՝ «Էն Լոռու ձորն է․․․» ,  նկատի է ունեցել Դսեղը՝ իր ծննդավայրը․ «Իմ մանկությունն անց է կացել մի աստվածային շռայլության մեջ։ Լոռու գեղեցիկ բնությունը, անմահական օդը, զրնգուն աղբյուրների ջուրը, լեռնական, գյուղական կյանքի ազատությունը, էն հավասարությունը, որ կար հին գյուղական կյանքում, ամենքն էլ մի տեսակ էին ապրում, ուտում, խմում ու իրար հետ»։ Կա՞ այդպիսի աղբյուր, որ Թումանյանը ծնվել է Համամլուում, չգիտի հայ ժողովուրդը։ Կարո՞ղ է  Թումանյանի տատմերն ես եղել  և պորտը դու ես կտրել։ Ամեն ինչ էլ չափ ունի։ Ցողունդ արդեն իր թունավոր արտանետումներով թունավորում է հայ ժողովրդին, ժամանակն է արմատով արմատով զբաղվել, թե չէ երկու ցողուն էլ կտրվեց, ի՞նչ փոխվեց։ Արմատդ պիտի «քոքից հանել» ,  արմա՛տդ․․․