Վաղն ի՞նչ է լինելու

Վաղն ի՞նչ է լինելու

Ոչ մի Սորոս հիսուն-հարյուր հազար մարդու չէր կարող փողոցներ եւ հրապարակներ հանել: Ոչ մի հոգե-լինգվիստիկ ներգործություն ի զորու չէր նրանց համախմբելու «մերժիր Սերժին» կարգախոսի շուրջ: Սա պետք է ընդունել որպես անառարկելի ճշմարտություն: Համեմատեք կիեւյան «մայդանը» երեւանյան ապրիլի հետ, եւ կհամոզվեք: Իշխանափոխությունը պայմանավորված չէր նաեւ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարմամբ՝ զուտ ֆորմալ առումով:

Ճշմարտությունը պահանջում է ասել, որ նախագահության առաջին շրջանում Սերժ Սարգսյանը նորարար էր: Փորձեց կարգավորել  հայ-թուրքական հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հարցում հասնել առնվազն սկզբունքների շուրջ համաձայնության: Երկու դեպքում էլ նա հանդիպեց շատ կոշտ ներքին դիմադրության: «Նախագահ, մի զիջիր»՝ պահանջ դրեց Դաշնակցությունը, որին, ցավոք, միացավ նաեւ Սփյուռքը: ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը մնացին մենակ, նրանց չաջակցեց անգամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ առաջին նախագահի աջակցությունը քաղաքագիտորեն պահանջված, քաղաքական առումով Սերժ Սարգսյանի համար վտանգալի էր: Երկու սկզբունքային՝ հայ-թուրքական  եւ ԼՂ կարգավորման հարցում մտնելով փակուղի, ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանն ստիպված էին «խաղալ» ազգայնական ճամբարում, որտեղ գերակա դիրք ունենալու համար հարկավոր էր «պապից ավելի կաթոլիկ» լինել:

Այդ ընտրությունը Հայաստանը տարավ ԵԱՏՄ, եւ շրջանը փակվեց, նրա հետ էլ՝ երկրի հեռանկարը: Հեղափոխական հեռանկար չառաջարկվեց նաեւ իշխանափոխությամբ: Փոխարենը նախկինները գեներացրին եւ  Ռուսաստանին մատուցեցին «գունավոր հեղափոխության» եւ «սորոսածին իշխանության» վարկածը: Ի պատիվ Մոսկվայի, այնտեղ իրավիճակը գնահատվեց սթափ: Գոնե տեսանելիության տիրույթում Կրեմլը ոչ մի լուրջ հակաքայլ չձեռնարկեց: Առանձին-առանձին «մատնագրերով» Մոսկվայից միջամտություն կորզելու փորձերը կարելի է ձախողված համարել: Դա է, թերեւս, գործընթացն ինստիտուցիոնալացնելու գլխավոր շարժառիթը.«եթե համախմվենք, Մոսկվան կաջակցի»- այս մտայնությունն է «Վերնատան» տանիքի տակ համախմբել «ծերակույտն» ու երիտհակափաշինյանականներին: Մի տեղ կարդացի, որ «Վերնատան» քննադատները սեւեռված են անձերի վրա, ուշադրության չեն առնում նրանց խոսքը: Բայց այնտեղ որեւէ ուշագրավ բան ասվե՞լ է: ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն, օրինակ, գտնում է, որ երբ Փաշինյանը հայտարարում է՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»- ապա արցախցիներին սպառնում է, որ նրանք սեփական իշխանություն չունեն, ինքն ինչ կամենա՝ կանի: Սա մտահոգ մարդու՞ միտք է, թե՞ պարզ նենգափոխություն: Միակ թեման, որի շուրջ կարելի է դիսկուրս ծավալել, այն է, որ «Փաշինյանը չունի ԼՂ կարգավորման սեփական հայեցակարգ, նախորդից էլ հրաժարվել է, իսկ դա հղի է վտանգներով»: Ընդ որում, այս թեզը զուգորդվում է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մասին հետեւողական պնդումներին, ինչից հասկացվում է, որ նախկինում Ռուսաստանը «տվել էր ինչ-ինչ երաշխիքներ»:

Կա՞ վտանգ, որ ԼՂ հարցում կարող են սրացումներ լինել: Իհարկե, բայց դա միշտ է եղել, եւ ապրիլյան քառօրյան ասվածի անհերքելի ապացույցն է: Փաշինյանն այդ հարցում պետք է շարունակե՞ր այն կետից, որտեղ հասել էին Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը: Բայց, հարգելիներս, եկեք նախ հասկանանք, թե ինչի՞ մասին է խոսքը: Հանրությանը հարկ է մատչելի ձեւով պարզաբանել, թե դիվանագիտական ի՞նչ «խրամատներ էր կառուցել Սերժ Սարգսյանը, որ Փաշինյանը եկավ-քանդեց եւ տեղը ոչինչ չի կառուցում»:

Մշուշոտ-կոնսպիրատիվ, անգամ՝ կոնսպիրալոգիական բնույթի մտավարժանքներից մենք մինչեւ կոկորդ կուշտ ենք: Հարցը հարկավոր է բացել՝ ահա կարգավորման սերժսարգսյանական ճանապարհային քարտեզը, ահա՝ փաշինյանական «անորոշությունը»: Բացել, դնել կողք-կողքի, համեմատել եւ ըստ այդմ գնահատել՝ սա պիտի դառնա «Վերնատան» գործը: Նույն ձեւով՝ մյուս հարցերում: Լինի կոռուպցիայի դեմ  պայքար, կրթություն, գիտություն, արվեստ, մշակույթ, սպորտ, տնտեսություն եւ այլն եւ այլն: Առաջին հավաքից նման լուրջ քննարկումներ նախաձեռնելու մտադրություն չզգացվեց: Միայն՝ ոչնչացնող քննադատություն: Միայն՝ ընդհանրական հռետորաբանություն: Ամեն մեկն առաջադրում էր իր խնդիրը: Մինչդեռ երկրին պետք է կոնսենսուսային հեռանկարի ձեւակերպում: Ո՞րն է Հայայստանի հեռանկարը՝ այս հարցի պատասխանը նախ պիտի գտնվի: Մնացածն ածանցյալ է, երկրորդական-երրորդական-չորրորդական: Մի հեռանկար առաջարկվել էր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» կոնցեպտուալ հոդվածով: 98-ի իշխանափոխությամբ դա մերժվեց: Քսան տարում նորը չի ձեւակերպվել: Վաղն ի՞նչ է լինելու: