Պատերազմի դեմքը․ մաս երրորդ

Պատերազմի դեմքը․ մաս երրորդ

Նրանք երեք տղա էին՝ Յուրիկը, Բորիկը, Զարմիկը: Հայրը Կիչանի կապի հանգույցում տեխնիկ-մոնտյոր էր: Խորհրդային իշխանությունը Կիչանը միավորել էր թուրքական Սրխավենդին, մի գյուղական խորհուրդ էր, մի պետական տնտեսություն: Երկու գյուղերն իրարից բաժանվում էին սակավաջուր մի առվակով: Նույնիսկ աղբյուրն էր ընդհանուր: Ղարաբաղյան շարժման հաջորդ տարում Կիչանն առանձնացավ, կոլտնտեսություն կազմավորեց, գյուղական խորհուրդ ունեցավ: Նախկին ընդհանուր օգտագործման հողը, ջուրը, արոտավայրերի մեծ մասն անցավ Կիչանին:

Սրխավենդը եկվոր էր: Մեծ քոչի ճանապարհից մի հարյուր տարի առաջ երկու-երեք չոբան թեքվել՝ գետափնյա տափարակում վրան էր դրել, հետո՝ աղյուսաշեն հյուղակ: Խորհրդային իշխանությունը նրանց համար էր՝ ծլել-ընդարձակվել, բազմացել՝ հազար բնակիչով գյուղ էին արդեն, եւ Կիչանի առանձնացումն ընդունեցին որպես ազգային արժանապատվության նվաստացում: Յուրիկը տնտեսության ագրոնոմն էր: Սրխավենդից ոչխարը գիշերով քշել էին՝ կլպել աշնանացանը: Մի անգամ, երկու, երեք: Չորրորդ փորձին Յուրիկը մի քանի երիտասարդներով շուրջկալել՝ ավարառուներին բռնացրել էր, ոչխարը քշել-փակել: Եւ վնասի տուգանք էր որոշել:

Մինչեւ չվճարեին, ոչխարը չէր վերադարձնելու: Սրխավենդցիք ատամկրճտոցով ենթարկվել էին պահանջին: Հաջորդ ամռանը կազմակերպել, Յուրիկին խորհրդային պատժիչ զորքի միջոցով առեւանգել՝ տարել էին Շահբուլաղ: Սկզբում մեծ գլխագին էին պահանջել, բայց մինչեւ Կիչանը հարկավոր գումարը կհանգանակեր՝ բոթը եկել էր Մարտակերտի հիվանդանոցից: Գիշերով ռուս զինվորականները Շահբուլաղից Յուրիկի դիակը հասցրել էին այնտեղ: Մահացել էր դժնի խոշտանգումներից: Տեղում ձեւակերպել էին, որ ստամոքսի խոց է ունեցել, բացվել է, արյունահոսությունն է մահվան պատճառը: Այդ օրը Կիչանում, ձորահովտի մեր մյուս գյուղերում սուգ էր:  Երբ թափորը շարժվեց դեպի գերեզմանոց, Սրխավենդից պայթեց բարձր, շա՜տ բարձր երաժշտություն:

Սրխավենդը մեծով-փոքրով, կին-երեխայով դուրս էր եկել տներից եւ «Յալլը» էր պարում: Հրճվում էր, որ հասել է նպատակին՝ Յուրիկին սպանել է: Տարեվերջին Կիչանն արդեն ռազմաճակատի առաջնագիծ էր: Կապի հանգույցը մի բլրակի վրա էր: Կիչան էինք գնացել: Կարեւոր գործով: Գյուղական խորհրդի մոտ հերթափոխի տղաները լուռ ծխում էին: Նրան մեջ՝ Բորիկը, որ հեռախոսավարի գործը թողած՝ միացել էի ինքնապաշտպանության փոքրաթիվ ջոկատին: Դեկտեմբերի 31-ին լսեցի, որ Բորիկը ծանր վիրավորվել եւ հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Մինչ այդ, կարծեմ, Յուրիկի մահվան վշտին չդիմանալով՝ հայրն էր հեռացել կյանքից: Մորից զրկվել էին երեխա տարիքում: Յուրիկի կինը մանկահասակ երեխայի հետ հետո հաստատվեց Շուշիում:

Ամռանը թուրքերը մտան, հիմնահատակ ավերեցին Կիչանը: Գյուղը մի քանի անգամ ձեռքից-ձեռք անցավ եւ վերջնականապես ազատագրվեց 93-ի փետրվարին: Կյանքի թոհուբոհի մեջ երեք եղբայրների մասին երեւի չէի հիշի, եթե մի քանի տարի առաջ Մոսկվայի «Ատաման» ռեստորանային համալիրում չհանդիպեի Զարմիկին: Ինքն էր ճանաչել: Ողջագուրվեցինք, խոսեցինք: Աշխատում էր խոհանոցում: «Խորովածի գործն ինձ վրա է»- ամաչկոտ ժպտաց: Քենուս տղայի հարսանիքին էի գնացել: Սրահում միջոցառումն արդեն սկսվում էր: Երբ ուզում էի հրաժեշտ տալ, Զարմիկն ասաց. «Որ ետ գամ պետությունը կօգնի՞ գյուղի մեր տունը կարգի գցեմ, գոնե մի երկու կով առնելու, փոքրիկ տնտեսություն ունենալու գումար կտա՞ն»:- Ի՞նչ պատասխանեի: Ոսկե սարեր խոստանայի՞: «Չգիտեմ, Զարմիկ, ազնիվ խոսք՝ տեղյակ չեմ, թե նման դեպքերում ինչ են անում»- ասացի: Դարձյալ տխուր ժպտաց եւ գնաց խորովածի իր գործին՝ ամբողջովին ճերմակած կիչանցի Զարմիկը: