Կարող էին` չարեցի՞ն

Կարող էին` չարեցի՞ն

Արդարացի՞ են արդյոք նրանք, ովքեր մեղադրում են ընդդիմությանը, որ չկարողացան իշխանափոխություն իրականացնել` տուն ճանապարհել պատերազմում պարտված եւ պատերազմի ավարտից հետո ամեն օր պարտություններ գրանցող իշխանություններին: Չկարողացան հույս եւ հավատ ներշնչել մարդկանց եւ նրանց փողոց հանել: Չկարողացան լեզու գտնել դրսի-ներսի ուժերի հետ եւ բեկում մտցնել հայի ճակատագրում ու Հայաստանի խորտակվող նավը դուրս բերել ավելի ապահով հանգրվան: Նաեւ չկարողացան հայ մարդուն, 2018-ի հեղափոխությամբ ոգեւորվածներին համոզել, որ իրենք ավելի լավ կկառավարեն այս երկիրը եւ ավելի անվտանգ ու ապահով կյանք կբերեն մեր տանջված ու տուժած հասարակության համար:

Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է նախ պատասխանել` կարող էին՝ չարեցի՞ն, թե՞ անկարող էին` չստացվեց: Եթե կարող էին՝ չարեցին, ոչ մի ներում չկա, եւ նրանց եւս պետք է «տուն ճանապարհել»: Եթե անկարող էին, ու չստացվեց, արդյոք, խանգարեցի՞ն ուրիշներին գալ եւ զբաղեցնել ընդդիմության դաշտն ու անել այդ ամենը: Թե՞ եկողները, պարզապես, դեռ չեն հայտնվել: Իրենք` այսօրվա պաշտոնական ընդդիմության ներկայացուցիչները, ասում են` մենք այսքան ենք կարողացել, դուք ավելի լավ արեք, ոչ մեկին չենք արգելում-խանգարում: Բայց կա նաեւ մարդկանց գիտակցության մեջ «տեղ» ազատելու խնդիրը:

Տասնյակ տարիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հետագայում` Ռոբերտ Քոչարյանը, ոչինչ չէին անում, բայց նրանց թիմերը, նրանց շրջապատը սպասում էր, որ մի օր առաջնորդն ասպարեզ է դուրս գալու եւ գլխավորելու է այն քաղաքական ուժի` իշխանության վերադարձը, որին մաս են կազմելու նաեւ իրենք: Մի կողմից նրանք շարունակ ստիպում էին առաջնորդին դուրս գալ «Ագռավաքարից», մյուս կողմից` առաջնորդը դառնում էր նրանց ցանկությունների գերին: