Թափուր հաստիքներ

Թափուր հաստիքներ

Օրեր առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմին մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացրեց, որ իրենց մոտ թափուր հաստիք կա, եւ վարչապետը կարգադրել է կարճ ժամանակում համալրել այն: Խոսքը չագուճ բռնողի հաստիքի մասին է: Բանն այն է, որ նախարարներ նշանակելու հաճելի զբաղմունքից ձանձրանալուն պես վարչապետը մեկնելու է մարզեր՝ իր ընտրողներին շնորհակալություն հայտնելու եւ լավաշով թթվասեր համտեսելու, իսկ մարզերում չագուճը պետք է նրա հետ լինի: Հո գրպանում չի՞ պահելու: Պարզ է, որ պետք է մեկը, որ հենց չագուճը պետք գա, այն տա Նիկոլի ձեռը, որպեսզի Նիկոլը «սենց խփի», «սենց քաշի» եւ այլն:

Երբ լսեցի այդ մասին, ակամա հիշեցի Փաշինյանի «շիշ բռնողին», որ ս.թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ԿԸՀ համապատասխան որոշումով շարունակելու է շարքային պատգամավոր աշխատել 8-րդ գումարման ԱԺ-ում: Թե ինչու այդ երիտասարդին՝ Հայկ Սարգսյանին, տրվեց «շիշ բռնող» մականունը, ես չեմ վերապատմի:

Այդ պատմությունը շատ ջուր է քաշել, եւ այն գրեթե անգիր գիտեն ոչ միայն ՔՊ-ին ձայն տված 670 հազար հպարտ քաղաքացիները, այլեւ Նիկոլին մերժած ավելի քան 400 հազար ընտրողները: Այնպես որ, կբավարարվեմ նկատելով, որ ԱԺ երեկվա նիստում, երբ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացնում էր ԱԺ փոխխոսնակի պաշտոնի համար Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը, սույն «շիշ բռնողն» անսպասելի ակտիվացավ եւ սկսեց մեծավարի հարցեր տալ գեներալին:

Ի՞նչ կարող ես անել՝ երիտասարդներն աճում են, եւ դա շատ լավ է: Ես նույնիսկ մտածեցի, որ Հայկ Սարգսյանն այլեւս այնքան է աճել, որ շուտով թափուր է մնալու նաեւ Փաշինյանի շիշ բռնողի հաստիքը: Իսկ Հայկ Սարգսյանի հարցերն իրոք ծանր էին: Դրանց մեջ կային ոչ միայն հարցեր, այլեւ ակնարկներ, կսմիթներ ու մեղադրանքներ՝ ուղղված այն ամենին, ինչ մեկ բառով բնորոշվում է «նախկին»: Հայկ Սարգսյանը, օրինակ, բոցեց, որ նախկինում երբեք ոստիկանության ուժերը սահմաններ ու առաջնագիծ չեն պահել, իսկ այսօր նրանք սահմանին են, ոչ թե Երեւանի կենտրոնն են պահում, ինչպես արել են 2008թ. մարտի 1-ին: Այսկերպ նա փորձեց հակադրվել գեներալի այն պնդմանը, որ այս օրերին Երեւանի կենտրոնը (իմա՝ Նիկոլ Փաշինյանը) ավելի պաշտպանված է, քան ՀՀ սահմանները: Գեներալը, իհարկե, նորություն չէր ասել: Այս օրերին, երբ ԱԺ շենքը լիքն է ավտոմատավորներով, երբ Փաշինյանը կառավարության տարբեր մասնաշենքեր գնալիս ամբողջական գումարտակների ուղեկցությամբ է գնում, այլ կերպ բնութագրել Երեւանի եւ ՀՀ սահմանների պաշտպանվածության անհավասարությունը՝ չէր էլ կարելի: Բայց «շիշ բռնողը» հո այդքան չէ՞ր խորանալու հարցի մեջ: Նա, ի վերջո, խորհրդարանական աշխատանքի մեծ փորձ ունի այլեւս եւ մեծ վարպետությամբ է կարողանում իրավիճակներ ու իրողություններ մանիպուլացնել: Իսկ որ այդ մանիպուլյացիաների հետեւանքով անտեսվեց ՀՀ ոստիկանության նախընթաց մեծ ներդրումն արցախյան պատերազմներում եւ ՀՀ սահմանների պաշտպանության գործում, դա արդեն այլ հարց է, որին ծանոթանալու համար Հայկ Սարգսյանը, կարծում ենք, ժամանակ դեռ կունենա:

Մենք գանք մեզ հետաքրքրող հարցին՝ ապագայում ո՞վ կզբաղեցնի Փաշինյանի շիշ բռնողի հաստիքը, երբ Հայկ Սարգսյանը վերջնականապես ինքնահաստատվի որպես պատգամավոր, եւ, ամենակարեւորը, երբ ծնվի նրա առաջնեկը: Հայկ Սարգսյանի շատ ընկերներ՝ Նիկոլի հետ քայլած, Նիկոլի այս կամ այն իրը բռնած, կարգին առաջ են գնացել եւ այսօր պաշտոններ են զբաղեցնում կառավարությունում, ԱԺ նախագահությունում, մարզպետներ են դառնում, քաղաքապետեր, մինչդեռ Հայկ Սարգսյանը, որ իսկական գանձ է եւ հեղափոխության օրերին եղել է շիշ բռնելու գնահատելի «ծառայության ղեկավարը», դեռ մնացել է ԱԺ պարտերում՝ շարքային պատգամավորների կողքին:

Ավարտելով 8-րդ գումարման ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ցուցաբերած կենդանության առաջին նշանների մասին այս մտերմիկ զրույցը՝ կուզենայի նրան նվիրել մի գողտրիկ բանաստեղծություն՝ կառուցված Ռազմիկ Դավոյանի հայտնի բանաստեղծության ատաղձի վրա: Հարգելի Հայկ Սարգսյան, հավատացնում եմ Ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը շատ կհուզվի, երբ ստանա «աշխատանքից ազատման» Ձեր դիմումը.  
Ես հավատում եմ քեզ, երբ նայում եմ ցավիդ
Եվ հավատում եմ քեզ, երբ նայում եմ ահիդ,
Բայց քո շիշը ահա ես տանում եմ հլու.-
Եվ չգիտեմ՝ վաղվա շշերի մեջ

Քո շիշն ո՞վ է արդյոք շալակելու: