Երբ Մուհամեդը չի գնում սարի մոտ, Արցախն է գալիս Հայաստան

Երբ Մուհամեդը չի գնում սարի մոտ, Արցախն է գալիս Հայաստան

Իշխանությունը թեեւ փորձում է քողարկել, բայց ակնհայտ է, որ պատերազմից հետո Հայաստանի առաջին դեմքերը՝ վարչապետ, ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, չեն այցելել Արցախ։ Արցախն այլեւս մեր իշխանությունների օրակարգում չէ։ Փոխարենը արցախյան պաշտոնյաներն են ավելի հաճախ գալիս Հայաստան։ Այսինքն՝ «երբ Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գալիս նրա մոտ»։

Երեկ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Գորիսում էր, որտեղ հանդիպել է Հայ բարեգործական ընդհանուր միության եւ «Ronak Press» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացներին մասնակցող հայաստանյան, սփյուռքահայ եւ օտարերկրյա մի խումբ լրագրողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ապա այցելել է Գորիսի պետական համալսարան՝ հանդիպել դասախոսների եւ ուսանողների հետ։

Սակայն ՀՀ իշխանությունների վերաբերմունքն Արցախի հանդեպ արդեն իսկ անհանգստացնող է, եւ մենք Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին հարց ուղղեցինք այս միտումների մասին։ Նա ասաց․ «Ես չեմ ուզում նման հարցեր մեկնաբանել։ Ես կարող եմ ասել ԱԳՆ-ի մասով․ օրինակ, պարոն Այվազյանը՝ նախկին արտգործնախարարն այցելել է պատերազմից հետո։ Եվ ոչ միայն ինքը, այցելում են այլ պաշտոնյաներ՝ նախարարներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, պատգամավորներ։ Իսկ ինչ վերաբերում է ղեկավարությանը, ճշտեք իրենցից»։

- Պարոն Բաբայան, Իլհամ Ալիեւն ինչ միջոցառում ասես, որ չանցկացրեց Շուշիում` է՛լ Կուրբան Բայրամ, խորոված, տոնակատարություններ, է՛լ 46 երկրների դեսպաններ հրավիրեց Շուշի, է՛լ Շուշիի հռչակագիր ընդունեց՝ Էրդողանի ու կնոջ հյուրընկալմամբ։ Ինչո՞ւ Ստեփանակերտը եւս նման պետական մակարդակի հանդիսություններ չի կազմակերպում, չի հրավիրում հայաստանցի եւ սփյուռքահայ գործիչների, պաշտոնյաների, մտավորականների։

- Գիտեք՝ ժամանակը կգա… էն, որ մի լավ ասացվածք կա՝ «մեր փողոցում էլ տոն կլինի»։ Պետք է մի քիչ սպասենք․․․ այս իրավիճակում բնական է․․․ Արցախը յուրահատուկ վիճակում է, չէ՞։

- Այսինքն՝ փորձում եք չգրգռե՞լ Ադրբեջանին։

- Չէ, գրգռել-չգրգռելու խնդիրը չէ։ Հասարակությունն է անցել ծանրագույն փորձություններով․ զոհեր, վիրավորներ․․․ Գիտեք, մինչեւ հիմա նույնիսկ երբ ինչ-որ տոնական միջոցառումներ են տեղի ունենում, հարսանիք եւ այլն, գրեթե մեծ մասում նույնիսկ երաժշտություն չի լինում։ Մենք անցել ենք ողբերգության միջով։ Հիմա ժամանակ է պետք, որ ապաքինվենք։ Մարդկանց նույնիսկ տարին (զոհերի) չենք տվել։ Ոչինչ, մի օր կապաքինվենք եւ մենք էլ կանենք այն, ինչ պետք է անենք։

- Այսուհանդերձ, հնարավո՞ր է, որ պետական միջոցառումներ կազմակերպելիս ռուսական կողմի համաձայնությունը ստանալու խնդիր է առաջանում։

- Գիտեք, պետական միջոցառումները մենք կատարում ենք՝ ապահովելով անվտանգությունն ու բոլոր կազմակերպչական խնդիրները։ Այստեղ պետք չէ ինչ-որ այլ պատճառներ փնտրել։ Հասարակության վիճակն է ուղղակի․․․ մենք պատրաստ չենք, հոգեբանորեն, իրականացնելու մեծ, մասշտաբային միջոցառումներ, այն միջոցառումները, որ ժամանակին իրականացնում էինք։ Նորից եմ կրկնում՝ բազմաթիվ զոհվածների տարի չենք տվել։ Հիմա՝ թուրքը, ադրբեջանցին, որ պարում է Շուշիում, մենք էլ պարենք Ստեփանակերտո՞ւմ։ Այդ արնաքամ վիճակում պարե՞նք, որ հետո մարդիկ էլ ասեն՝ ինչի՞ եք պարում։ Այսինքն՝ հիմա էլ դրա մասին ասեն։ Մենք պետք է ապաքինվենք, եւ այստեղ շահարկումներն անթույլատրելի ու զզվելի եմ համարում։ Բայց հուսով եմ, որ հասարակությունը պետք է դուրս գա այդ ծանր իրավիճակից եւ դուրս է գալու։ Եվ մենք դեռ տոնելու ենք ե՛ւ հաղթանակներ, ե՛ւ մնացածը։

- Հիշում եք՝ ժամանակին, երբ Արցախ էին գալիս Հայաստանի պատգամավորները, եվրոպացի խորհրդարանականներ, պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, Ադրբեջանն ինչ աղմուկ-աղաղակ էր բարձրացնում, սեւ ցուցակում ներառում այդ գործիչներին։ Հիմա, 46 երկրի դիվանագետ պաշտոնապես այցելեց  Շուշի, որը հայկական կողմը համարում է օկուպացված։ Նման հայելային սեւ ցուցակ Արցախի ԱԳՆ-ն ունի՞։

- Մենք չեմ ասում, որ Ադրբեջանի պես սեւ ցուցակներ կամ ինչ-որ բաներ ենք անում, բայց հետեւում ենք ու շատ լուրջ  հետեւություններ անում ենք։ Տեսնում ենք՝ ինչ լրագրող է, ինչ քաղաքական գործիչ է, ունենք տվյալների բազա։ Եվ հաշվի ենք առնում, ինչը պարտավոր ենք անել։