Մյունխենագնացության վնասների մասին

Մյունխենագնացության վնասների մասին

Փաշինյանի մյունխենյան այցը եւ մասնակցությունն անվտանգության համաժողովին, կարելի է ասել, ոչ մի սենսացիա չառաջացրեց, չնայած մեր այն սպասումներին, որ Ադրբեջանին ԵԽ-ից վռնդած Եվրոպան Փաշինյանի պահանջով Ալիեւին պիտի դեմ տա պատին ու ինչքան խիստ խոսքեր գիտի՝ ասի նրան: Բայց Փաշինյանն այդպես էլ ոչ մի պահանջ չներկայացրեց, նույնիսկ ցույց չտվեց, որ Պրահայի հայտնի խայտառակությունից հետո էլ Ադրբեջանն իրեն պահել է, մեղմ ասած, ամենաանշնորհք ձեւով: Վախենում է Փաշինյանն Ալիեւից, թե ինչ, չեմ կարող ասել, բայց մի բան հստակ է՝ նա Ալիեւի ներկայությամբ չի կարողանում իրեն պահել հաղթողի պես: Մինչդեռ ասում էր՝ ինչ էլ պատահի, մենք մեզ պարտված չենք ճանաչելու: Եվ ի՞նչ, Փաշինյանի այս կեցվածքը հաղթողի՞ կեցվածք է:

Մյունխենում Փաշինյանը ոչինչ չասաց նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Ո՛չ լավը, ո՛չ վատը: Մինչդեռ մարդիկ Մյունխենում հավաքվել էին ամենաշատը հենց Պուտինի հարցով, որ նրան քննադատեն, ագրեսոր անվանեն, հակաժողովրդավար, բռնակալ եւ այլն: Ու հենց այդ օրերին էլ, ասես պատվերով, ռուսաստանյան բանտում Նավալնին հանկարծամահ եղավ: Նավալնու մահը, կարելի է ասել, լրիվ «բացեց» մյունխենյան դելեգատներին, որոնք աշխարհի տակ էլ մեղք չթողեցին ու բարդեցին Պուտինի վրա: Փաշինյանը, սակայն, սուս էր, ասես Նավալնու մահն իրեն ընդհանրապես չէր հուզել: ՔՊ-ն կասի, որ դա Փաշինյանի կողմից հավասարակշռված պահվածք էր, բայց, ինչպես գիտեք, ՔՊ-ին հավատալը նույնն է, թե Փաշինյանին հավատանք: Իմ կարծիքով՝ Փաշինյանն ուղղակի վախեցավ Պուտինից եւ նախընտրեց, իրեն հայտնի կենդանու տեղը դրած, ականջակալներով լսել մյուս ելույթ ունեցողներին: Հիմա եթե Մոսկվայից հանդիմանեն, թե ինչու ծպտուն չհանեցիր, երբ Պուտինին քննադատում էին, կկարողանա արդարանալ՝ թարգմանությունը սխալ էին միացրել: Սա սովորական նիկոլական պահվածք է, այսինքն՝ «не рыба не мясо», կամ «я не белый, я не красный. Оставте меня в покое»…

Նույնիսկ այսքանից հետո ես Փաշինյանի մյունխենյան այցը կհամարեի հաջողված, եթե չլիներ Մյունխենի եւ հարակից շրջանների հայության ներկայացուցիչների հետ նրա հանդիպումը, որի ժամանակ նա աչքի ընկավ հանկարծահաս պերճախոսությամբ: Բա հիմա չհարցնե՞մ, թե այ պարոն Փաշինյան, բա էդ լեզուդ ո՞ւր էիր մտցրել, երբ բոլոր դելեգատներն իրենց համերաշխությունն էին հայտնում ագրեսիայի զոհ Զելենսկուն ու քեզ վրա նույնիսկ ուշադրություն չէին դարձնում: Ո՞ւր էր քո պերճախոսությունը, երբ բոլորը Պուտինին ագրեսոր էին հռչակում ու ոչ մի բառ չէին ասում ագրեսոր Ալիեւի մասին: Հարցս ավելի պարզ տամ՝ գնացել էիր Մյունխեն, որ ի՞նչ անես, պարոն Փաշինյան: Լավ, չէիր խոսել՝ չէիր խոսել, ինչո՞ւ հանկարծ պերճախոս դարձար Մյունխենի եւ շրջակա տարածքների հայության հետ հանդիպման ժամանակ: Ո՞վ քեզ բզեց հայտարարել, որ ռուս-ուկրաինական հակամարտության մեջ մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Հասկացանք, առաջին անգամը չէիր խոսում այդ մասին, բայց մի՞թե կարելի է այդ կարգի հիմարություն անընդհատ կրկնել՝ հարուցելով մի կողմից ռուսների հակակրանքը, իսկ մյուս կողմից՝ Եվրոպայի ծիծաղը: Մյուս կողմից էլ նորմալ մարդու մեջ հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ կողմնակիցն է Հայաստանն Ուկրաինայի հարցում:

Ուկրաինայի՞… Մարդ աստծո, ուրեմն պարզ խոսիր, դուխով հայտարարիր այդ մասին, Ա-ն ասել ես, Բ-ն էլ ասա: Թե բա մենք Ուկրաինայի ժողովրդի կողմից ենք: Իյա, իրո՞ք: Դա ի՞նչ պատասխան է: Քաղաքագիտությունն անկյունում ծխում է այդ պատասխանից: Աշխարհում կա՞ մի ժողովուրդ, որի կողմից չես, պարոն Փաշինյան: Ռուս ժողովրդի, գերմանացիների, վրացիների, անգլիացիների, հրեաների, ամերիկացիների, տո հենց թուրքերի ու ադրբեջանցիների կողմից չե՞ս: Ուզում եմ ասել՝ Ուկրաինայի հարցում նույնիսկ Պուտինն է ուկրաինացի ժողովրդի կողմից, եւ չի կարող ուրիշ կերպ լինել: Այլ բան, թե ինչ հարց է լուծում Պուտինն Ուկրաինայում կամ, ավելի ճիշտ՝ ում հարցերն է լուծում: Այստեղ է, որ դու, պարոն Փաշինյան, ոչ թե Հայաստանը, չես կարող լինել Պուտինի դաշնակիցը: Դու նույն Զելենսկին ես, պարոն Փաշինյան, պարզապես այլ կերպարանքի մեջ, ընդհուպ՝ կեպիով: Ոչ մի տարբերություն: Եվ կարող ես վստահ լինել՝ դու այնքան չկաս, որ մեծ քաղաքականության մեջ Ռուսաստանին կամ Պուտինին մոլորեցնես, խաբս տաս՝ ուկրաինացի ժողովրդին պատճառ բերելով: Մի բան ականջիդ օղ արա՝ Ուկրաինայից հետո դեկոմունիզացիայի հերթը Հայաստանին է հասնելու: Բայց, ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանում հարկ կլինի մի թեթեւ հատուկ գործողություն իրականացնել եւ քեզ ողջ-առողջ Լուբյանկա հասցնել՝ Նավալնու մոտ:

ՀԳ. Ի դեպ, պարոն Փաշինյան, տխրահռչակ Ստյոպա Սաֆարյանը Ձեր ընտանիքի հետ նույն ինքնաթիռո՞վ էր հասել Մյունխեն: Ճիշտն ասած՝ մեկը կար, Մյունխենի եւ հարակից շրջանների հայության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ծիկրակում էր վերջին շարքերից՝ ջանալով խուսափել օբյեկտիվներից: Կա՛մ Ստյոպիկ Սաֆարյանն էր, կա՛մ նրա «դվայնիկը»: Դուք այնպիսի տեղեկություն չունե՛ք, պարոն Փաշինյան, որ Սաֆարյան Ստյոպիկն ու բազմաթիվ այլ սորոսավաստակներ արդեն լքել են Հայաստանը:

ՀԳ.1 Պարոն Փաշինյան, Դուք համարձակություն կունենա՞ք հրաժարական տալու: Խնդրում եմ հարցիս պատասխանել, բայց առանց ժողովրդի տված մանդատին հղումներ կատարելու: Դա, վստահեցնում եմ, քաղաքագիտական հիմարություն կլինի Ձեր կողմից: