Ի՞նչ են մտածում գյուղապետերը ծառահատումների մասին

 Ի՞նչ են մտածում գյուղապետերը ծառահատումների մասին

Հուլիսի 17-ին Իջևանում մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ:  Երբ ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը, ոստիկանների և բողոքի ակցիա իրականացնողների միջև բախումներ էին տեղի ունեցել։  Ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման հետևանքով Իջևանի քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել 12 ոստիկան և 2 ցուցարար: Քաղաքացիները դուրս են գրվել,  իսկ  ոստիկանները շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ: Կան ձերբակալվածներ։

«Հրապարակի» հետ զրույցում Իջևանից դեպի հյուսիս գտնվող Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը նշում է, որ տեղի ունեցած դեպքերին իրենց համայնքից մասնակիցներ գրեթե չեն եղել․ «Մեր գյուղից այդպես մարդ չի եղել, մի քանիսն են եղել։ Անձամբ ես առհասարակ դեմ եմ ծառահատումներին։ Ես չեմ կարծում, թե փայտի գործով զբաղվելը, ծառահատում իրականցնելը որևէ մեկի համար կարող է ցանկալի լինել։ Չկա մարդ, որ դրանով զբաղվի և առողջական խնդիրներ չունենա։ Կարծում եմ՝ անտառը մեզ հարկավոր է, առանց անտառի կյանք չկա։ Պետք է էներգիայի այլ ճանապարհ գտնել»։

Տավուշի մարզի Սևքար համայնքի ղեկավար Թաթուլ Թելոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց․ «Մարդիկ զուտ տաքանալու խնդիր ունեն։ Այլ խնդիր կարծում եմ՝ չկա։ Ես չեմ կարծում, որ կգտնվի մի մարդ, ով կողմ կլինի ծառահատմանը։ Ամեն դեպքում պետք է բնությունը պահել։ Եթե մենք չպահենք, բա ո՞վ պիտի պահի»։

Ծառահատումների վերաբերյալ մեր հարցերին ի պատսխան՝ Լուսաձորի համայքապետ Կարեն Սարդարյանը պատասխանեց, որ մարդիկ իրոք հացի խնդիր են լուծում․ «Խմբեր կան։ Մի խումբ կա, որ այնտեղի մարդիկ իրոք հացի հարց ունեն և փորձում են լուծել խնդիրը։ Երախաներին դրանով են պահում, դրա եկամուտից են հաց առնում երեխաների համար։ Մյուս խումբը նրանք են, ովքեր լավ էլ օգտվում են, լավ էլ ամեն ինչ անում են։ Այդ խմբերին, կարծում եմ, պետք չի իրար հետ համեմատել»։