«Արյուն կթափենք», «աչքերը կհանենք, կուտացնենք». Սպառնալիքները կշարունակվեն

«Արյուն կթափենք», «աչքերը կհանենք, կուտացնենք». Սպառնալիքները կշարունակվեն

Իջևանյան դեպքերի կապակցությամբ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կառավարության հետ ոչ ոք շանտաժի լեզվով չի կարող խոսել և ոստիկանության հետ ընդհարումների մեղավորները պետք է պատժվեն: Սակայն ջինը շշից վաղուց դուրս է եկել: Կառավարությունը վաղուց ցույց է տվել, որ «ժողովուրդը» կարող է ամեն ինչ անել: Օրինակ, մեկ տարի փակել հանքի ճանապարհները և անգամ դատարանի որոշումից հետո՝ չբացել, իսկ կառավարությունը «չի նկատում» դա: Ընդ որում «ժողովուրդ» ասելով նկատի ունեն ոչ բոլորին, այլ միայն նրանց, ովքեր ակտիվ են, բարձր են գոռում եւ խլացնում են մյուսների ձայնը:

Այսինքն, մի դեպքում 20 հոգին էլ կարող է ժողովուրդ լինել, իսկ, օրինակ, Իջևանում 500 հոգին «ժողովուրդ» չէ, այլ փայտի բիզնես անողների կողմից հրահրված, նախկինների կողմից ֆինանսավորվող խմբակ, որոնց դեմ կարելի է զորք ուղարկել, կարելի է կալանավորել, քրեական գործեր հարուցել, մի խոսքով՝ «ասֆալտին փռել»:

Բայց այ ֆեյսբուքում «բոլոլա» անող քաղակտիվիստների շատ ավեի փոքրաթիվ խումբը կառավարությանը, օրենսդիրի ներկայացուցիչներին սպառնալու էքսկլյուզիվ իրավունք էլ ունի:
Ամուլսարի ճանապարհները փակած խմբի անդամը Իջևանի դեպքերի հաջորդ օրը սպառնում է, ակնարկելով, թե իրենք էլ ոստիկաններին կծեծեն: «Արյուն կթափենք», «աչքերը կհանենք, կուտացնենք», այս բառապաշարով է իշխանական պարգամավորի կազմակերպած ֆեյսբուքյան հարցման տակ սպառնում Ամուլսարի դեմ հանդես եկող մեկ այլ ակտիվիստ: Հատկանշական է, որ այս նույն ակտիվիստը անցյալ տարի Ջերմուկում հրապարակային սպառնաց, որ «զենքով խփելու է» հանքը շահագործելու դեպքում:  

Մեր տեղեկություններով մեկ տարի առաջ Լիդիանը հաղորդում է ներկայացրել այս սպառնալիքների կապակցությամբ, սակայն ոստիկանությունը այդպես էլ միջոցներ չի ձեռնարկել: Իսկ անպատժելիությունը նորանոր դրսեւորումներ ունենալու հակում ունի:


Ստացվում է Իջևանում ճանապարհ փակել չի կարելի, իսկ Ամուլսարի դեմ պայքարողները կոչ են անում Երևանում այնպիսի փողոցներ փակել, որ «նորմալ մռմռա», եթե կառավարությունը համարձակվի Ամուլսարի փորձաքննության՝ ակտիվիստների հարմար անընդունելի արդյունքներ հրապարակի: Ընդ որում մեծահոգաբար տեղեկացնում է, որ իրենք ոստիկան չեն ծեծելու:
Մի բան ակնհայտ է, որ երկրում կարգ ու կանոն հաստատելու հարցում կառավարությունը խիստ ուշացել է, Իջևանի դեպքերը ցույց տվեցին, որ կառավարությանը շարունակում են սպառնալ, այդ թվում՝ բռնության անթաքույց կոչերով: Եվ ի դեպ, դարձյալ՝ անարձագանք: Ու նման միջադեպերը առաջիկայում էլի կկրկնվեն։