Արցախի անվտանգությունից բացի ինձ ոչինչ հետաքրքիր չէ

Արցախի անվտանգությունից բացի ինձ ոչինչ հետաքրքիր չէ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի հասարակական-քաղաքական գործիչ, նախկին լրագրող Բելլա Լալայանը:

- Արցախում հումանիտար աղետ է, չկա գազ։ Էլեկտրաէներգիան ընդհատումներով է մատակարարվում։ Մարդիկ կենցաղային այս դժվարություններին ինչպե՞ս են դիմակայում:

- Արցախցիներն ավելի դժվար պայմաններ էլ են հաղթահարել: Գազի լինել-չլինելը մեզ համար առաջնային խնդիր չէ: Մեզ ասելով, ես խոսում եմ բոլոր արցախցիների անունից: Բնականաբար կենցաղային բազում դժվարություններ կան, սակայն դրանք հաղթահարելի են: Չենք կարող այդ պատճառով վախենալ, արտագաղթել, կամ խուճապի մեջ հայտնվել:

- Այս պահին ո՞րն է արցախցու առաջնային խնդիրը:

- Անվտանգությունը:

- Այսօր ՀՀ վարչապետը մի քանի ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ: Նա մասնավորապես նշեց, որ Երասխում առաջարկել են թշնամուն մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք՝ իրենց տարածքից հետ կքաշենք եւ սպասում են Ալիեւի պատասխանին:

- Ես Հայաստանի վարչապետին չեմ լսում և առհասարակ Հայաստանի քաղաքական կյանքին չեմ խառնվում:

- Իսկ Արցախի քաղաքական անցուդարձին հետևո՞ւմ եք:

- Իհարկե, հետևում եմ:

- Շատ է խոսվում նոր պատերազմի մասին:

- Ինչի՝ պատերազմի վտանգ Հայաստանում չկա՞: Ողջ տարածաշրջանն է վտանգի մեջ: Մենք իրականությունից երբեք չենք կտրվում: 2020 թվականին կապիտուլյացիայի պայմանագրից հետո խնդրահարույց երևույթներ են առաջացել, որոնք վերջնական հաղթահարված չեն, բայց, նորից եմ ասում` արցախցու համար կարևորն իր հողի վրա ապրելն է:

- Իսկ ինչո՞ւ Հայաստանի ներքաղաքական անցուդարձին չեք հետևում:

- Ինչի՞ համար հետևեմ:

- Կարծո՞ւմ եք Արցախը Հայաստանից անջա՞տ է գործում։ Արայիկ Հարությունյանն առանց Հայաստանի վարչապետի թույլտվության կարո՞ղ է ինչ-որ որոշումներ կայացնել:

- Իսկ դուք կարծում եք՝ չի՞ կարող: Ես մտածում եմ, որ ցանկացած երկրի ղեկավար ինքնուրույն որոշումներ է կայացնում: Ղեկավարության մեջ ներառված է ոչ միայն նախագահը, այլև` բոլոր-բոլոր պետական ինստիտուտները: Արցախում այս պահին շատ կարևոր հարցեր կան, սակայն ամենակարևոր հարցը մեր անվտանգության հարցն է: Այն պայմանները, որում այսօր ապրում է արցախցին, երևի աշխարհի շատ քիչ ժողովուրդներ այդպես սառնասրտորեն կկարողանային հաղթահարել դժվարությունները:

- Վերջին շրջանում հայ-ռուսական միութենական պետության մասին շատ է խոսվում: Դուք այդ մասին ի՞նչ եք մտածում:

- Որպես արցախցի, Արցախում ապրող մարդ, այս պահին իմ երկրի անվտանգությունից բացի ինձ ոչինչ հետաքրքիր չէ: Դրա համար այլ հարցեր ինձ չեն հուզում: Ողջ հայության արժանապատվությունն այսօր Արցախում է: Քաղաքական թեմաներն ինձ չեն հետաքրքրում:

- Բայց քաղաքականությունն ու երկրի անվտանգությունը փոխկապակցված չե՞ն:

- Սա նախորդ հարցի ենթահարցն է, իսկ ես արդեն պատասխանեցի: