Կռանում, աղբ էր վերցնում գետնից․․․

Կռանում, աղբ էր վերցնում գետնից․․․

2019-ի փետրվարին դեռ երեսը պարզ էր։ Կնոջ ու աղջկա հետ Դսեղ էր գնացել՝ Թումանյանի 150 -ամյակին մասնակցելու։ Ես չեմ խոսելու այն մասին, որ միամիտ լոռեցիների մոտ Փաշինյանը կռանում ու գետնից աղբ էր վերցնում․․․ Պարզապես հիշեցնում եմ, որ իմանաք, թե ինչ պրիմիտիվ մեթոդներով է խաբել ձեզ։ Աղբ վերցնելու պրոցեսով կարելի է նրա ողջ քաղաքականությունը բացատրել։ Շատերն են հիմա ասում՝ սխալվելը, խաբվելը մարդու համար է, խաբվել ենք Փաշինյանի հարցում։ Ընդունում եմ,որ խաբվել եք, դուք էլ ընդունեք, որ դերասանը տաղանդավոր է եղել ու խաբել է ձեզ՝ պարգևելելով կերպարային, դերային անջնջելի, անմոռանալի պահեր։

Ուզում եմ հիշեցնել նրա մի հայտարարությունը, որը այսօր ավելի քան կհնչեր, որովհետև իր վարած քաղաքականությամբ հայ ժողովրդին հասցրել է ծնկելու, անդամալույծ դառնալու անուժ վիճակին։ Ահա թե ինչ կոչ էր ասում․ «Եվ ես այսօր ինձ իրավունք եմ վերապահում՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես ժողովրդի ազատ կամքով ընտրված վարչապետ, Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր, դու անդամալույծ չես, դու պարտվող չես, դու մուրացիկ չես, վեր կաց և քայլիր, վեր կաց և քայլիր»։ Այդ ժամանակ հայ ժողովուրդը վեր կացած ու ամուր կանգնած էր հողին, հաղթանակների տեր էր, կար Արցախը, անվտանգ Հայաստանը՝ իր կոկոն գարուններով։ Վեր կենալու ու այդ կոչի կարիքը չկար։ Բայց նա մարդկանց աչքի առաջ կռանում ու գետնին ընկած աղբն էր վերցնում, որ Հայաստանի, Թումանյանի նկատմամբ իր մեծ սիրով խաբեր։

Իսկ հիմա, երբ ծնկի է բերել թշնամու առաջ Արցախը և Հայաստանը, էլ հայ ժողովրդին չի ասում․ «Վեր կաց և քայլիր, դու անդամալույծ չես, դու պարտվող չես, դու մուրացիկ չես, վեր կաց և քայլիր, վեր կաց և քայլիր»։

Էլ կռանալու ու աղբ վերցնելու դերն ավարտվել է։