Ապահովում են նոր շոուներ, քաղաքական նոր թամաշաներ

Ապահովում են նոր շոուներ, քաղաքական նոր թամաշաներ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործի քննությունը նախօրեին մտավ դատաքննության փուլ։ Գրեթե մեկ տարի պաշտպանական կողմը տարաբնույթ միջնորդություններ էր ներկայացնում, եւ գործն այդպես էլ չէր հասնում մեղադրական եզրակացության հրապարակմանը, որը, որպես կանոն, հրապարակվում է դատաքննության առաջին փուլում։ Գործով առաջին անգամ նախօրեին եւս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի անուն շոշափվեց՝ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյան։

Դատախազների կողմից Քոչարյանին եւ Գեւորգյանին վերագրվող մեղադրանքը ներկայացնելուց հետո դատավորը տեղեկացրեց` Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։ Այս դեպքում 7-12 տարի ազատազրկում է նախատեսվում` գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա։ Նախկին նախագահի համար, սակայն, մեղադրանքն անհասկանալի էր, եւ նա դատարանում հենց այդ հարցը բարձրացրեց։ Իսկ ի՞նչ ապացույցների վրա է կառուցված մեղադրանքը:

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով «Սիլվայի գործ» անունը ստացած քրեական  գործում իր պաշտպանյալի մեղքը հաստատող ապացույցներին, ասաց, որ մեղադրանքի կողմն ունի  վկայի ցուցմունք եւ բանկային փոխանցումների մասին տեղեկություն․ «Խոսքը վերաբերում է բանկային հաշիվներին, որ բիզնես գործունեություն է ծավալել, գումարներ է ստացել։ Իրենք այդպիսի պնդում են անում, որ պարոն Քոչարյանն է բանկի միջոցով գումար ստացել։ Սիլվա Համբարձումյանն ասում է, որ ինքը տարբեր անձանց միջոցով գումարներ է փոխանցել, սակայն այդ անձինք հերքում են, եւ որեւէ փոխանցում նրա կողմից չի արվել։ Իրենք, առհասարակ, ընտանիքի անդամների բանկային հաշիվները ստուգել են եւ տեսել են շարժեր բիզնես գործունեության հետ կապված, այդ մուտքեր-ելքերը որեւիցե ձեւով չեն նույնանում այս գործի անձանց հետ։ Եվ եզրահանգումներ են արել, որ եթե եղել են շատ մուտքեր, պետք է լինեն ապօրինի»։

Փաստաբանը նշեց՝ Քոչարյանին ամեն գնով դատելու միտում է տեսնում, դա հատկապես տեսանելի է եղել Մարտի 1-ի գործով, որը տապալվել է, եւ հիմա մեղադրանքի կողմը մնացել է այս մի գործի հույսին․ «Այն ժամանակ, երբ այս գործը հարուցվում էր, նպատակ չունեին կոնկրետ այս գործով մեղադրանքը հասցնել դատարան, ու այս գործով նիստի ընթացքում էլ նշել ենք, որ այս գործով կալանավորման ժամանակ դատարանները հիմնավոր կասկած չեն գտել»։
Դատավոր Դանիբեկյանից փաստաբանն այս պահին դժգոհություն ունի, ասում է, որ նա ոչ մի իրավական հարցի չի ցանկանում պատասխանել․ «Բարձրաձայնվում են հարցեր, բազմաթիվ իրավական հարցեր, որոնք հետաձգվում են, այս փուլում պատասխան չի տրվում, դա խուսափողական մոտեցում է»։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն էլ, անդրադառնալով այս գործին, նշեց, որ սա քաղաքական հետապնդում է, եւ դա նորություն  չէ․ «Եթե գնահատենք դատավորի, դատախազության վարքագիծը, ապա կարող եմ  հիշեցնել, որ 44-օրյա պատերազմին նախորդած մի ժամանակահատվածում եղան ընդդիմախոսների ձերբակալություններ, ֆեյսբուքյան ասուլիս-լայվեր եւ այլն, եւ դրանից հետո տեսանք, թե ինչ տեղի ունեցավ։ Ես հիմա ողջամիտ եւ հիմնավոր կասկածներ ունեմ, որ ինչ-որ բան է նորից սպասվում Հայաստանի դեմ։ Դրա շրջանակներում ապահովում են նոր շոուներ, նոր քաղաքական թամաշաներ, որպեսզի զանգվածներին զբաղեցնեն տեսարաններով»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Մարտի 1-ի գործով Քոչարյանի հետ նույն մեղադրանքը կիսած Սեյրան Օհանյանն էլ նշեց, որ քաղաքական հետապնդում է իրականացվում․ «Այս իշխանությունները գալուց հետո փորձել են արժեզրկել ոչ միայն մեր նորօրյա պատմության ընթացքում ձեռք բերված արժեքները, այլ նաեւ այն արժանավոր անձանց, ովքեր մեծ արած ունեն ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի պետականաշինության, պաշտպանության, տնտեսության զարգացման մեջ։ Փորձը ցույց տվեց, որ Ռոբերտ Քոչարյանն անվախ եւ համարձակ պետական պաշտոնյա եւ անձնավորություն է։ Հիմա էլ էսպես շինծու գործով` մեկ անձի հայտարարությամբ, իր նկատմամբ այդ հետապնդումն իրականացվում է»։

Հիշեցնենք, որ Ռ․ Քոչարյանը մեղադրվում է այն բանում, որ «իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն է նպաստել, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008-ի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք»։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։

Արմեն Գեւորգյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ։ Մեղադրականում գրված է. «2006 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ՝ վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 309 միլիոն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք եւ օրինականացրել ստացված եկամուտները»։