Դեռ տաք ենք, ցավը չենք զգում

Դեռ տաք ենք, ցավը չենք զգում

Արցախը հանձնելու արձագանքներն ինձ իմ մանկությունը տարան։ Երբ քարայծի նման վազում էի սարերի մեջքն ի վար ու ճռվողում։ Պատահում էր, որ ընկնում էի սուր- սուր քարերի վրա ու արյունը ծորալով տուն հասնում։ Տատս դուրս էր գալիս ինձ ընդառաջ, ծնկներին խփում՝ վա՜յ,  էս հինչա իլալ, արունը շռռումա։ Ես ցավ չէի զգում ու ասում էի՝ բան չկա։ Իսկ նա սառը թրջոց էր դնում ու ասում՝ դեռ տաք է, ցավը չես զգա․․․ Հաջորդ օրն իրոք անտանելի ցավ էր լինում, կապտուկներ։ 

Այսօր կարդում էի շվարած մարդկանց արձագանքները ու հիշում տատիս խոսքերը։ Դեռ տաք ենք, ցավը չենք զգում։ Մարդիկ կան, որ ասես երազում լինեն, ասում են՝ շնորհավորում ենք խաղաղությունը։ Կարդում ու չես հավատում, որ նրանք միս ու արյունից են կազմված։  Մարդիկ կան, որ գրում են, նման բաներ մի կարդացեք, խաղա՜ղ ապրեք։ Խաղաղ ապրե՜ք, երբ ներքնակի պես երկիրդ քաշում են ոտերիդ տակից, ու  երկիրդ  հուշանվերի պես ընծայում  թշնամուդ։ Չգիտեմ ինչու հիշեցի վաղուց մահացած մտերմուհուս, ով գիտեր, որ շատ կարճ է կյանքը, բայց չգիտես ինչու՝ չէր հավատում։ Ու գիտե՞ք ինչ էր ասում՝ ինձ թվում է, թե  այս ամենն ինձ հետ չի կատարվում։ Իմ փոխարեն մի ուրիշի է դա վերաբերվում․․․

Այսօր այդ վիճակն է։ Մենք տաք ենք, ցավը չենք զգում։ Մեզ թվում է, թե այդ ամենը մեզ հետ չի կատարվում։ Դա մի մարդու կորուստ չէ։ Դա մի ողջ դրախտավայրի կորուստ է՝ լի սիրով, ջերմությամբ, կյանքով, օրհնությամբ․․․ Այսօր նույնիսկ խոսել,  լացել  չենք կարող․․․ Նման պահեր շատ են եղել, մեծերն ասում էին՝ լաց եղիր, լաց եղիր, կթեթևանաս։ Այսօր հեղեղն ու սելավն էլ չի փրկի։ Ծանր է շատ, ու մենք դեռ չեն զգում։