Մենք իշխանություն չենք

Մենք իշխանություն չենք

Շատ օրիգինալ իշխանություն եւ մտածողություն է ձեւավորվել մեր երկրում։ Խորհրդարանական կառավարման երկրում իշխանության թիվ մեկ մարմինը՝ Ազգային ժողովը, չգիտես ինչու, իշխանություն չի համարվում։ Այն, որ խորհրդարանում հավաքված ընդդիմությունն իրեն իշխանության մաս չի զգում, դեռ ինչ-որ տեղ հասկանալի է՝ նա որոշումների կայացման վրա որեւէ ազդեցություն չունի արդեն տասնամյակներ։ Բայց որ իշխող մեծամասնության պառլամենտի անդամներն էլ իրենց իշխանություն չեն զգում, այ, դա է տարօրինակ։

Երեկ նրանցից մեկը՝ երկու տարուց ավելի առողջապահության նախարար, ապա կառավարության աշխատակազմի ղեկավար աշխատած Արսեն Թորոսյանը, առանց ենթատեքստի, նման հայտարարություն է արել՝ «ես իշխանության ներկայացուցիչ չեմ»։ Շատ ավելի ընդգծված է նույնն ասում խորհրդարանի իշխանական թեւը։ Երեկ՝ ԱԺ նոր նստաշրջանի մեկնարկին, «Քաղպայմանագրի» բոլոր ներկայացուցիչները՝ սկսած ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանից, վերջացրած «Քաղպայմանագրի» շարքային անդամներով ու ՔՊ անդամ, նիստը վարող Կնյազ Հասանովով, հայտարարում էին՝ մենք ի՞նչ կապ ունենք իշխանությունների հետ։ Մենք չենք կարող գլխավոր դատախազին ԱԺ հրավիրել, չենք կարող պատգամավորներին բերել ԱԺ դահլիճ, չենք կարող խափանման միջոց փոխել, անձեռնմխելիության հարց բարձրացնել, անգամ այդ հարցերը չենք կարող բարձրացնել վարչապետի մոտ։

Կարճ ասած՝ մենք իշխանություն չենք, իշխանության, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի կցորդներն ու կամակատարներն ենք, մեզնից ոչինչ մի սպասեք։ Այս ցավալի իրողությունը, իհարկե, Հայաստանում նոր չի ստեղծվել։ Հանրապետականների պառլամենտն էլ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կամակատարներն ու կցորդներն էին։ Բայց ե՞րբ է գալու այս ապաքաղաքական իրողություններից ազատվելու ժամանակը։