«Հրապարակ». Շապիկներ՝ ի պաշտպանություն բանտարկյալների

«Հրապարակ». Շապիկներ՝ ի պաշտպանություն բանտարկյալների

Երեկ «Հայաստան»  դաշինքի ոչ բոլոր պատգամավորներն էին անդրանիկ նիստին ներկայացել դաշինքի կալանավորված անդամների նկարներով շապիկներով։ Անդրանիկ Թեւանյանը, Արամ Վարդեւանյանը եւ Արեգնազ Մանուկյանը «Հայաստան» դաշինքի լոգոյով մուգ շապիկներով էին։ Թեւանյանը մեր լրագրողին ասել է, որ որեւէ խնդիր չկա՝ զուտ տեխնիկական պատճառներով չի հագել, հագուստի չափի հետ կապված խնդիր է առաջացել, որը հնարավոր չի եղել շտկել։

Իսկ նախկին փոխվարչապետ, բարեկեցիկ կյանքի սովոր Արմեն Գեւորգյանը երկրորդ ընդմիջումից հետո քարոզչական շապիկը հանել եւ ճերմակ վերնաշապիկ էր հագել։ Չդիմացա՞ք, սովոր եք Ձեր ճերմակօձիք վերնաշապիկների՞ն․ մեր լրագրողի հարցը Գեւորգյանն անպատասխան է թողել՝ շտապելով Սեյրան Օհանյանի աշխատասենյակ։

Ի դեպ, պատգամավորների աշխատասենյակների հարցը երեկվա դրությամբ դեռ չէր լուծվել, միայն հայտնի էր, թե որ խմբակցությունը որ ֆոյեում ու հարկաբաժնում է տեղավորվելու։ Արթուր Վանեցյանն էլ մի պահ մոլորվել էր խորհրդարանի՝ լաբիրինթոս հիշեցնող միջանցքներում եւ հայտնվել Սեյրան Օհանյանի աշխատասենյակում։