Ստոլտենբերգի տարածաշրջանային այցը, ՆԱՏՕ-ի ուղերձները

Ստոլտենբերգի տարածաշրջանային այցը, ՆԱՏՕ-ի ուղերձները

Դեռ փետրվարին խոսվում էր, թե մարտի կեսերին Հայաստան կայցելի ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին քաղաքականության եւ պաշտպանություն հարցերի բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը։ Բորելի այցի մասին պաշտոնական հաստատում կամ հաղորդում մամուլի համար դեռ չի եղել, սակայն նաեւ այցի նախապատրաստությունը չի հերքվել։ Հուսանք՝ այցը մարտին կկայանա։

Սակայն Բորելի սպասված այցի փոխարեն մարտի կեսերին ոչ այնքան սպասելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջանային այց կատարեց Հարավային Կովկաս։ Ընդ որում եթե ԵՄ բարձր հանձնակատարները տարբեր ժամանակներում, տարբեր առիթներով Հարավային Կովկասի տարբեր երկրներ այցելել են, ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղարի այց Հարավային Կովկաս դժվար է մտաբերել։ Համենայնդեպս, Յանս Ստոլտենբերգի պաշտոնավարման 10 տարիներին նման այց չէր եղել։ Այնպես որ, Խավիեր Կոլոմինան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Կովկասում եւ Միջին Ասիայում, երբ Ստոլտենբերգի այցը Հարավային Կովկասի երեք պետություններ կոչել էր «պատմական», իրականությունը չէր գունազարդել։ 

Մարտի 17-19-ի ընթացքում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը եղավ Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում։ Երեք մայրաքաղաքներում էլ նա հղեց գրեթե նույնական ուղերձներ։ Որոշ հատվածներ բոլոր երեք հայտարարություններում անգամ նույնությամբ կրկնվում էին, դիցուք՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը ողջունելը եւ ռազմադաշտում Պուտինի հաղթանակը բացառելու կարեւորությունը։ Բոլոր երեք երկրներում հայտարարվեց նրանց ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սատարելու մասին եւ կարեւորվեցին տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը։ Հայաստանում եւ Ադրբեջանում նաեւ հայտարարվեց հարաբերությունների կարգավորման հասնելու անհրաժեշտության, առկա հնարավորության, այն բաց չթողնելու մասին, ինչը հերթապահ մաղթանք կարելի էր համարել։ 

Երկրների յուրահատկությունների մասով, Վրաստանում քաջալերվեց եվրաատլանտյան կառույցներին ամբողջությամբ ինտեգրվելու Թբիլիսիի հանձնառությունը, Հայաստանում՝ Փաշինյանի կառավարության մղած պայքարը կոռուպցիայի դեմ՝ իբր ժողովրդավարական հաստատությունների հզորացում ու օրենքի գերակայության ձգտել։ Ադրբեջանում դրական լույսի ներքո ներկայացվեց այն, որ այդ երկիրը կլիմայի փոփոխության դեմ պայքարի ինչ-որ միջազգային համաժողով պիտի հյուրընկալի ընթացիկ տարում։ Այդ համատեքստում Ալիեւը Ստոլտենբերգին պատմել էր, վերջինս էլ բարձրաձայնեց, թե իբր Ադրբեջանն այլընտրանքային էներգիայի արտադրության ծրագրերի վրա է աշխատում, իբր Ադրբեջանում նախատեսում են ջրից, արեւից, քամուց էներգիա ստանալ եւ արտահանել։ Թե ուր արտահանել՝ չճշտվեց։ Եթե Ադրբեջանի կարգի ինտելեկտուալ հետամնացության երկրում կարող են ջրից, արեւից, քամուց էներգիա արտադրել, ապա ուղղակի հետաքրքիր է՝ Ադրբեջանից ավելի հետամնաց քանի՞ վայր կա երկրագնդի վրա, որտեղ նույնը չկարողանան անել։ Եվ այդ ո՞վ է Ադրբեջանից այլընտրանքային էներգիա գնելու։ Իհարկե՝ ոչ ոք։

Ադրբեջանը կարող է միայն գազ ու նավթ արտահանել։ Ուրիշ ոչինչ։ Ընդ որում՝ Ադրբեջանը գազ արտահանում է ներկա դրությամբ տարեկան 12 bcm (billion cubic meters` միլիարդ խմ) ծավալով, եւ նշաձող է դրվել, որ 2027-ին արտահանումների ծավալը հասցվի 20 bcm-ի։ Ոչինչ չհասկանալով Եվրոպայում գազի սպառման ծավալներից՝ պրոռուսական եւ հակաարեւմտյան ուժերը փորձում են ձեռնածություններ անել, թե իբր 12 միլիարդ կամ թեկուզ 20 միլիարդ խմ գազը մի նշանակալից ծավալ է Եվրոպայի համար, եւ դրանից արտածել, թե Ադրբեջանն էներգետիկ կարեւորություն ունի ԵՄ-ի համար։ Մինչդեռ եթե այդ ձեռնածությունների հեղինակները մեկ անգամ գոնե իրենց նեղություն պատճառեն ծանոթանալու թվերին, թե որքան գազ է սպառվում միայն ԵՄ-ում, այն էլ՝ ոչ թե տարեկան, այլ՝ ամսական, ապա սեփական տխմարության վրա իրենք էլ կծիծաղեն։ ԵՄ-ում, հատկապես ձմեռվա ամիսներին, սպառվում է ամսական 50-60 bcm գազ։ Հետեւաբար, ի՞նչ նշանակալից ծավալի կամ Ադրբեջանի էներգետիկ կարեւորության մասին կարող է խոսք լինել․․․ Սպառման ընդհանուր ծավալի 2-3%-ը սխալանքի մարժա է, ոչ թե կարեւոր կամ նշանակալից ծավալ։ ԵՄ-ն տարեկան սպառում է մոտ 400 միլիարդ խմ բնական գազ, Ադրբեջանը մատակարարում է դրա 2-3%-ը՝ 12 միլիարդ խմ։ Սա է իրականությունը եւ փաստը։ Եվրոպական քաղաքավարությունը, դիմացինին արժեւորելու խոսքերը պետք չէ իրականության հետ շփոթել։

Սակայն վերադառնալով Յանս Ստոլտենբերգի այցին, անշուշտ, ամենքն էլ գիտակցում են, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջանային այց չէր կատարում հրապարակային հայտարարությունների համար։ Դա արտաքին կողմն է։ Նման այցի առաջին նպատակը, ակներեւաբար, ուղերձ հղելն էր աշխարհին, Հարավային Կովկասին սահմանակից տարածքներին եւ երկրներին՝ առ այն, որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասն այլեւս դիտում է իր հետաքրքրությունների եւ ազդեցության դաշտում։ Երկրորդ եւ գլխավոր նպատակը կուլիսների ետեւում արդեն սպասելի է, որ լիներ Ադրբեջանին զգուշացնելը, որպեսզի վերջինիս կողմից կամ ձեռամբ որեւէ սադրիչ կամ խոչընդոտող քայլ չարվի Հայաստանի եվրաինտեգրման դեմ։ Դատելով նրանից, թե Իլհամ Ալիեւն ինչ էր դայլայլում Ստոլտենբերգի առջեւ իբր Հայաստանի հետ բանակցությունների ինտենսիվ փուլում գտնվելու, խաղաղությանը մոտ լինելու եւ այլնի մասին, կարելի է հուսալ, որ կուլիսների ետեւում բացատրվածը գոնե առժամանակ Ալիեւի գիտակցությանը հասել էր։ 

Ինչ խոսք, ամենքին է հայտնի, որ վերջին կես տարում համարյա հանդիպում չի եղել ՀՀ եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ, էլ ուր մնաց՝ ինտենսիվ բանակցություններ։ Գերմանիայի կանցլերի եւ ԱԳ նախարարի մասնակցությամբ մի երկու photo-opportunity-ն ո՛չ հանդիպում է, ո՛չ էլ՝ բանակցություն։ Հետեւաբար, Ալիեւի՝ խաղաղության եւ բանակցությունների մասին դայլայլելն ընդամենը հրապարակային հանձնառություն էր՝ իրավիճակ չսրելու։ Որքանով Ալիեւը հանձնառությանը հավատարիմ կմնա, կախված է Արեւմուտքի վճռականությունից եւ ճնշումից։ Ըստ էության, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ է դա հաստատել՝ հայտարարելով, թե ՆԱՏՕ-ի՝ Կովկասում իր ազդեցությունն ու ներկայությունն ամրապնդելու փորձերը դժվար թե ամրապնդեն կայունությունն ու կանխատեսելիությունն այդտեղ։ Ասել է թե՝ Մոսկվայում տեղյակ են, որ ՆԱՏՕ-ն Կովկասում կայունություն եւ կանխատեսելիություն ապահովելուն է հետամուտ։ Այլ հարց, որ Մոսկվայում թերահավատ են, թե ՆԱՏՕ-ն դրան կհասնի, ավելի ճիշտ՝ չեն ցանկանում, որ հասնի։ Կապրենք՝ կտեսնենք։