Քաղաքական հուզումները՝ ֆորսմաժորային իրավիճակ․ինչու է ձգձգվում աշնանացանի փոխհատուցումը

Քաղաքական հուզումները՝ ֆորսմաժորային իրավիճակ․ինչու է ձգձգվում աշնանացանի փոխհատուցումը

Կառավարության որոշմամբ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի համար հատկացվել է 2,5 միլիարդ դրամ: Պետությունն այս տարի մշակված մեկ հեկտարի համար հավաստագրված սերմի դեպքում 120, իսկ չհավաստագրվածի դեպքում 70 հազար դրամ կտրամադրի հողագործներին: Մինչդեռ գյուղատնտեսների հաշվարկներով ցորենի մեկ հեկտարի մշակման համար 400-420 հազար դրամ է անհրաժեշտ: Շիրակի մարզում գյուղատնտեսները հողը վաղուց մշակել, անհամբերությամբ սպասում են պետության փոխհատուցմանը, որը դեռ չկա ու չկա: Ի դեպ, մարզում նախորդ տարի 14 հազար հեկտար ցանք է կատարվել աշնանացան ցորենի, այս տարի արդեն իսկ 16 հազար 200:

«Ես մի փաստի վրա կուզեի հրավիրել բոլորի ուշադրությունը, հատկապես գյուղացիներից շատերի, ովքեր  պետության հետ պայմանագիր կնքել են՝ գուցե առանց կարդալու»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես, գործարար Տիգրան Ավագյանը՝ հատուկ առանձնացնելով եւ նշելով պայմանագրի մեջ տեղ գտած այն հատվածը, որը վերաբերում է ֆորսմաժորային իրավիճակներին,  եւ որոնց առաջացման դեպքում պետության  պարտավորությունների կատարումը անհնարին կարող է  լինել: «Ուշագրավ է, որ որպես անհաղթահարելի ուժ ՝ բնական աղետների կողքին նշված են նաև քաղաքական հուզումները, գործադուլները․․․․․, դուք հասկանում եք չէ՝ ինչ կարգի են իրենց ապահովագրում, լավ գիտեն, որ երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ քաղաքական ընդվզումները չեն բացառվում, եւ ըստ իս՝ հենց սա է գլխավոր պատճառը, որ ուշանում է աշնանացանի փոխհատուցումը:Մի տարբերակ էլ կա․ քաղաքական ընդվզումների ֆոնին կհասցնեն տրամադրել փոխհատուցումը, ու դրա անվան տակ իրենց վարկանիշը կբարձրացնեն, նորից միամիտ գյուղացին կասի՝ տես ինչ լավն էին․․․»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով․

«Գյուղոլորտը բացարձակ բարձիթողի վիճակում է, Քերոբյանն էր չէ ասում՝ ձեռ չի տալիս մի ցանեք, առանց հասկանալու, որ գյուղատնտեսությունը երկրի ռազմավարական վիճակն է: Ռազմական վիճակում , որ գյուղատնտեսություն չեղավ, ուտելիք, սնունդ չեղավ, ինչ ես անելու:Անցած տարի իշխանավորներից եկել էին, ասում էին՝ օրենք ընդունենք, որ ով ՌԴ-ում է կամ այլ երկրում , հողը ձեռքից վերցրեք, տվեք մեզ: Էն դեպքում, որ հողատիրոջ եղբայրն այն մշակում է:Ինչ կարգի օտարություն ու ատելություն են սերմանում: Մի բան էլ․ գազարը Իրանից բերում են, 350 դրամով վաճառում, իսկ Շիրակի մարզի գյուղերում բերքը փչանում է, գյուղացին իրացման խնդիր ունի, ինչի էնպես չեն անում, որ տեղի արտադրանքը իրացվի, խեղճ գյուղացին չտուժի, ձևը հո գիտեն, հաստատ կարող են․․․, բայց հակառակն են անում»: