Ճանաչու՞մ ենք, արդյոք, ինքներս մեզ

Ճանաչու՞մ ենք, արդյոք, ինքներս մեզ

Չինացի ստրատեգ և մտածող Սուն Ցզին, մեր թվարկությունից առաջ V դարում, նկատել է.
Եթե ճանաչում ես նրան (հակառակորդին) և ճանաչում ես ինքդ քեզ, թեկուզ հարյուր անգամ կռվես, վտանգ չի լինի:

Եթե դու ճանաչում ես ինքդ քեզ, բայց չես ճանաչում նրան, մի անգամ կհաղթես, մեկ ուրիշ անգամ կպարտվես:

Եթե դու չես ճանաչում քեզ և ոչ էլ նրան, ամեն անգամ կռվելիս կպարտվես: 
Թերևս, ներողամիտ կլինի մեծ մտածողը, եթե իր հանճարեղ մտքերին ավելացվի պակաս հանճարեղ մեկը:

Եթե դու չես ճանաչում քեզ, բայց ճանաչում ես նրան, պետք է նրանից մուրաս խաղաղություն:

Մենք մեզ չենք ճանաչել, չենք ճանաչում և չենք էլ փորձելու ճանաչել: Այնպես որ, խաղաղության դարաշրջան մուտք գործելը, եթե նա (հակառակորդը) սիրահոժար համաձայնի, մեր միակ ճշմարիտ ուղին է, ինչ-որ կերպ տարածաշրջանում գոյատևելու համար: Սա կամքի հետ կապ չունեցող, հոգեկերտվածքային մի բան է: Սա ֆատալիզմ չէ:
Ընդ որում, մեր գոյատևելու խնդիրը որևէ կապ չունի տարածքի հետագա պատկանելության հետ: Համապատասխան ՈՒԺԸ կորոշի:

Հ.Գ. Թեպետ, կարծես, մեր մեջ իրենք իրենց ճանաչողներ կան և նրանք մեծամասնություն են: Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր իրենց «վարուցանքին» (տե՛ս «Սարոյան եղբայրներ») են, իրենց, տարբեր տրամաչափի, բիզնեսներին են և մեծ ակնկալիքներ ունեն սահմանները բացվելուց և չեն պատրաստվում «թուրքի դեմը կտրել»:
Գագիկ Վարդանյան