Ծրագիր՝ պետբյուջեից 7,5 միլիարդ դրամ կողոպտելու մասին

Ծրագիր՝ պետբյուջեից 7,5 միլիարդ դրամ կողոպտելու մասին

Հայաստանի կառավարությունը մտադիր է առաջիկա երեք տարիների ընթացքում մոտ 7,5 միլիարդ դրամ ծախսել գյուղատնտեսական հողերի խոշորացման ծրագրի իրականացման համար: Նման մի նախագիծ է էկոնոմիկայի նախարարությունը դրել շրջանառության մեջ: Այդ նախագծով նախատեսվում է խոշորացնել 4500 հեկտար հողատարածք: Միայն թե նախագծի հեղինակներն այնքան էլ անկեղծ չեն եւ չեն գրել, թե ում համար է նախատեսված այդ ծրագիրը, ում են պատրաստվում նվիրել այդ գումարը, եւ ով է պատրաստվում այդ գումարն օգտագործել իր հողերի մելիորացման եւ մշակման համար: Իսկ որ այս ծրագիրը նախատեսված է կոնկրետ ինչ-որ հողակտորի համար, պարզ է նախագծի ամբողջ տեքստից:

Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած փաստաթուղթը կոչվում է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիր»: Որպեսզի պարզ լինի, թե որքան աննշան հողատարածքի է վերաբերում այդ ծրագիրը, նշենք, որ դրա իրականացման արդյունքում կխոշորանա Հայաստանի հողային ֆոնդի 0,84 տոկոսը: Բայց խնդիրն ամենեւին էլ ծրագրի աննշանությունը չէ, այլ այն, որ փաստացի կառավարությունը պետական բյուջեից 15 միլիոն ամերիկյան դոլարը գերազանցող գումար է ծախսելու ինչ-որ մեկի կամ գուցե մի խումբ անձանց բիզնես ծրագիրն իրականացնելու համար՝ անշուշտ, իրենց փայ ատկատը ներառյալ: Այսինքն՝ կառավարությունը ծրագիր է իրագործում ոչ թե իրենց մանր հողակտորներն օգտագործող գյուղացիական տնտեսությունների միավորման եւ դրա արդյունքում հողի մշակման արդյունավետությունը բարձրացնելու համար, այլ գումար է տրամադրում մեկ կամ մի խումբ մարդկանց, ովքեր ունեն անմշակ հողակտոր եւ ցանկանում են այն մշակել ոչ թե սեփական, այլ պետական բյուջեի միջոցների հաշվին: Այս պնդումը շատ հեշտ ապացուցելի է, եւ այդպես մտածելու համար ներկայացված ծրագրում բոլոր հիմքերն առկա են:

Ծրագրի հենց սկզբում, որտեղ խոսվում է ծրագրի նպատակների մասին, գրված է, որ դրա արդյունքում կխթանվի նոր աշխատատեղերի ստեղծումը: Այս պնդումը կարելի էր անհեթեթություն որակել, եթե խոսք գնար մանր գյուղատնտեսական հողակտորների միավորման մասին: Հայաստանում գյուղացիական մեկ տնտեսությունը, միջին հաշվով, մշակում է մեկ հեկտար հողատարածք: Ստացվում է, որ 4500 հա հողատարածքը մշակում են 4500 գյուղացիական տնտեսություններ: Եթե դրանք միավորվեն, ապա այդ տնտեսությունների 10 տոկոսն էլ բավարար կլինի նշված քանակությամբ հողը մշակելու համար: Կա նաեւ պատմությամբ եւ հարյուրամյակներով հաստատված ճշմարտություն. հողերի խոշորացման դեպքում այդ հողերը մշակող գյուղացիական տնտեսությունների թիվը տասնապատիկ եւ ավելի անգամ պակասում է: Այսպիսով, եթե 4500 գյուղացիական մանր տնտեսություններ միավորեն իրենց փոքր հողակտորները, դրա արդյունքը չի կարող լինել աշխատատեղերի ստեղծում, այլ ճիշտ հակառակը՝ հազարավոր գյուղացիներ կմնան գործազուրկ: Մինչդեռ, իսկապես, նոր աշխատատեղեր կստեղծվեն, եթե գործ ունենք ընդհանրապես չմշակվող հողակտորների հետ: Որովհետեւ անմշակ հողի վրա որեւէ մեկը չի աշխատում, իսկ այն մշակելու համար անհրաժեշտ է աշխատուժ, եւ բնական է, որ ստեղծվում են նոր աշխատատեղեր: 

Այն, որ խոսքը չօգտագործվող հողամասի մասին է, նշվում է նաեւ ծրագրի արդյունքների մասին հատվածում: «Ծրագրից ակնկալվող արդյունքներ» բաժնի հենց առաջին կետում գրված է. «Գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման մակարդակի նվազեցում՝ շուրջ 4500 հա-ով»: Որ ծրագրի հեղինակները նկատի ունեն կոնկրետ հողատարածք, ակնհայտ է դառնում «ծրագրից ակնկալվող արդյունքների» մեկ այլ կետով, որտեղ ասվում է, որ ոռոգելի հողերը կավելանան 4500 հեկտարով: Ստացվում է, որ ծրագրի հեղինակներն ի սկզբանե տեղյակ են, որ այդ հողատարածքն այս պահին ոռոգելի չէ, եւ միայն ծրագրի իրականացման արդյունքում այն կդառնա ոռոգելի: Ծրագրով նախատեսվում է ջրավազանի կառուցում՝ մեկ հեկտար հողատարածքի համար 1000 խմ ջրի ծավալով: Ստացվում է, որ այդ հողատարածքի վրա պետք է կառուցվի 4,5 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրավազան, իսկ թե ներկա սակավաջրության պայմաններում որն է լինելու ջրաղբյուրը, նախագծի հեղինակները չեն նշում: Ծրագրի հեղինակները գիտեն նաեւ, որ այդ հողատարածքը քարքարոտ է, եւ այդ նպատակով ծրագրով նախատեսել են մակերեսային եւ խորքային քարերի հավաքում «քարհավաք մեքենաներով եւ կուտակում»: Յուրաքանչյուր հեկտարի համար միայն քարհավաքման համար նախատեսվում է 300 հազար դրամ:

Նրանք գիտեն, որ տարածքն անհարթ է, եւ նախատեսում են տարածքի հարթեցում ու պարարտացում: Մեկ հեկտարի հաշվարկով պետական բյուջեից նախատեսվում է տրամադրել 2 միլիոն 760 հազար դրամ: Սա կրկնակի ավելի շատ է, քան այսօր 1 հեկտար հողատարածքի շուկայական գինը նույնիսկ Արարատյան դաշտում: Բայց չմոռանանք ատկատի մասին. ի վերջո, որեւէ մեկը չի կարող պետությունից իր հողը մշակելու համար անվերադարձ միլիարդավոր դրամների գումար ստանալ ու դրա դիմաց չվճարել ծրագրի հեղինակներին: Սա կհակասի տրամաբանության բոլոր կանոններին, չէ՞ որ այդ մարդիկ հսկայական գործ են արել, ծրագիր են գրել:

Ամենայն հավանականությամբ, այս հողատարածքը գտնվում է Արմավիրի կամ Արագածոտնի մարզի տարածքում, թերեւս Բաղրամյան խոշորացված համայնքի տարածքում, որտեղ նման անմշակ եւ անջրդի հողակտորներ կան, եւ որտեղ արդեն բազմաթիվ տեղական եւ օտարերկրյա ներդրողներ հողատարածքներ են ձեռք բերել ու այգիներ հիմնել: Միայն թե նոր Հայաստանում մարդիկ ոչ թե սեփական միջոցներն են ներդնում, այլ դա վերցնում են պետական բյուջեից, էկոնոմիկայի նախարարության կողմից կազմված մի անգրագետ ու ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր պարունակող նախագծի միջոցով: 
Ինչպես ընդունված է ասել՝ բարի վայելում:

Ավետիս Բաբաջանյան