Մկները, առհասարակ, պանիր չեն սիրում, պանիրը նրանց գրավում է միայն թակարդում

Մկները, առհասարակ, պանիր չեն սիրում, պանիրը նրանց գրավում է միայն թակարդում

Շատ խոսեցինք ԵՄ-ի տված 270 միլիոն եվրոյից ու ամերիկյան 65 միլիոն դոլարից: Բոլորն ասում են՝ քիչ է, քիչ էր, մենք ավելին էինք սպասում… Հիասթափվողներ եղան անգամ: Մի ֆեյսբուքյան օգտատեր էլ գրել էր, որ մեզ Ֆոնդերլայնեն արեցին: Թե դա որն էր՝ չհասկացա, բայց մոտավորապես գլխի ընկա, որ մեզ առանձնապես լավ բան չարեցին: Այսուհանդերձ, ես մնում եմ այն տեսակետին, որ նվեր տված ձիու ատամները չեն հաշվում: Իսկ մեզ այդ գումարները նվեր են տվել, նվեր: Հետեւաբար՝ էլ ի՞նչ ենք նստել ու քննարկում՝ շատ էր, քիչ էր… Դուք որ գնում եք մեկի տուն ու նվեր եք տանում, ձեզ դուր կգա՞, որ նա սկսի քննարկել՝ թանկ է, էժան է, իմպորտնի է, տեղական է, ճաշակով է, անճաշակ է…: Կիրթ մարդը կասի՝ վայ, ինչ նեղություն եք քաշել, կարիք չկար… Իսկ մենք, որ էս քաղաքակրթության կրողն ենք, ինչ անուն ասես, որ չտվեցինք ԱՄՆ-ի ու ԵՄ-ի նվերին, այն էլ՝ բարձրաձայն, ի լուր ամենքի: 

Եվ ահա, նստած մտածում եմ՝ այդ ե՞րբ դարձանք այսքան անշնորհակալ: Միակ մխիթարությունս էլ այն է, որ ՀՀ իշխանությունն ու ՔՊ-ական հանրույթն է գոհ Արեւմուտքի այս խոստումից: Դե, իրենք աչքները կուշտ մարդիկ են, պապից-պապ միլիոնատեր են եղել, ու հիմա էլ ձեռքները մոտ 350 հազար դոլար է ընկել… Հին խոսք էլ կա՝ փողը փող է սիրում, ավել թիքան էլ, ինչպես ասում են, փոր չի ծակի: Մի խոսքով՝ ՔՊ-ն գոհ է: Եվ ինչպե՞ս կարող էր գոհ չլինել, մանավանդ, որ այդ փողը Նիկոլն է կպցրել: Կարեւոր չէ՝ ինչպես, կարեւոր չէ՝ ինչու, կարեւոր չէ՝ ինչի դիմաց: Կարեւորը փաստն է՝ տվել են, հա, հենց տվել են, տո հենց Նիկոլի սիրուն աչքերի համար են տվել, բան ունե՞ք ասելու:
Էն Էդմոն Մարուքյանն էլ շատ անաղուհաց մարդ է: Նիկոլը տարավ, պաշտոն տվեց, ռոճիկը կոպեկը կոպեկին վճարեց… Էսօր կանգնել, փոխարենը Նիկոլի գովքն անի, որ Արեւմուտքից փող է կպցրել, Արեւմուտքի գովքն է անում, թե բա՝ էլի խոստումներ կան, 2.6 միլիարդն է հիշել, որ մեզ դեռ տալու են: Բա չասե՞ս՝ տո այ երբեմնի լուսավորիչ, տո այ երբեմնի կլասիկ քաղաքական գործիչ, բա դու իսկի չե՞ս իմացել, որ դատարկ փայտին շուն չի հաչում: Որ ղոչաղ Նիկոլը չլիներ, Ֆոնդերլայնենն ու Բայդենը մեզ փող տվո՞ղ էին: Հասկանալի է, նախկինների ժամանակ էլ էին տալիս, նույնիսկ ավելի շատ ու նաղդ էին տալիս, բայց հո բացահայտ չէի՞ն ասում՝ էս փողը «վեկալ», Նիկոլ, դու արժանի ես, Արցախը լավ տվիր, մի հատ էլ ռուսներին Հայաստանից հանիր՝ ավելի շատ կտանք: Հասկանալի է, Նիկոլն էդ նյուանսները չի ջոկում, իսկ դո՞ւ, Էդմոն, դո՞ւ էլ չես ջոկում, որ Արեւմուտքը փորձում է այդ գումարը որպես խայծ ամրացնել Հայաստանի համար լարված թակարդին: Մի՛թե Ֆոնդերլայնենի ժպիտը քեզ էլ գերեց, ով դասական:

Բայց գանք մեր ժողովրդին ու տեսնենք, թե ինչ ապրեց նա՝ լսելով Արեւմուտքի սույն առատաձեռնության մասին: Ժողովուրդը նման դեպքերում աչքերը հաշվիչների նման ֆռռացնում է ու իսկույն հաշվում՝ որ իրեն մարդա 100 եվրո եւ 24 դոլար են տվել, այն էլ՝ նիսյա: Այսինքն՝ ինքը չի կարող գնալ բանկ եւ կանխիկացնել այդ փողը: Ժողովրդի հիասթափությունը հենց այստեղից է սկսվում: Խոստումներից մեր ժողովուրդը կուշտ է: Մեկն էլ Նիկոլը չէ՞ր խոստումներ տվողը, թե բա՝ նախկինների թալանածը հետ բերեմ, բաժանեմ պողոսներին: Առը հա, թե մի Պողոս մինչ օրս գնացել է բանկ ու իրենից թալանվածը հետ ստացել: Ու մեր ժողովուրդը, երկար սպասելուց հոգնած, Նիկոլի անունը դրեց «գյոլումը տռան», այսինքն՝ ջրափոսում փոթորիկ անող: Մինչեւ Բրյուսել գնալն էլ մի լավ փոթորիկ արեց: Ինչ արժեին միայն Նիկոլի եւ Աննայի՝ Բրյուսել իջնելու օրը Երեւանում կազմակերպված խորհրդարանական լսումները: Գիտեինք, որ Եվրոպան ու ԱՄՆ-ն փող էին տալու, բայց արժե՞ր հայտարարել, որ այդ փողը մեզ տալու են Ռուսաստանին այս տարածաշրջանից, մեղմ ասած, հեռացնելու համար: Երեւի իրենց խելքով ուզում էին թանկացնել Նիկոլին, որ Արեւմուտքն ավելին տա: Բայց Արեւմուտքն իր հաճախորդներին շատ լավ է ճանաչում ու գիտի նրանց իսկական արժեքը: Արեւմուտքին մորթես էլ՝ մի զրո անգամ չի ավելացնի սրանց գնին: Ավելին ասեմ՝ Արեւմուտքը սրանց ճանաչում է անգամ ազգանուններից: Ռուսաստանում էլ սրանցից մեկը կար, որ վերջերս սմբակները տնկեց բանտում: Ազգանունը Նավալնի չէ՞ր: Հայերի մեջ էլ կա այդպիսի ազգանուն՝ Նավալյան: Իսկ գիտե՞ք ինչ ասել է նավալ: Ապուշ՝ ոչ ավել, ոչ պակաս: Էն Նավալնու կնոջը տարան, ֆռռացրին, սիրտն առան ու մոռացան: Նույնկերպ էլ մեր Խզմալյան Տիգրանի հետ են վարվելու: Ես այդպես եմ ենթադրում, որովհետեւ սրա ազգանվան մեջ էլ «խզմալ» բառը կա, որ նշանակում է՝ անզուսպ, սեփական մալի համար ոչնչի առաջ կանգ չառնող: Ու պատահական չէր, որ Արեւմուտքը հենց պարոն Խզմալյանին էր դրդել ԱԺ լսումների ժամանակ ամբիոնից հայտարարել՝ Հայաստանը Եվրոպա է, եւ վերջ: Ես մի անուղեղի էլ եմ ճանաչում, որ ժամանակին այսպիսի կտրուկ հայտարարություն արեց ու մեզ գցեց ք..ի մեջ: Ես Խզմալյան Տիգրանին Նավալնու ճակատագիրը չէի ցանկանա, բայց, ցավոք, դա իմ ցանկանալով-չցանկանալով չէ: Ով նրան բուծել է, նա էլ «կսպանի»՝ ինչպես եւ կամենա:

ՀԳ. Այս ողջ պատմության մեջ, այնուամենայնիվ, երկու լուսավոր կետ կա: Մեկն իմ լավ բարեկամ եւ գործընկեր Արմեն Հակոբյանի գրառումն է այն մասին, որ խայտառակ դավաճանությունը քննարկելու փոխարեն փողի չափն ենք քննարկում: Մեկ էլ ուրախ եմ, որ Հրանտ Բագրատյանը հերթական անգամ ապացուցեց, որ մեր մեջ ամենալավ թվաբանություն իմացողն ինքն է: 4 տարվա կտրվածքով բրյուսելյան միլիոնների մասին տեղեկությունը դեռ նոր էր հասել Հայաստան, որ նա կոպեկների ճշտությամբ հաշվեց, թե մեկ տարում քանի միլիարդ է գալիս Հայաստան Ռուսաստանից:

ՀԳ1․ Ինձ մնաց հարցնել՝ բա էլ ինչի՞ համար էր այս էշի հարսանիքը: