Հայոց աշխարհի արբանյակն այլևս չկա․․․

Հայոց աշխարհի արբանյակն այլևս չկա․․․

Մի փոքր հայահողակտոր է մնացել, ու մենք մե՜ծ- մե՜ծ բաներից ենք խոսում։ Ու այդ մեծ – մեծ բաները՝ սկսած տիեզերք խոյանալուց, արբանյակ արձակելուց ու այլ նվաճումներից մի տեսակ խեղջ ու վերջացող մարդու վերջին դեգերումներն են։ Մեր տիեզերքը, մեր արբանյակը Արցախն էր, Հայաստանի արբանյակը զարնվել է քարին ու ջարդուխուրդ եղել, Հայաստանի արբանյակն այն իրողությունն է, որի մեջ գտնվում ենք։ Արցախը հանձնվել է։ Հայոց աշխարհի արբանյակը այլևս չկա։ Արցախի կորուստը Հայաստանի կորուստն է․ դա ես չեմ ասում, մեր Մեծերն են ասել։ Դա հոսող ջրի պես անընդհատ իր հոսքով հիշեցնելու է, որ Հայաստանն առանց Արցախ երկար դիմակայել չի կարող։ Արցախը Հայաստանի կողերն էր, որն իր վրա էր վերցնում խոցող բոլոր հարվածները։ Հիմա թշնամին Հայաստանի  կողերն է խոցում, հիմա վտանգի մեջ է Հայաստանը, ու մենք հայկական արբանյակից ենք խոսում։ Մենք խոսում ենք ամեն ինչից, բացի Արցախից։ Այդպես է ուզում թշնամին,  մերը համարվող ու պատատուկի նման մեր վիզը խեղդող  իշխանությունը։ Մենք ցավից փախուստ ենք տալիս, իսկ ցավը, ինչքան էլ ուզենք, մեզ բաց չի թողնելու։

Տնքում է հայոց հողը։ Հողն անգամ հագեցել է արյունից ու մեզ թվում է, թե թշնամին էլ է հագեցել արյունից։ Մեր արյունից։ Քանի՜ հազար անգամ ենք խաբվել, որ թշնամին բավարարված կլինի նախկին կլլումներով, բավարարված կլինի Արցախի կլլումով, մեր արյունով ու մնացինք խաբված։ Այսօր պարտված, ծեծված, ջարդված, կեսը կորցրած մի պետություն՝ Հայաստան անունով, կանգնած է Անդրկովկասից ի չիք լինելու վտանգի առաջ։

Հայաստանի իշխանությունը  արբանյակից է խոսում։ Մեր արբանյակը վաղուց մեր ձեռքից թռել է, ու դա դեռ Հայաստանը  չի պատկերացնում։ Տաք է, ցավը չի զգում։ Անցնող յուրաքանչյուր օր ավելի է խորացնում մեր պարտությունը, ցավը։ Բայց հրահանգել են՝ ցավից չգոռալ, ցավի մասին չխոսել, ատամները բերանում արյունոտվելու աստիճանի սեղմել ու լռել։ Սեղմել ու գնալ խաղաղության հորինված խաչմերուկ։ Իշխանությունը, որ ներկայանում է որպես պետություն, հայ ժողովրդին տանում է կործանման վերջին հանգրվանը։

Հայ մարդը, որը հայրենիքի համար զոհողության է պատրաստ եղել, այսօր զիջելու, հանձնվելու է պատրաստ, որովհետև այս իշխանությունը համոզմունք է ձևավորել, որ հերոսները զոհվել են հանուն ոչնչի․․․ Պատմության մեջ բազում դեպքեր կան, երբ ոչնչացվող ազգը՝ իր գոյությունը պահելու համար քնել է հրացաններով՝ ամեն րոպե պատրաստ թշնամու գրոհի։ Մեր իշխանությունը հավաքեց զենքերը, մեր իշխանությունը զինաթափեց սահմանամերձ գյուղում ապրողին, որպեսզի չկարողանա իր ընտանիքը, հայրենքը պաշտպանի։ Հիմա մենք բաց երախի առաջ՝ անզեն կանգնած խաղաղության խաչմերուկ ենք գնում։ Ո՞ր ուժեղը թույլին չի խժռի։ Դա էլ այն դեպքում, երբ ձեռքերը պարզած հանձնվի։ 

Մենք մահապարտներ ենք ունեցել, որոնք իրենց տան, հողի համար կռիվ են տվել՝ աչքի լույսի պես պահել իրենց հողը։ Այսօր մոխրի տակ կան այդ կրակները։ Պարզապես մոխիրը խառնել է պետք, որ նրանք առկայծեն։ Մոխիրների միջից են մեր կրակները պեծին-պեծին տվել։